
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 80 հազար դրամ
«Հայաստան» խմբակցությունը երկրորդ անգամ Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «Նվազագույն աշխատավարձի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 80 հազար դրամ։
Նշենք, որ օրենքում վերջին փոփոխությունն արվել է 2019 թվականին, և նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձել է 68 հազար դրամ:
Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը։
Մասնավորապես՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամի փոխարեն 478 դրամ։
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամի փոխարեն 534 դրամ։
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամի փոխարեն 800 դրամ:
Հեղինակը նշում է, որ ներկայումս առկա նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական բոլոր խնդիրները։
«Այն շատ դեպքերում համարժեք չէ աշխատողի կողմից ներդրված ջանքերին։ Հարկ է նշել, որ ներկայիս նվազագույն աշխատավարձի չափը չի համապատասխանում նաև Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին և սպառողական գների ինդեքսի աճին»,- ասված է հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ այս նախագիծը փետրվարի 8-ին արդեն իսկ քննարկվել էր ԱԺ նիստում։ Այդ ժամանակ նախագծի հեղինակն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը սահմանել 100 հազար դրամ։ Նախագիծը դրվել էր քվեարկության` օրակարգ ներառվելու համար և ստացել էր 31 կողմ, 61 դեմ ձայն: Հետևաբար՝ այն չէր չներառվել օրակարգ: Նշենք նաև, որ նախագիծը չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը։
Մեկնաբանել