HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն ու Վրաստանը կքննարկեն «3+3» ձևաչափը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը լրագրողներին հայտարարել է, որ մարտ ամսին Պրահայում մտադիր է հանդիպել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին և քննարկել Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափը։ Կարասինը ՄԱԿ-ում մասնակցում էր խորհրդարանական լսումներին։

«Մենք նախատեսում ենք այդպիսի շփում։ Դա կապված է համավարակով պայմանավորված իրավիճակից։ Մենք հանդիպել ենք Պրահայում։ Եթե լինի նորմալ իրավիճակ, ապա<...> սկզբունքորեն պլաններ կան մարտի երկրորդ կեսի համար»,- նշել է Կարասինը։

Նա նշել է, որ Աբաշիձեի հետ զրուցում է ամեն շաբաթ։ «Անհրաժեշտ է հավաքել ոչ մեծ թիմ, գալ և լրջորեն խոսել հեռանկարների մասին։ Կան շատ հարցեր. երկկողմ, «3+3» ձևաչափը և տարածաշրջանային քաղաքականությունը»,- նշել է նա։ 

Կարասինի խոսքով՝ հիմնականում դրանք երկկողմ շփումներ են։ «Գոյություն ունեն ավիաթռիչքների, քաղաքացիների ճամփորդության, վիզաների վերականգնման խնդիրներ։ Հասունացել է թեմաների մի ամբողջ շարք»,- եզրափակել է Կարասինը։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։ Հայաստանը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ 

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու էր Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Իլյուստրացիան՝ Regnum գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter