HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդեն. «Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինայի հարցով ցանկացած սցենարի»

Նախօրեին գրել էինք, որ կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Սպիտակ տունը մանրամասներ է հրապարակել երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի բովանդակությունից։ 

Ինչպես և ակնկալվում էր, քաղաքական գործիչները քննարկել են Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամային իրավիճակը։ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին զգուշացրել է ծանր հետևանքների մասին, որոնք կարող են հաջորդել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում։ Նրա խոսքով՝ դա կհանգեցնի մարդկային զանգվածային տառապանքների և կթուլացնի Ռուսաստանի դիրքորոշումը։ 

«Նախագահ Բայդենը հստակ հասկացնել է տվել, որ եթե Ռուսաստանը ձեռնարկի Ուկրաինա հետագա ներխուժումը, Միացյալ Նահանգները իր դաշնակիցների և գործընկերների հետ միասին վճռականորեն կարձագանքի և Ռուսաստանի նկատմամբ արագ կձեռնարկի լուրջ միջոցներ»,- նշվում է Սպիտակ տան տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Բայդենը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նախընտրում է առաջացած խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն պատրաստ է Ուկրաինայի հարցով ցանկացած սցենարի։ 

Կրեմլի պաշտոնական կայքում դեռևս որևէ հաղորդագրություն չկա երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի վերաբերյալ։ Սակայն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատմել է, որ բանակցությունները եղել են «բալանսավորված և գործնական»։ «Բայդենը, Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակի համատեքստում, սպասելիորեն հիշեցրել է հնարավոր հակառուսական պատժամիջոցների մասին, բայց այդ հարցի վրա չէ շեշտադրումը դրվել Ռուսաստանի առաջնորդի հետ բավականին երկար զրույցի ժամանակ»,- նշել է Ուշակովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կդիտարկի Բայդենի կողմից հնչեցված նկատառումները։  

Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինը խոսել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Արդյունքում, Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել էր, որ չի տեսնում Ռուսաստանի կողմից ագրեսիային նախապատրաստվելու նշաններ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կայացել էր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Պաշտպանված կապով նախագահ Բայդենի զրույցը նախագահ Պուտինի հետ ավարտվել է ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 12:06-ին»,- CNN-ի փոխանցմամբ շաբաթ օրը Սպիտակ տնից հայտնել էին լրագրողներին։

Հիշեցնենք, որ նախօրեին գերմանական Der Spiegel-ը, հղում անելով բարձրաստիճան իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ առաջիկա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 16-ին Ռուսաստանն արդեն կարող է սկսել իր ներխուժումն Ուկրաինա։

Նախագահ Ջո Բայդենի օգնականները պաշտոնապես չէին հաստատել այս տեղեկատվությունը, բայց և չէին բացառել հավանականությունը, որ «ներխուժումը կարող է սկսվել մինչև Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտը՝ փետրվարի 20-ը»։ 

Մեկ օրվա ընթացքում առնվազն 17 երկիր իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան, ինչը պայմանավորված է այդ երկիր Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ։ Հայտարարությունները տարածվել են Սպիտակ տան այն հայտարարությունից հետո, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող ներխուժումը սկսել ցանկացած ժամանակ։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հավանական ամսաթիվ է նշում փետրվարի 16-ը։ 

Լուսանկարները՝ AP Photo/Patrick Semansky; Alexei Nikolsky, Sputnik, Kremlin Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter