HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, ՌԴ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ անելու վերաբերյալ արձանագրությունը, որը նախատեսում է «համակարգող պետության» հասկացության սահմանում, ինչը ենթադրում է, որ ՀԱՊԿ-ում կձևավորվեն խաղաղապահ ուժեր, որոնք կմասնակցեն ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

«Արձանագրությամբ ներդրվում է «համակարգող պետություն» հասկացությունը և նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմում ստեղծվում են հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք կմասնակցեն խաղաղությանն ուղղված ՄԱԿ-ի առաքելություններին»,- նշվում է բացատրական գրության մեջ։

Փոփոխության համաձայն՝ «խաղաղության ապահովմանն ուղղված ՄԱԿ-ի առաքելություններին մասնակցելու համար՝ հավաքական խաղաղապահ ուժերը ստեղծվում են համակարգող պետության հովանու ներքո»։ «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները սահմանվում են համաձայնագրում, որը համակարգող պետությունը կնքում է ՄԱԿ-ի լիազոր մարմնի հետ», - նշված Է փաստաթղթում:

Արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Դուշանբեում։ ՌԴ Պետդումայում փոփոխության ներկայացման հիմնական զեկուցող է նշանակվել ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը երկու ամիս առաջ խաղաղապահ առաքելությամբ ուժեր էր ուղարկել Ղազախստան, որտեղ հունվարի 2-ից բողոքի ցույցեր էին ընթանում։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին՝ խնդրելով «օգնություն ցուցաբերել Ղազախստանին ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։

Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեին պետական օբյեկտների պահպանությանը և օգնեին տեղական իրավապահ մարմիններին։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի։ Հունվարի 14-ին հայկական առաքելությունը դուրս բերվեց Ղազախստանից։

Լուսանկարը՝ Russian Defense Ministry Press Service via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter