
Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրից դուրս գալու արգելքը՝ հանվել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել է: Այս մասին «Հետքին» հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում Արթուր Ղազինյանին, ի թիվս այլ հանրային գործիչների, 2020 թվականի նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով): Ղազինյանը մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը քրգործում ներգրավված էր որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն էր ընտրվել: Սա նշանակում է, որ պատգամավոր ընտրվելուց հետո վերջինս չէր կարող խորհրդարանի կողմից գործուղվել որևէ երկիր:
Քրգործի կարճվելուց հետո Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար հանվել է նաև երկրից դուրս գալու արգելքը:
Ի դեպ, Արթուր Ղազինյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմից տեղափոխվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով: Հիշեցնենք, որ մեկ տասնյակից ավել անգամ «Հայաստան» խմբակցությունը վերջինիս թեկնածությունն առաջարկել է որպես հանձնաժողովի փոխնախագահ, և այդքան անգամ էլ իշխանությունը մերժել է վերջինիս: ՔՊ-ն անգամ օրենսդրական նախաձեռնություն է հեղինակել և ընդունել, որի համաձայն` հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի չընտրվելուց հետո իրավասու խմբակցությունը պետք է հնգօրյա ժամկետում նոր թեկնածու առաջադրի:
Պատգամավորն ինքը քրեական գործի կարճումն ու իր՝ այլ հանձնաժողով տեղափոխվելն իրար հետ չի կապում:
«Ես ամենասկզբում հայտարարեցի, որ մասնակցելու եմ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, բայց 7 ամիս հանձնաժողովը չձևավորվեց: Հետագայում ձևավորումից հետո ընդդիմությունն իր դիրքորոշումը հայտնեց, որ չենք մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Դե ես էլ այնտեղ անելիք չունեի, գնացի մասնագիտական հարթություն, որտեղ շատ ավելի օգտակար կլինեմ պետությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Ղազինանը:
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ քրեական գործն ինքն իրենով կենսունակ չէր, և ՀՔԾ-ի լուծարումից հետո, երբ այն տեղափոխվել է Քննչական կոմիտեի վարույթ, քննիչները հասկացել են, որ այլ ելք չկա, քան կարճելը:
Իսկ հարցին, թե երկրից դուրս գալու արգելանքի չեղարկումը կնպաստի արդյոք որ արտերկիր գործուղումների մեկնի, Արթուր Ղազինյանը քիչ հավանական համարեց իշխանության կողմից որևէ պատվիրակության կազմում ընդգրկվելը, սակայն նաև չբացառեց: Ասաց՝ ընդգրկվելու դեպքում առարկայական կխոսի՝ կմեկնի՞, թե՞ ոչ:
Նշենք նաև, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Արթուր Ղազինյանին փոխարինել է Աննա Գրիգորյանը:
Մեկնաբանել