HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՊՀ-ում քննարկում են ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը

ԱՊՀ երկրները քննարկում են կազմակերպության ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։ 

«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստի ժամանակ փակ ռեժիմով կքննարկվի նաև ԱՊՀ-ն՝ որպես միջազգային կազմակերպության ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը»,- անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստից հետո լրագրողներին հայտնել է Անֆիմովը։

Նա այլ մանրամասներ չի հայտնել։ 

Հիշեցնենք, որ նախորդ տարի քննարկվում էր նաև Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամի կամ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հնարավորությունը։ Դեռ 2021 թվականի մայիս ամսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները պետք է մշտապես բաց լինեն բոլոր պետությունների համար, այդ թվում՝ Ադրբեջանի։ Ռուս դիվանագետն ընդգծել էր, որ կա մի գործոն, որը կարող է խանգարել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը։ Կառույցի կանոնադրության մի քանի կետերով նախատեսվում է, որ անդամակցող երկիրը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա մասնակից երկրների հետ։ Իսկ Երևանն ու Բաքուն այդպիսի հարաբերություններ չունեն։ «Երբ դրանք կհաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ, դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը կդրվի գործնական մակարդակի վրա»,- ընդգծել էր Ռուդենկոն։

Նույն տարվա օգոստոսին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը հայտարարել էր, որ Ադրբեջանը դեռևս չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ «Կարող եմ միանգամից նշել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից որդեգրվել է թափանցիկության բարձրացման քաղաքականություն, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում, ինչպես նաև կազմակերպության արտաքին կապերի ընդլայնում։ Ընդունվել են փաստաթղթեր, որոնք նախատեսում են շահագրգիռ տարբեր երկրների, գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակով, միանալ ՀԱՊԿ գործունեությանը։ Ինչպես հայտնի է, այդպիսի որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Ադրբեջանի կողմից նման հայտ դեռևս չի ներկայացվել»,- նշել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Հետք»-ի հարցմանն էլ ի պատասխան ՀՀ ԱԺ-ից ևս հայտնել էին, որ Ադրբեջանը չի կարող դառնալ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ երկիր, քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ։ 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, իսկ Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկիր է։

Լուսանկարը՝ РИА Новости / Пресс-служба МИД РФ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter