HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը չի բացառում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը, եթե Անկարայի և Երևանի միջև գործարկված բանակցային գործընթացը հաջողվի։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է Սենեգալից Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ։

«Եթե Հայաստանը պահպանի վճռականությունը բանակցային գործընթացի առաջմղման ուղղությամբ, որը սկսվել է երկու երկրի հատուկ ներկայացուցիչների կողմից, ապա Թուրքիայի համար փակ սահմանների պահպանման անհրաժեշտությունը կվերանա»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։

Էրդողանի խոսքով՝ Կովկասյան տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի։ «Մենք բավարարված ենք այն կամքով, որը Հայաստանը ցուցաբերում է մեզ հետ կարգավորման համար։ Մենք նաև գիտենք, որ Հայաստանը ունի կոնկրետ սպասելիքներ, ինչպես օրինակ՝ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»,- նշել է Էրդողանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած գործողություն կհամաձայնեցվի Ադրբեջանի հետ։

Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 24-ին, Վիեննայում նախատեսվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Դա կլինի երկրորդ հանդիպումը։

Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։ Flyone Armenia-ն Ստամբուլ առաջին չվերթն իրականացրեց փետրվարի 2-ին։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter