ՊԵԿ նախագահ. «Ներմուծումներ հնարավոր կլինի կատարել հենց նույն ՌԴ-ից»
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ (ՊԵԿ ) Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ Հայաստանը պարենային ապրանքների պաշարների պակաս չունի:
«Այս պահին անհանգստանալու որևէ հանգամանք չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բադասյանը:
Նա հիշեցրեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումների մեծ մասը ՌԴ-ից է, նաև մեծ մասնաբաժին ունի Ուկրաինան:
«Հասկանալի պատճառներով Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծումները կատարել: Ռուսաստանը որոշակի որոշումեր է կայացրել, և այդ հարցը, կարծում եմ, առաջիկայում կքննարկվի: Որոշակի քվոտավորման խնդիրներ առաջացած կլինեն ՌԴ-ում, ինչպես մեզ մոտ եղավ, երբ մարդիկ որոշ ապրանքների չարդարացված գնումներ էին անում, կարծում եմ՝ նմանաատպ վիճակ կա նաև ՌԴ-ում»,- ասաց Բադասյանը:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ շրջանակներում կայացված որոշումները վերջնական արդյունքում բացասական ազդեցություն չեն ունենա Հայաստան ներկրվող ապրանքների վրա:
«Կարծում եմ՝ ներմուծումներ հնարավոր կլինի կատարել հենց նույն ՌԴ-ից»,- ասաց Բադասյանը:
Ինչ վերաբերում է Ուկրաինայից ներկրվող ապրանքատեսակներին, օրինակ՝ թռչնամսին, Ռուստամ Բադասյանը համոզմունք հայտնեց, որ հնարավոր կլինի փոխարինող շուկաներ գտնել:
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ու տարադրամի տատանումները Հայաստանի տնտեսության վրա, ըստ ՊԵԿ նախագահի, բացասական հետևանք են թողնելու, քանի որ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը Ռուսաստանն է: Բադասյանը հավելեց, որ ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով արտահանումները նվազել են:
Կարդացե՛ք նաև՝
- Խուճապի չմատնվել, բայց քայլեր ձեռնարկել. Հայաստանի ցորենի պաշարների 27%-ն է տեղական
- Ներմուծվող ցորենի 99%-ը ՌԴ-ից է. Հայաստանի ապրանքային «կախվածությունը» ռուսական շուկայից՝ թվերով
Մեկնաբանել