Վլադիմիր Զելենսկին հայտարարել է պահեստազորի զորակոչի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռևս անհրաժեշտություն չի տեսնում երկրում համընդհանուր զորահավաք անցկացնելու և հրաման է արձակել պահեստազորի զորակոչման վերաբերյալ։ Այդ մասին նա հայտնել է իր տեսաուղերձում, որը հրապարակվել է Զելենսկու ֆեյսբուքյան էջում։
«Այսօրվա դրությամբ համընդհանուր զորակոչի անհրաժեշտություն չկա։ Մեզ անհրաժեշտ է օպերատիվ կերպով համալրենք ուկրաինական բանակն ու ռազմական մյուս կազմավորումները։ Իմ կողմից, որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, հրաման է արձակվել հատուկ ժամանակահատվածում պահեստազորի զորակոչի վերաբերյալ»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ խոսքը գնում է միայն այն քաղաքացիների մասին, որոնք ներգրավված են օպերատիվ պահեստազորում։
Զելենսկին նաև հայտարարել է «տնտեսական հայրենասիրության» ծրագրի մեկնարկի մասին, որը ենթադրում է տեղական բիզնեսի համար տնտեսական խթանիչների և հարկային ծանրաբեռնվածության կրճատման ներդրում։ Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի քաղաքական գործիչներին կոչ էր արել «թողնել ամբիցիաները» և միավորվել հանուն երկրի։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։ Աշխարհի երկրների առաջնորդները դատապարտեցին Պուտինի այդ քայլը, իսկ Բայդենը պատժամիջոցներ սահմանեց այն անձանց նկատմամբ, ներառյալ Միացյալ Նահանգների քաղաքացիների, որոնք Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքում իրականացնում են ներդրումային, ֆինանսական և առևտրային գործողություններ։
Ավելի վաղ, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինն ու Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էին ճանաչել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Որպես իրենց խնդրանքի հիմնավորում նրանք նշել էին «խաղաղ բնակչության շրջանում զոհերի անթույլատրելիությունը»։
Փետրվարի 15-ին ՌԴ Պետդուման պաշտոնապես դիմել էր Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ճանաչել Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ Պուտինը ստացել է պատգամավորների դիմումը, «արձագանքել դրան և ընդունել ի գիտություն»։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել էր, որ ճանաչումը կարող է դառնալ Մինսկի պայմանավորվածությունների խախտում, որի «իրագործումը Պուտինի համար ներկայումս առաջնահերթություն է»։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել