HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հենրիխ Մխիթարյանն ավարտեց կարիերան Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է ազգային ընտրանու կազմում իր մրցելույթներն ավարտելու մասին։ Այդ մասին նա ֆեյսբուք իր էջում գրառում է կատարել։

«Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։

Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում,  իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը:

95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս»,- գրել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը նշում է, որ այս եզրահանգմանն է եկել 2021-ի նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած խաղից հետո։

«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ​​ամենը՝ ինչ կարող էի: Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա:

Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։ Հաջողություններ իմ ազգային հավաքականին»,- գրել է 33-ամյա խաղացողը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում նշել է 2007 թվականի հունվարի 14-ին Պանամայի դեմ ընկերական խաղում՝ իր 18-ամյակից մեկ շաբաթ առաջ։ Ինչպես նշել է Մխիթարյանն իր գրառման մեջ, ազգային հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 95 հանդիպում։ Այդ խաղերում խփած 32 գոլերի շնորհիվ Հենրիխ Մխիթարյանը համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Հավաքականում անցկացրած խաղերի քանակով երկրորդն է, զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (134): Դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարիերայի ավարտից հետո՝ 2016 թվականից  Հայաստանի հավաքականի ավագն էր։ Այժմ հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։

Մեկնաբանություններ (1)

hrair
I am sad because I am Armenian and he was our only chance of winning the next world cup so I hope he changes his mind

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter