
Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանից և ԱՄՆ-ից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ է պահանջում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «РБК-Украина»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը գտնվում է ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ուկրաինան անվտանգության երաշխիքներ պետք է ստանա Ռուսաստանից և ԱՄՆ-ից, որը չի կարող զիջել ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող երաշխիքներին։
«Մենք ասում ենք, որ Դաշինքին անդամակցելու ճանապարհին ենք։ ՆԱՏՕ-ն, ըստ էության, այսօր գոյություն ունեցող անվտանգության միակ միությունն է, որին Ուկրաինան կարող է միանալ։ Մեզ համար այնտեղ կա բաց դռների դիրքորոշում։ Սակայն այդ ճանապարհը մեծ տարածություն ունի. տարիներ և ամիսներ, հատկապես, եթե լինի էսկալացիա»,- նշել է Զելենսկին։
Վերջինիս խոսքով՝ անհրաժեշտ է ընդունել «գլոբալ փաստաթուղթ», որը կստորագրեն նաև ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ «Նորմանդական ձևաչափից մենք չենք հեռանում և ոչ մեկ չի առանձնանում։ Աշխարհի հզոր երկրները, ներառյալ Նահանգներն ու Ռուսաստանը, կնստեն և կստորագրեն, որ կա ահա այդպիսի ճանապարհ։ Բայց այնտեղ պետք է լինի մեր պետության անվտանգության վերաբերյալ երեք-չորս-հինգ կետ։ Ահա դա արդեն խոսակցության թեմա է»,- հավելել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է ուկրաինական բանակի և էներգետիկ անվտանգության ֆինանսավորման մասին՝ որպես անվտանգության երաշխիքների օրինակներ։ Նա ընդգծել է, որ Ուկրաինային իր տարածքում պետք չեն «օտար դրոշներով զինված մարդիկ»։ «Մենք չենք ցանկանում ՌԴ-ին լրացուցիչ առիթ տալ խոսելու այն մասին, որ այստեղ մենք բազաներ ունենք և դրանք անհրաժեշտ են մեզ պաշտպանելու համար»,- նշել է Զելենսկին։
2021 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայողների՝ դա պայմանավորելով ռազմական զորավարժություններով։ Արևմտյան երկրների առաջնորդները մտահոգություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի։
Կրեմլը հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրությունները և Արևմուտքին մեղադրում այդ երկրին զինելու ու ռուսական սահմանին զորավարժություններ անելու մեջ։ Հունվարին տեղի ունեցած երկկողմ բանակցություններն ապարդյուն են անցել։ Արևմտյան գերտերությունները Ռուսաստանին կոչ են անում Ուկրաինայի հետ սահմանից հեռացնել զորքերը և սպառնում կոշտ պատժամիջոցներով։
Լուսանկարը՝ Mykola Lazarenko-ի
Մեկնաբանել