HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին

Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ ռազմագերիների, որոնց օդանավակայանում դիմավորում էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Հայրենադարձված գերիների մի մասը գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների, իսկ մյուսները՝ Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։

Մի քանի լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էին, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։ 

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ «2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պատասխանի մեջ։ 

Ստացվում է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված դեռևս առնվազն մեկ զինծառայող գտնվում է Ադրբեջանում գերության մեջ։ 

Ազգային անվտանգության ծառայությունից նաև նշում են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում, ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում, տեղի էին ունենում մարտական գործողություններ, որի ընթացքում կողմերը կիրառում էին զրահատեխնիկա և հրետանի։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ։ Այդուհանդերձ, նույն նոյեմբերի 16-ի երեկոյան կողմերը դադարեցրել էին կրակը, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց ունեցավ կողմերի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի հետ։

Նույն օրն ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ դիմելու է Ռուսաստանին օգնության համար։ «Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- նշել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և հնարավորություն կլինի վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն մինչ այս պահը ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և որևէ քայլ չի ձեռնարկվել նրանց դուրս բերելու ուղղությամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter