HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կայացել է Դոնբասի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստը

Մոտ մեկ ժամ առաջ Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում ավարտվել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստը, որը գումարվել էր Ուկրաինայի պահանջով։ Նիստն անցել է ծայրահեղ լարված մթնոլորտում։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Դոնբասում անջատողական վարչակարգերի կողմից վերահսկվող տարածքների անկախության ճանաչումը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Դիկարլոյի խոսքով` «լայնամասշտաբ հակամարտության ռիսկն իրական է, և դա պետք է ցանկացած գնով կանխարգելել»։ Նրա պնդմամբ՝ այդ ուշ ժամին ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմնի նիստի անցկացումը արտացոլում է Մոսկվայի գործողությունների ողջ լրջությունը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է կենտրոնանան ռազմական գործողությունների դադարեցման վրա։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Պուտինի տեսաուղերձը, որտեղ նա հայտարարեց ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման մասին, իրենից ներկայացնում է «աղաղակող, կեղծ հայտարարությունների շարք», որոնք ուղղված են «պատերազմի առիթ ստեղծելու համար»։ «Նա իրենց խաղաղապահներ է անվանում։ Դա անհեթեթություն է։ Մենք գիտենք, թե ովքեր են նրանք իրականում»,- ասել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ ի նկատի ունենալով Դոնաս ռուսական զորքեր մտցնելու վերաբերյալ Պուտինի որոշումը։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Պուտինը «պատառոտել է Մինսկի համաձայնագիրը», իսկ Մոսկվայի ներկայիս գործողությունները «վստահաբար հանդիսանում են հիմք նրա համար, որ փորձի ստեղծել Ուկրաինա ներխուժման հետագա առիթ»։

Զուգահեռաբար, ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան ընդգծել է, որ «Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները եղել են և կլինեն անփոփոխ, անկախ Ռուսաստանի Դաշնության ցանկացած հայտարարությունից ու գործողություններից»։ Կիևը Ռուսաստանի վերջին գործողությունները գնահատում է որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում։ «Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությունը կրում է ընդունված որոշումների արդյունքների ողջ պատասխանատվությունը»,- նշել է ուկրաինացի դիվանագետը։ 

Իր հերթին Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյուն հակամարտության բոլոր կողմերին զսպվածության և երկխոսության կոչ է արել։ Պեկինը հույս ունի, որ կողմերը «կբռնեն կառուցողական դիրքորոշում» և «կկազմեն Մինսկի համաձայնությունների անվերապահ կատարման ճանապարհային քարտեզ ու գրաֆիկ»։ Նա որևէ կերպ չի արտահայտել պաշտոնական Պեկինի տեսակետը Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հանգամանքի վերաբերյալ։

Իր խոսքում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան գործընկերներին կոչ է արել «մտածել, մի կողմ դնել էմոցիաները» և չվատթարացնել իրավիճակը։ Նրա պնդմամբ՝ Մոսկվան նախկինի պես բաց է դիվանագիտական որոշումների համար, սակայն մտադիր չէ Դոնբասում նոր արյունահեղություն թույլ տալ։ 

Նեբեզնյան մեղադրել է ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման դեմ հանդիսացող բոլոր երկրներին՝ Իռլանդիայից մինչև Քենիա, նրանում որ սպառնում են Ռուսաստանին։ «Հիմա կարևոր է կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես խուսափել պատերազմից և Ուկրաինային ստիպել դադարեցնել Դոնեցկի ու Լուգանսկի դեմ գնդակոծություններն ու սադրանքները»,- նշել է նա։ 

Ընդորում,  նա նշել է, որ չի կարծում, թե Մինսկի համաձայնագիրն ամբողջությամբ խարխլվել է, քանի որ Ռուսաստանի կողմից ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը «որևէ կերպ չի փոխում Մինսկի համաձայնագրի կողմերի կազմը»,- ընդգծել է նա։ Նեբեզնյան Կիևին մեղադրել է նաև լեզվական հիմքի վրա ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների նկատմամբ խտրական վերաբերմունքի մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։ Աշխարհի երկրների առաջնորդները դատապարտեցին Պուտինի այդ քայլը, իսկ Բայդենը պատժամիջոցներ սահմանեց այն անձանց նկատմամբ, ներառյալ Միացյալ Նահանգների քաղաքացիների, որոնք Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքում իրականացնում են ներդրումային, ֆինանսական և առևտրային գործողություններ։ 

Ավելի վաղ, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էին ճանաչել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Որպես իրենց խնդրանքի հիմնավորում նրանք նշել էին «խաղաղ բնակչության շրջանում զոհերի անթույլատրելիությունը»։

Փետրվարի 15-ին ՌԴ Պետդուման պաշտոնապես դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ճանաչել Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ Պուտինը ստացել է պատգամավորների դիմումը, «արձագանքել դրան և ընդունել ի գիտություն»։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել էր, որ ճանաչումը կարող է դառնալ Մինսկի պայմանավորվածությունների խախտում, որի «իրագործումը Պուտինի համար ներկայումս առաջնահերթություն է»։

Լուսանկարը՝ Timothy A. Clary | AFP | Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter