HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Առուշ Առուշանյանի գործով ցուցմունք տվեցին նրա հետ կոնֆլիկտ ունեցած Գուրգեն Հովսեփյանի և Արթուր Գյուրջյանի հարազատները

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, երեկ շուրջ 8 ժամ քննվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի և Գորիսի այլ բնակիչների վերաբերյալ քրեական գործը: Առուշանյանի վերաբերյալ, ինչպես ավելի վաղ գրել ենք, մի քանի մեղադրանքներով երկու քրեական գործ է եղել, դրանք այժմ միացված են մեկ վարույթում: Երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հարցաքննվել են Առուշանյանին և Ավետյանին վերագրվող ենթադրյալ ընտրակաշառքի գործով վկաներ Նարինե Սարգսյանը և Մհեր Բաղդասարյանը: Հարցաքննվել են նաև Գորիսի բնակիչ Արթուր Գյուրջյանի առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող շինանյութի խանութի պատասխանատու Գուրգեն Հովսեփյանի նկատմամբ ինքնիրավչություն կատարելու ենթադրյալ դեպքերով որպես վկա ներգրաված անձինք:

Ըստ Առուշ Առուշանյանին, Էրիկ Աղաջանյանին և Հարութ Լալայանին առաջադրված մեղադրանքի՝ վերջիններս խմբի կազմում, խուլիգանական դրդումներով Արթուր Գյուրջյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Նկարագրված արարքը դրսևորվել է հետևյալում.

2020 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 1-ի սահմաններում, Արթուր Գյուրջյանն իրեն պատկանող ավտոմեքենայով երթևեկել է Գորիս քաղաքի տարբեր փողոցներով և հանդիպել Առուշ Առուշանյանի ավտոմեքենային:

Հերթական խաչմերուկից թեքվելով՝ Արթուր Գյուրջյանը հարկադրված շրջանցել է Առուշ Առուշանյանի ավտոմեքենան, ինչը զայրույթ է առաջացրել վերջինիս մոտ և հրահանգել է կանգնեցնել ավտոմեքենան՝ այն իբրև անկարգ վարելու հետ կապված պարզաբանումներ պահանջելու նպատակով: Առուշ Առուշանյանը Արթուր Գյուրջյանին նախ հարցրել է՝ «էդքան կա՞ս, որ ինձ աբգոն անես», ապա վերջինիս՝ «ինձ ո՞վ պիտի ասի ես ոնց քշեմ» պատասխանը լսելով՝ կարգադրել է առաջանալ և կայանել ավտոմեքենան:

Այնուհետև, ավտոմեքենաները Գորիս համայնքի Շահումյանի և Մարքսի փողոցների խաչմերուկին հարակից հատվածում կայանելուց հետո Արթուր Գյուրջյանն իջել է ավտոմեքենայից, իսկ Էրիկ Աղաջանյանը, Հարութ Լալազարյանը և Առուշ Առուշանյանը՝ վերջինիս վարած ավտոմեքենայից: Ավտոմեքենայից իջնելուց անմիջապես հետո Է. Աղաջանյանը, Հ. Լալազարյանն ու Ա. Առուշանյանը մոտեցել են Ա. Գյուրջյանին, Ա. Առուշանյանը հայհոյել է վերջինիս, մյուս երկուսը, լրացնելով առաջինի գործողությունները, բռնել են նրա ձեռքերից ու Առուշանյանը նախ մեկ անգամ գլխով հարվածել է Գյուրջյանի քթի հատվածին, ապա՝ ևս մեկ անգամ ձախ աչքի շրջանին, որից հետո, շարունակելով խուլիգանական գործողությունները, հայհոյանքներ տալուն զուգահեռ ձեռքերով այլ հարվածներ է հասցրել նրա դեմքին և մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում Առուշ Առուշանյանը մի պահ մոտեցել է Արթուր Գյուրջյանի ավտոմեքենայի հետնամասին և շարունակելով դրսևորել խուլիգանական վարքագիծ՝ կրկին հայհոյել է և քաշել-պոկել համարանիշը: Վիճաբանությունը հանդարտվել է ժամը 1:30-ի սահմաններում, որից հետո բոլորով հեռացել են:

Առուշ Առուշանյանի վերոգրյալ գործողությունների հետևանքով Արթուր Գյուրջյանը ստացել է գլխուղեղի ցնցումով ուղեկցված գանգուղեղային փակ վնասվածքի, քթոսկրերի փակ կոտրվածքի, ձախ աչքի ցանցենու պերիպապիլյար այտուցի և սալջարդի, ստորին շրթունքի ձախ կեսի ներսային մակերեսի սալջարդ վերքի, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի քերծվածքի ձևով արտահայտված մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս:

Դատարանում ցուցմունք տված վկա Անյուտա Դանիելյանը տուժող Արթուր Գյուրջյանի կինն է: Վերջինս դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից որևէ մեկին անձամբ չի ճանաչում:

Դանիելյանն ասաց, որ օգոստոսի 28-ին Արթուր Գյուրջյանը տուն է եկել՝ մարմնական վնասվածներ ստացած, անընդհատ ասել է, որ գլուխը ցավում է, անընդհատ կրկնել «Առուշը» և իրեն ասել, որ երեխաների շորերը հավաքի, հայրը գա, նրանց տանի: Տան անդամները, Դանիելյանի խոսքով, ցանկացել են շտապօգնություն կանչել, ամուսինը չի թողել, հետո նորից վատացել է, սկեսուրը որոշել է նրան տանել Երևան: Գյուրջյանը միայն ասել է, որ իրեն ծեծել են, ասել են, որ մեքենան արագ է վարել, որ դեպքի հետ բացի Առուշանյանից նաև Էրիկը և Հարութը կապ ունեն: Ըստ կնոջ՝ ամուսնու շրջունքի, հատածում են վնասվածներ եղել, ինքը տեղյակ է նաև, որ Առուշ Առուշանյանն ամուսնուն ոտքով հարվածել է, դրանից է գլուխը ցավում: Գյուրջյանը շաքարային դիաբետ ունի, երբ այդ վիճակում տուն է եկել, նրան ինսուլին են ներարկել: Առուշանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանի հարցին ի պատասխան ասաց, որ երբ ինսուլինն ուշ է ներարկվում, երբեմն աչքերի տակը կապտում է, թուլություն ու գլխապտույտ է ունենում, բայց դա հաճախակի չի լինում: Կինն ասում է՝ ամուսինը կոնֆլիկտային անձ չէ, անգամ ինքը չի հավատացել, որ նրա հետ այդպիսի դեպք կարող է լինել: Ամուսինը նորմալ հարաբերություններ է ունեցել Առուշանյանի հետ, անգամ ընտրությւոնների ժամանակ իրեն տարել է հոր տուն, որտեղ գրանցված է, որ Առուշին ընտրի:

Դատարանում ցուցմունք տված հաջորդ վկան Առուշանյանի ազգական Գուրգեն Հովսեփյանի հարևանուհին էր՝ Մերի Ալավերդյանը:

Առուշ Առուշանյանին վերագրվող հաջորդ արարքի համաձայն՝ վերջինս իր ընտանիքին պատկանող, սակայն իր կողմից փաստացի ղեկավարվող «Արստալ» ՍՊ ընկերությունում 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված 32,588,792  դրամի պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով իր ընտանիքին պատկանող խանութների ցանցի հաշվապահ Հայկ Մնացականյանի միջոցով, 2020 թվականի փետրվարի 8-ին ընկերության՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող «Շորին Ձոր» կոչվող տեղանքի պահեստ է կանչել այդ ընկերությանը պատկանող, Գորիս համայնքի Սյունիքի 14 հասցեում գործունեություն ծավալող շինանյութերի խանութի պատասխանատու վաճառող Գուրգեն Հովսեփյանին:

Նույն օրը՝ ժամը 19-ից 21-ի սահմաններում, նշված պահեստի աշխատասենյակում Գուրգեն Հովսեփյանի հետ հանդիպման ընթացքում, երբ վերջինս հերքել է իր կողմից յուրացում կատարելու հանգամանքը, Առուշ Առուշանյանն ինքնակամ իրականացրել է իր իրական կամ ենթադրյալ իրավունքները, մասնավորապես՝ ֆիզիկական բռնություն գործադրելով՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելով, ինչպես նաև հետագայում ևս այդպիսի բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց, Գուրգեն Հովսեփյանից պահանջել է իրեն հանձնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան, ինչպես նաև բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:

Առուշ Առուշանյանը Գուրգեն Հովսեփյանից, առանց նրա կամքն հաշվի առնելու, ֆիզիկական բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով վերցրել է ավտոմեքենայի բանալին, տեխնիկական անձնագիրը, ինչպես նաև կնոջ հարազատների անվամբ բնակելի տան վերաբերյալ փաստաթղթերը: Այնուհետև տան գրավադրման գործընթացը նախաձեռնելու նպատակով դրա փաստաթղթերն իր տեղակալ Մենուա Հովսեփյանի միջոցով վերադարձրել է, իսկ ավտոմեքենան շուրջ 42 օր մնացել է Առուշ Առուշանյանի փաստացի տիրապետության տակ:

Դատարանում ցուցմունք տված վկաներից մեկը՝ Մերի Ալավերդյանը, Գուրգեն Հովսեփյանի հարևանուհին է: Վերջինս պատմեց, որ դեպքից հետո Հովսեփյանի տուն է գնացել, նրան լացելով դիմավորել է կինը՝ Մարգարիտան, հետո ներսում Գուրգենին պառկած է տեսել, իմացել է, որ նրան ծեծել են: Մարգարիտան իրեն պատմել է, որ շինանյութի խանութում հաշվարկ են արել, որ պակասորդ է եղել, հիմա ասում են՝ իբրև Գուրգենն է վերցրել: Վկան նաև տեղյալ է եղել այն մասին, որ տան սեփականության վկայականը վերցրել են, որ ցանկանում են տունը գրավ դնել և վերադարձնել պակասորդ գումարը, և ինքը հարցրել է՝ եթե ոչ մի բան չեք արել, ինչի եք գրավ դնում տունը: Ըստ վկայի տեղեկության՝ հարևաններին Առուշ Առուշանյանն է պարտադրել գրավ դնել տունը: Տևական ժամանակ Առուշանյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը փորձում էր հարևանից պարզել՝ Առուշանյանի կողմից ինչպե՞ս է դրսևորվել պարտադրանքը, վկան հստակ պատասխաններ չէր տալիս, հետո դատավոր Գնել Գասպարյանը վերաձևակերպեց հարցը ու փորձեց պարզել՝ եթե հարևանները բնակարանը գրավ չդնեին, գումարը չտային, ի՞նչ կլիներ, վկան պատասխանեց, որ նրանց ընտանիքին կվնասեին: Ալավերդյանն ասաց, որ նախկինում երբևէ չի լսել, որ Առուշ Առուշանյանը որևէ մեկին սպառնացած լիներ: Ավելին, Առուշանյանի մասին լավ կարծիք ունի, եթե քաղաքապետի ընտրություններ լինեին, էլի Առուշին կընտրեր, քանի որ Գորիսը երբեք Առուշի նման համայնքապետ չի ունեցել: Կողմերը հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գոհ Առուշից, եթե պնդում է, որ հարևանին ծեծի է ենթարկել: «Անձնականն ու գործնականն ի՞նչ կապ ունեն»,- հակադարձեց Ալավերդյանը:

Վերջինս նաև դատարանին հայտնեց, որ Առուշ Առուշանյանն ու Գուրգեն Հովսեփյանը բարեկամներ են:

Դատարանում ցուցմունք տված մյուս վկան Գուրգեն Հովսեփյանի կինն էր՝ Մարգարիտա Հովսեփյանը: Վերջինս դատարանին պատմեց, որ Առուշ Առուշանյանն իր սկեսրոջ հորեղբոր տղան է: Մարգարիտա Հովսեփյանը ևս պատմեց, որ շինանյութի խանութում պակասորդ է եղել, 2020 թվականի փետրվարի 8-ին, ժամը 4-ից 6-ի հատվածում ամուսնուն կանչել են` խոսելու, ամուսնուց 3-4 ժամ տեղեկություն չի եղել, հետո հետո ժամը 20:00-ի սահմաններում իրենց գրել է, որ կզանգի: Ժամը 21:00-ի սահմաններում ամուսնու եղբայրը եկել է տուն, տան հետ կապված փաստաթղթեր վերցրել, ասել, որ Առուշն է ուզել: Իրենք իմացել են նաև, որ Գուրգենին ծեծի են ենթարկել, Գուրգենի քեռին գնացել է այնտեղ, որտեղ Գուրգենն է եղել, որ նրան բերի, պարզվել է, որ Առուշը մեքենայի բանալիները վերցրել է և Գուրգենին ու եղբորը ոտքով ճանապարհել:

Մարգարիտա Հովսեփյանի խոսքով՝ տեղի ունեցած դեպքից հետո Առուշ Առուշանյանի մայրը զանգել է իրենց, ասել, որ փողերը տան, արյուն է թափվելու, իրենք Առուշին լավ չեն ճանաչում: Շուտով պարզվել է, որ տունը գրավադրելու արդյունքում եղած գումարը չի հերիքելու, որ ողջ գումարը վերադարձնեն, ըստ Մարգարիտա Հովսեփյանի՝ իրենց ասել են, որ քեռու՝ Վարդան Առուշանյանի տան թղթերն էլ բերեն:

«Ես ամեն օր ասում էի բողոքենք, ասում էր՝ չէ»,-պատմեց Հովսեփյանն ու նշեց, որ ամուսնու խոսքով՝ իրենց ասել են՝ եթե բողոքեցիր, ընտանիքիդ վերացնելու եմ:

Հարցին՝ ինչո՞ւ եք ի վերջո մարտ ամսին որոշել հաղորդում ներկայացնել, Մարգարիտա Հովսեփյանը պատասխանեց, որ երբ պարզվել է, որ իր ընտանիքին պատկանող բնակարանը գրավադրելով գումարը չի հերիքում, այլևս այլ տարբերակ չեն ունեցել, քան բողոքարկելը. չէին կարող Գուրգենի մորաքրոջ բնակարանն էլ վերցնել: Այս գործի շրջանակներում Գուրգեն Հովսեփյանի ներկայացուցիչը Ներսես Խաչատրյանն է: Պարզվեց՝ Մարգարիտա Հովսեփյանը Խաչատրյանի կնոջ հետ է աշխատում: Նշենք, որ Ներսես Խաչատրյանն այն անձն է, ով, ըստ մյուս վկաների տված ցուցմունքների, իրենց ասել է, որ Գորիսի համայնքապետարանից ստացված գումարը կաշառք է եղել: Խաչատրյանն, ըստ վկաների պատմածի, նաև ասել է, որ եթե ոստիկանությունում ճշմարտությունը չասեն, իրենց կձերբակալեն:

Հետո հարցերի միջոցով պարզվեց, որ Մարգարիտա Հովսեփյանն այն երկու աղջիկներից մեկն է, ով գնացել է Քարահունջի բնակիչներ Նարինե Սարգսյանին, վերջինիս ամուսնուն, համայնքի մեկ այլ բնակիչ Ալինա Օհանջանյանին հանդիպելու:

Հովսեփյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Դատարանին պատմեց, որ մի կին մի օր մոտեցել է իրեն ու ասել՝ ձեր կուսակցությունը լավ չի աշխատում, որ համայնքապետարանը որպես սոցիալապես անապահովի ընտանիքներին փող է բաժանում, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյան էլ այդ գումարի իրեն պատկանող խանութի պարտքերն է հավաքում:

Նշենք, որ Առուշ Առուշանյանին և Լուսինե Ավետյանին վերագրվող եթադրյալ ընտրակաշառի գործով վկաներ Նարինե Սարգյանն ու Մհեր Բաղդասարյանն ասել են, որ համայնքապետարանից ստացած սոցիալական օգնության գումարի մի մասով Լուսինե Ավետյանի խանութում ունեցած հին պարտքն են մարել:

Ինչպես պարզվում է, Մարգարիտա Հովսեփյանը Նարինե Սարգսյանի հորեղբոր աղջիկն է: Չնայած այդ հանգամանքին՝ Հովսեփյանը Սարգսյանի տան տեղը չի իմացել, առաջին անգամ այնտեղ գնացել է, ըստ իր խոսքի, պարզելու համար իր ստացած տեղեկությունը:

Նշենք, որ Հովսեփյանը պնդում է, որ երբ գնացել է հորեղբոր ընտանիքի հետ խոսելու, վերջիններս իրեն ասել են, որ գումարը տալիս իրենց ասել են՝ գիտեք չէ՞ ում եք ընտրելու, մինչդեռ Նարինե Սարգսյանն ու Մհեր Բաղդասարյանը դատարանում պնդել են, որ իրենց հետ հանդիպած անձինք, այդ թվում՝ Մարգարիտան է իրենց ասել, որ ստացված գումարն ընտրակաշառք է:

Վկան պատմեց, որ երբ իմացել է Քարահունջի բնակիչներին գումար տրամադրելու պատմությունն, այդ մասին Ներսես Խաչատրյանին է տեղյալ պահել: Այդ ժամանակ Խաչատրյանն արդեն իր ամուսնու՝ Գուրգեն Հովսեփյանի գործով ներկայացուցիչն էր:

Ասում է՝ Խաչատրյանին եմ հայտնել, որովհետև նրան վստահում էի, իսկ ոստիկանությանը՝ ոչ: Հատկանշական է, որ ոստիկանությանը չվաստահող ՔՊ-ականը հորեղբոր աղջկա ընտանիքին հորդորել է դիմել ոստիկանություն:

Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսայանը վկային հարցրեց՝ Առուշանյանի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունի, Հովսեփյանը պատասխանեց՝ նորմալ:

«Ինչպե՞ս կարող եք մի մարդու նկատմամբ լավ տրամադրված լինել, եթե ցանկացել է ձեր ամուսնուն վերացնել»,- հարցրեց Էրիկ Ալեքսանյանը, և պարզվեց, որ Մարգարիտա Հովսեփյանը Առուշանյանի նկատմամբ նորմալ վերաբերմունք ունի վերջինիս՝ անազատության մեջ գտնվելուց հետո, իսկ մինչ այդ վատ վերաբերմունք է ունեցել: Պաշտպանության կողմը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ Առուշանյանի դեմ հաղորդում ներկայացնելու նպատակը եղել է նրանից վերցված գումարը չվերադարձնելը կամ վրեժխնդրությունը:

«Եթե գումարը լիներ, ես կտայի, միայն թե հանգիստ ապրեի»,- ասաց Մարգարիտա Հովսեփյանն, ով պնդում է, որ ամուսինը որևէ գումար չի վերցրել խանութից:

Դատարանում ցուցմունք տված մյուս վկան Գորգեն Հովսեփյանի մայրն էր՝ Սիլվա Հովսեփյանը: Դատարանին հայտնեց, որ մինչև վերը նշված դեպքերը, շատ լավ հարաբերություններ են ունեցել Առուշանյանների հետ, բայց հիմա շփում չունեն: Հովսեփյանը պատմեց, որ որդին ցանկացել է Առուշանյաններին պատկանող խանութից դուրս գալ, այդ պատճառով է խանութում հաշվարկ արվել: Երբ արդեն պարզվել է, որ խանութում պակասորդ կա, և խոսակցություններ են սկսվել, որ գումարը Գուրգենն է վերցրել, Հովսեփյանը եղբոր՝ Վարդան Առուշանյանի հետ փորձել է խոսել Առուշանյանի հետ, բայց խնդիրը չի լուծվել, Առուշն ասել է՝ պիտի պատասխան տաք: Նույն օրը՝ փետրվարի 8-ի երեկոյան, արդեն որդուն զանգել, կանչել են: Սիլվա Հովսեփյանն Իշխանաձորում է ապրելիս եղել, ասում է՝ այդ դեպքերից հետո որոշ ժամանակ որդին ընտանիքի հետ իրենց տանն է ապրել,  հետո նորից Գորիս է վերադարձել: Մայրը պատմեց, որ հարսին՝ Մարգարիտային, զանգել ու սպառնացել են, որ գումարը չվերադարձնելու դեպքում վնաս կտան: Պաշտպանության կողմը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են իրենց սպառնալիքներն իրական համարել, երբ, փաստորեն, Առուշանյանի հետ բարեկամական հարաբերություններ ունեին: Սիլվա Հովսեփյանը պատասխանեց, որ այդ բարեկամությունը հաշվի չառնելով՝ արդեն տարել, որդուն ծեծել էին:

«Գուրգենն ասում էր, որ եթե գումարը կերած լիներ, չէր ասի դուրս եմ գալիս, հաշվարկ արեք, ինքն ասում է, որ տեղյակ չի գումարից: Ես իր ապրելակերպը տեսնում եմ, ո՞նց չհավատամ»,- ասաց տուժողի մայրը:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 17-ին, որի ընթացքում պետք է շարունակվի գործով վկաների հարցաքննությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter