HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Դուք գնացե՛ք, մենք մեր տանն ենք մնում»․ Դավիթ և Նինա Դավթյանների պատմությունը

Այս լուսանկարները պետք է տպվեին ամուսիններ Դավիթ և Նինա Դավթյանների նոր անձնագրերում։ Նրանց նախկին անձնագրերի վավերականության ժամկետը լրացել էր, և որպեսզի լուսանկարվելու համար Վարդաշատից Հադրութ չհասնեին, նրանց թոռն էր եկել և լուսանկարել տատին ու պապին, այնուհետև նկարները տարել անձնագրային բաժին։ Սակայն Դավիթ և Նինա Դավթյաններն այդպես էլ չհասցրին նոր անձնագրեր ունենալ, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց իսկ տան մեջ սպանվեցին գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների կողմից։

davit_davtyan.jpg (823 KB) nina_davtyan.JPG (250 KB)

Դավիթ Դավթյանը 86 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Նինա Դավթյանը՝ 82։ Նրանք ամբողջ կյանքում ապրել են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում։ Հադրութից մոտ 3․5 կմ հեռավորության վրա գտնվող փոքր գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 10-ին։ 

Ամուսիններն ունեցել են չորս զավակ՝ երեք դուստր, որոնք ապրել են Հադրութ քաղաքում և մեկ որդի, որն ապրում է Ռուսաստանի Գելենջիկ քաղաքում։ Նրանց ավագ դուստրը՝ Գալյա Բաբայանը, պատմում է, որ վերջին անգամ ծնողների հետ խոսել է սեպտեմբերի 30-ին, հորդորել է ծնողներին հրետակոծություններից պաշտպանվելու համար թաքնվել տան նկուղում։ Այնուհետև, նրա քույրերն են կապի մեջ եղել ծնողների հետ։ Հոկտեմբերի 5-ին նրանց մյուս դստեր ամուսինը գնացել է Վարդաշատ, որպեսզի գյուղից դուրս հանի նրանց, սակայն ամուսիններն ասել են՝ դուք գնացե՛ք, մատաղ, մենք մեր տանն ենք մնում։

«Իրանք չեն պատկերացրել, որ թուրքերը կարան գյուղ մտնեն։ Մենք էլ չենք պատկերացրել։ Հադրութից խալաթով ու դամաշնիկներով ենք դուրս եկել, ոչ մի բան չենք վերցրել, որովհետև գիտեինք, որ հետ ենք գալու։ Ով կմտածեր, որ թուրքը կգա, կհասնի Հադրութ»,- պատմում է Գալյա Բաբայանը։

Դավիթ և Նինա Դավթյաններին վերջինը տեսել է Վարդաշատի համայնքապետ Ռուսլան Սողոմոնյանը՝ հոկտեմբերի 8-ին։ Նա պատմում է, որ պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր տեսել է տարեց ամուսիններին, համոզել, որ նստեն մեքենան և դուրս գան գյուղից, սակայն նրանք կտրականապես հրաժարվել են։

«Դավթյաններին համարյա ամեն օր տեսնում էի, հաց էի տանում, շաքարավազ էի տանում, ինչ որ կար տանում էի, դե տնից դուրս չէին գալիս։ Երբ գնացել եմ, ասել եմ՝ ավտո կա, եկե՛ք, նստե՛ք, գնացե՛ք ապահով տեղ, մինչև տեսնենք էս կրակոցներն ինչ ա լինում։ Ասում էին՝ չէ՛, մեր տնից ու՞ր գնանք, որ գնանք, կգան մեր տունը կթալանեն։ Ասում էի՝ ես գյուղում եմ հլը, կնայեմ ձեր տունը, մենակ դուք դու՛րս եկեք։ Ամսի 8-ին վերջին անգամ գնացի, ասեցի՝ դուրս եկեք, էլի, վիճակը լավ չի, տան վրա մի սնարյադ կընկնի։ Բայց դուրս չեկան տենց էլ։ Ամսի 9-ին Հադրութ էի իջել, 10-ին էլ դե արդեն թուրքերը մտել էին»,- հիշում է Ռուսլան Սողոմոնյանը։

Հոկտեմբերի 10-ից հետո Դավթյանների զավակները դիմել են տարբեր կառույցների՝ ծնողներից լուր իմանալու համար, մտածել են՝ գուցե, վերջիվերջո, այլ գյուղացիների հետ դուրս եկած լինեն, սակայն այդպես չի եղել։ Նինա Դավթյանի աճյունը հայտնաբերվել է 2020թ․ դեկտեմբերի 19-ին՝ Վարդաշատի իրենց տանը։

Եվ քանի որ Դավթյանների տնից միայն կնոջ աճյունն էր հայտնաբերվել, զավակները հույս են ունեցել, որ հայրը գոնե գերեվարված կլինի։ Դիմել են Կարմիր խաչին, որոշ ժամանակ սպասել են, սակայն գերության մասին տեղեկությունն այդպես էլ չի հաստատվել։ 2021թ․ հունվարի 11-ին Դավիթ Դավթյանի աճյունը հայտնաբերվել է Վարդաշատի իրենց տան բոստանից։

«Փրկարարներին ու խաղաղապահներին հետո ասել ենք, որ եթե նորից գյուղ գնան, թող իրենց տան բանջարանոցում նայեն, էն անգամ չեն նայել, մի քիչ տնից հեռու ա։ Քրոջս տղան թուրքերի ու խաղաղապահների հետ գնացել ա, ասել ա՝ իրանք բանջարանոցի տեղը չեն իմանալու, գնամ ես ցույց տամ։ Սկզբից չեն թողել, ասել են՝ մենակ տան տարածքում կարան նայեն։ Բայց քրոջս տղան թուրքերի հետ գնացել ա բանջարանոց, գտել ա պապային սպանված»,- պատմում է Դավթյանների ավագ դուստրը՝ Գալյա Բաբայանը։

Գալյա Բաբայանը մինչև պատերազմը ամեն շաբաթ-կիրակի եկել է ծնողների տուն, տան համար անհրաժեշտ ապրանք է բերել, ճաշ է եփել ծնողների համար, արդեն երկուշաբթի ծնողների տնից գնացել է Հադրութ աշխատանքի։

Դավիթ Դավթյանը փայտագործ է եղել, դստեր խոսքով՝ փայտից ամեն ինչ կարողացել է սարքել, միևնույն ժամանակ նաև օգնել է համագյուղացիներին։ Ամբողջ նկուղը փայտից պատրաստի իրեր է ունեցել, երբ անհրաժեշտ է եղել, գյուղացիներին է տվել օգտագործելու համար։ Չնայած պատկառելի տարիքին՝ Դավիթ Դավթյանն առույգ մարդ է եղել։ Մեծ հողամաս են ունեցել, այնտեղ խնձոր, տանձ, լոլիկ, վարունգ և այլ պտուղ-բանջարեղեն է աճեցրել, նույնիսկ կարողացել է գնալ անտառ և փայտ բերել տունը տաքացնելու համար։

«Մենք որ փոքր էինք, թառ էր նվագում։ Գյուղի դպրոցում որ մի միջոցառում էր լինում, իրեն միշտ կանչում էին, ասում էին՝ Դավի՛թ, նվագի՛, որ երեխաները հանդես անեն։ Մեծ ուրախությամբ գնում նվագում էր։ Էդ երբեք չեմ մոռանա»,- պատմում է դուստրը։

Մոր մասին խոսելիս Գալյա Բաբայանն առաջին հերթին նշում է, որ նա անսահման բարի և հյուրընկալ կին էր։ Իրենց աճեցրած բերքը միշտ կիսել են գյուղացիների հետ, օգնել են միմյանց, ինչով կարողացել են։ 

Դավիթ և Նինա Դավթյանների աճյունները նրանց որդին տեղափոխել է Գելենջիկ և այնտեղ հուղարկավորել։

«Հետքը» շարունակելու է ներկայացնել 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից սպանված քաղաքացիական անձանց պատմությունները։

Կարդացե՛ք նաև՝


Իլյուստրացիան՝ Շուշան Գևորգյանի

Մեկնաբանություններ (1)

Sako
Heart breaking. Extremely sad and painful to read. Unfortunately current Armenia leaders are good for nothing and busy eating kabob.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter