Մակրոնը Ուկրաինայի հարցով Պուտինի հետ երկխոսությունն անվանել է բովանդակալից և հագեցած
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվայում այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկխոսությունն անվանել է բովանդակալից և հագեցած։ Նման գրառում Մակրոնն արել է ֆեյսբուքյան իր էջում։
«Անհրաժեշտ է միասին աշխատել, որպեսզի պահպանվի կայունություն, խաղաղություն, և գործի դրվեն վստահության մեխանիզմները։ Մենք դրանում վստահ ենք»,- ընդգծել է Մակրոնն իր հայտարարության մեջ եւ հավելել, որ ոչ Ռուսաստանը, ոչ եվրոպացիները շահ չունեն անկայունության ու անկարգությունների մեջ։
Մակրոնը հավատում է Եվրոպայի միասնությանը, «որին պետք է գնալ միասին»։ Անդրադառնալով Ուկրաինայում առկա իրավիճակին՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է առաջ շարժվել Մինսկի համաձայնությունների իրագործման ուղղությամբ և լայն երկխոսություն ծավալել, որը հնարավորություն կտա ընդհանուր երաշխիքներ ստեղծել։
«Մեր նպատակը բոլորի անվտանգությունն է»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։ Մակրոնի խոսքով՝ եվրոպական մայրցամաքում լարվածության թուլացմանն ու անվտանգության երաշխիքներին կարելի է հասնել միայն երկխոսության ճանապարհով։ «Չկա խելամիտ որոշումների համար որևէ այլ ճանապարհ, քան երկխոսությունը։ Պետք է գնալ այդ ճանապարհով, որպեսզի վերականգնվի լարվածության թուլացման գործընթացը, եւ անվտանգության երաշխիքներ ստանանք մեր Եվրոպայի սահմաններին»,- գրել է Մակրոնը։
Ֆրանսիան, ինչպես կարծում է Մակրոնը, ակնկալում է ոչ միայն երկկողմ երկխոսություն, այլև՝ «նորմանդական ձևաչափով» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա), ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի շրջանակներում։
Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի ուղիներ որոնել՝ իրավիճակի լարվածության թուլացման համար։ Այդ նպատակով նա զրուցել է նաեւ Գերմանիայի կանցել Շուլցի եւ նախագահ Դուդայի հետ, պատրաստվում է խոսել նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Հիշեցնենք, որ այս շաբաթ Ֆրանսիայի առաջնորդը Մոսկվայում և Կիևում բանակցություններ էր վարել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինի հետ հանդիպումը տևել էր շուրջ 6 ժամ։ Մակրոնը նշել էր, որ Պուտինի հետ քննարկել են իրավիճակի լարման թուլացման և շփման որոշ կոնկրետ տեսակետներ: Թե ինչ տեսակետների ու միջոցների մասին է խոսքը, Ֆրանսիայի նախագահը չէր մանրամասնել և միայն նշել, որ այդ առաջարկների ճակատագիրը, հավանաբար, կորոշվի առաջիկա ժամանակահատվածում։ «Հաջորդ մի քանի օրերը կլինեն որոշիչ և կպահանջեն ինտենսիվ քննարկումներ, որոնք մենք միասին կանցկացնենք»,- հայտարարել էր Էմանուել Մակրոնը։
Ռուսաստանի առաջնորդը ևս չէր մանրամասնել, թե կոնկրետ ինչ հարցերի մասին է խոսքը, սակայն Մակրոնի որոշ առաջարկներ նա համարել էր հեռանկարային։ «Նրա մի շարք գաղափարներ, առաջարկություններ, հավանաբար, որոնց մասին դեռ շուտ է խոսելը, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ լրիվ հնարավոր են, որպեսզի դրվեն մեր հետագա համատեղ քայլերի հիմքում»,- հայտարարել էր Պուտինը։
Կիևում էլ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը կայացել էր Մարինյան պալատում։ Հանդիպումից հետո պարզ էր դարձել, որ Ուկրաինայի ու Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են այդ երկրի սահմանին առկա լարված իրավիճակն ու ռուսական զորքերի զորավարժությունները։ Բացի այդ, Ֆրանսիան մեծ ծավալի օգնություն կտրամադրի Կիևին։
Մինչ Մակրոն-Զելենսկի հանդիպումը, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը հետաքրքրությամբ սպասում է այն ազդակներին, որոնք Մակրոնը բերել է Մոսկվայից՝ Պուտինի հետ բանակցություններից հետ։
Արևմտյան քաղաքական գործիչները և ԶԼՄ-ները մի քանի ամիս հայտնում են Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի տեղակայման մասին, որը, նրանց կարծիքով, կարող է վկայել ներխուժման նախապատրաստության մասին։ Նախօրեին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ։
Կրեմլը պնդում է, որ նման մտադրություն չունի։ Այդուհանդերձ, Մոսկվան Արևմուտքից պահանջում է, որ իրեն տրամադրվեն «անվտանգության երաշխիքներ»։
Լուսանկարը՝ Ելիսեյան պալատի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել