HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Թույլատրվել է օգտագործել բուսասանիտարական սերտիֆիկատների էլեկտրոնային տարբերակը

Փետրվարի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փոփոխություններ է մտցրել մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառվող կարանտինային բուսասանիտարական ապրանքների վերահսկողության ընթացակարգում։

Այժմ բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելիս թույլատրվում է օգտագործել սերտիֆիկատների և ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները։

Էլեկտրոնային տարբերակում հնարավոր կլինի նաև լրացնել ընթացիկ վերահսկողության արդյունքները։ Միևնույն ժամանակ, կշարունակեն կիրառվել այդ հավաստագրերի թղթային տարբերակները։

«Միության նորմատիվ իրավական ակտերի փոփոխությունը բույսերի ոլորտում թույլ կտա հաստատել էլեկտրոնային ձևաչափով փաստաթղթերի օգտագործման հնարավորությունը, նվազագույնի հասցնել կեղծ կամ անվավեր բուսասանիտարական վկայագրերի շրջանառությունը և դրանով իսկ բարձրացնել կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունավետությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ շուկայի մասնակիցների համար,- հայտնել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։ - Այս որոշումը Հանձնաժողովի և ԵԱՏՄ երկրների՝ բույսերի կարանտինի մասով լիազորված մարմինների համակարգված աշխատանքի արդյունքն է, որն ուղղված է փաստաթղթերի՝ էլեկտրոնային տարբերակով օգտագործելու աստիճանական անցմանը»։

ԵՏՀ Խորհրդի որոշումը պատրաստվել է ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխությունների շրջանակներում, որոնք վերաբերում են Միության անդամ երկրների լիազոր մարմինների կողմից բուսասանիտարական սերտիֆիկատի էլեկտրոնային ձևերի օգտագործմանը։

Որոշումը ԵԱՏՄ ղեկավարները ստորագրել են դեռևս 2021թ. դեկտեմբերի 10-ին։

ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի՝ 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ին։

Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուն պես դադարել է գործել 2009թ. նոյեմբերի 27-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, ինչպես նաև՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող մի շարք այլ միջազգային համաձայնագրեր՝ կնքված Մաքսային միության ստեղծման փուլում։ 

Նշենք, որ ԵՏՀ աշխատանքային խումբն օրերս հայտնել է, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների առաջին փաթեթը պատրաստ կլինի արդեն այս տարի՝ 2022թ.-ին։ Մասնավորապես, փոփոխությունների նպատակն է արտաքին էլեկտրոնային առևտրի շրջանակներում գնված ապրանքները դասակարգել առանձին կատեգորիայի մեջ, սահմանել դրանց կարգավորման առանձնահատկությունները, ներմուծել էլեկտրոնային առևտրի օպերատորի ինստիտուտ, էլեկտրոնային առևտրի հայտարարագրեր, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց համար ապահովել էլեկտրոնային առևտրի ապրանքների վաճառքի հնարավորություններ՝ օգտագործելով մաքսային պահեստները։ Ընդհանուր առմամբ՝ կողմերն առաջարկել են մոտ 300 փոփոխություն։ Մինչ օրս համաձայնեցվել է շուրջ 110 ուղղում, ևս 60-ը գրեթե պատրաստ են։

Բացի այդ, դեռևս 2021թ. հունվարի վերջին արդեն իսկ մշակվել էր կարանտինային բույսերին վերաբերող օրենքում փոփոխություններ կատարելու հետագա պլանը, իսկ 2021թ. մարտից փոփոխվել էր բուսասանիտարական վերահսկողության գործընթացը, քննարկվել էին օրենսդրության թարմացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter