
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է զորավարժություններից զորքերի մի մասի վերադարձի մասին. Ուկրաինան ողջունել է դա
Փետրվարի 15-ին Արևմտյան և Հարավային զինվորական օկրուգների ստորաբաժանումները զորավարժությունների շրջանակներում իրականացրել են իրենց առաջադրանքն ու պատրաստվում են վերադառնալ զինվորական կայազորներ։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։
«Խնդիրները կատարած ստորաբաժանումներն արդեն ձեռնամուխ են եղել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի վրա բեռնմանը ու այսօր կսկսեն շարժը դեպի իրենց զինվորական կայազորներ: Առանձին ստորաբաժանումներ ինքնուրույն երթեր կկատարեն զինվորական շարասյուների կազմում»,- հայտարարել է Կոնաշենկովը։
Վերջինս նշել է, որ ռուսական զինված ուժերը շարունակում են զորավարժությունները, որոնց մասնակցում են «զինվորական բոլոր օկրուգները, նավատորմերը և օդադեսանտային ուժերը»։ Մասնավորապես, Արևելյան զինվորական օկրուգի ուժերը և օդադեսանտային զորքերը մասնակցում են ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններին, որոնք կավարտվեն փետրվարի 20-ին։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ողջունել է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը, սակայն հավելել, որ երկու երկրի սահմանին առկա լարվածությունը շարունակում է պահպանվել։
Կիևի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից դեռևս հնարավոր է եղել խուսափել, իսկ Ուկրաինայի իշխանությունները կհավատան ապասրմանը միայն այն ժամանակ, երբ կտեսնեն ռուսական զորքերի իրական հետքաշում։
Փետրվարի 14-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, որ զորավարժությունների մի մասը, որն իրականացնում է Ռուսաստանը, «մոտենում է ավարտին, մի մասն էլ կավարտվի առաջիկայում»։
Հարավային զինվորական օկրուգի զորավարժություններն ընթանում էին Վոլգոգրադի մարզի, Ստավրոպոլի երկրամասի, Ադիգեայի, Չեչնիայի, Դաղստանի, Կարաչայ-Չերքեզիայի, Հյուսիսային Օսիայի և Ինգուշեթիայի 15 զորամիավորումներում։ Պարզ չէ, թե որտեղ են ընթանում Արևմտյան զինվորական օկրուգի զորավարժությունները։ Փետրվարի սկզբին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Վորոնեժի մարզում ընթացող զորավարժություններին կներգրավվեն նաև ավիացիան և ՀՕՊ միջոցները։
2021 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայողների՝ դա պայմանավորելով ռազմական զորավարժություններով։ Արևմտյան երկրների առաջնորդները մտահոգություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի։
Կրեմլը հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրությունները և Արևմուտքին մեղադրում այդ երկրին զինելու ու ռուսական սահմանին զորավարժություններ անելու մեջ։ Հունվարին տեղի ունեցած երկկողմ բանակցություններն ապարդյուն են անցել։ Արևմտյան գերտերությունները Ռուսաստանին կոչ են անում Ուկրաինայի հետ սահմանից հեռացնել զորքերը և սպառնում կոշտ պատժամիջոցներով։
Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել