HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավային Աֆրիկայից Հայաստան է ներմուծվել ավելի քան 300 էկզոտիկ կենդանի և թռչուն

Հիմնական բացահայտումները

  • 2021թ․ Հայաստան է ներմուծվել ավելի քան 300 էկզոտիկ կենդանի և թռչուն, այդ թվում՝ 44 ընձուղտ, 20 զեբր, 20 կոկորդիլոս, 68 տարբեր տեսակի այծքաղ (անտիլոպ), 40 կարմրափող ֆրանկոլին, 10 սև կարապ և այլ թռչուններ ու կենդանիներ։
  • Ներմուծված տեսակների մեծ մասը միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիներ են, որոնք հատուկ խնամք և պահման պայմաններ են պահանջում։
  • Հայաստան կենդանիներ ներմուծվում են աֆրիկյան երկրներից: Դրանց ներկրման համար մեծ գումարներ են ծախսվում:
  • 2021թ․-ին կենդանիները ներմուծվել են բացառապես Հարավաֆրիկյան Հանրապետությունից, սակայն այդ երկրի արտահանման տվյալները տարբերվում են հայաստանյան ներմուծման տվյալներից։  
  • Հայաստանը շարունակում է կենդանիների առևտրի տարանցիկ երկիր մնալ:  

Անցյալ տարի ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ընտանիքը մեծ շուքով մի ընձուղտ նվիրեց Երևանի կենդանաբանական այգուն։ Այդ մասին ազդարարվեց «Կենտրոն» հեռուստաընկերության թողարկումներում, սակայն, իրականում, ընձուղտն այդպես էլ այգի չհասավ։ 

Այգու նոր տնօրինությունը չի համաձայնել ընդունել ընձուղտին, քանի որ կենդանու խնամքը բարդ է, ծագումը` կասկածելի: Կենդանաբանական այգու տնօրեն Արևիկ Մկրտչյանն ասում է, որ ընձուղտի ցուցադրումն ու պահումը Երևանի կենդանաբանական այգու ներկայիս պայմաններում անհնար է:

«Կենդանուն ընդունել և ցուցադրել ներկայիս պայմաններում կնշանակի դատապարտել դանդաղ ու տանջալից մահվան: Ոչ մի պարագայում սա ընդունելի լինել չի կարող բարձր ստանդարտների ձգտող կենդանաբանական այգու համար: Իրենց հարգող և բարձր նշաձողի ձգտող կենդանաբանական այգիները բավականին երկար ու ինտենսիվ են աշխատում՝ ընձուղտի պես բարդ կենդանու խնամքը ստանձնելու համար. ամեն կենդանաբանական այգի չէ, որ ստանում է այս կենդանիներին պահելու և ցուցադրելու թույլտվություն։ Դրա համար երկար աշխատանք է պետք տանել՝ վերապատրաստել անձնակազմին, ունենալ կենդանու սննդի մատակարարման գործուն սխեմա, վերջապես կառուցել կենդանու կենսաբանական առանձնահատկություններին բնորոշ ազատավանդակ, որը պետք է լինի բավարար մեծ և ընդարձակ, իսկ ձմռանը՝ նաև ջեռուցվող: Վերջապես ընձուղտները խմբային, սոցիալական կենդանիներ են, և միայնակ ընձուղտ նույնպես չի կարելի ցուցադրել: Բացի դրանից, ըստ Եվրոպական Կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) կանոնակարգի՝ արգելվում է ընդունել և ցուցադրել անհայտ ծագման կենդանի, որը չի բացառվում, որ սև շուկայից է հայտնվել Հայաստանում»,- «Հետք»-ին հայտնեց Արևիկ Մկրտչյանը: 

Ուստի, ներկայիս պայմաններում Երևանի կենդանաբանական այգու կողմից ընձուղտի ընդունումը կդիտվեր որպես միջազգային կանոնակարգի կոպիտ խախտում՝ անմիջապես հանգեցնելով ԵԱԶԱ-ի ցանցից դուրս գալուն:

Որտեղից է Գագիկ Ծառուկյանը ձեռք բերել ընձուղտը, և որտեղ են ապաստանել էկզոտիկ կենդանիները

Մեզ հաջողվել է պարզել, որ ընձուղտը Հայաստան է բերվել Հարավային Աֆրիկայից՝ մեծ թվով այլ կենդանիների հետ, հատուկ թռիչքով: 

Տեսանյութից երևում է, որ Գագիկ Ծառուկյանի ընձուղտի «պահապանը» կենդանաբան Արթուր Խաչատրյանն է։ Վերջինս «Հետք»-ի նախորդ տարիների հրապարակումներից հայտնի է ընթերցողներին․ զբաղվում է կենդանիների առևտրով և զանազան էկզոտիկ կենդանիներ է ներմուծում Հայաստան, այնուհետև տեղափոխում կամ վաճառում գերազանցապես Ռուսաստանի Դաշնությանը։ Այնտեղ Խաչատրյանը գործընկեր ունի։ Խաչատրյանը նաև Ինտերպոլով հետախուզվում էր՝ սկսած 2014թ.-ից Կոնգոյի իշխանությունների կողմից, քրեական գործ էր հարուցված Հայաստանում մաքսանենգության հոդվածով, սակայն 2016թ․-ին Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և 215-րդ՝ մաքսանենգության հոդվածն ուժը կորցրած ճանաչվեց։ Այդ հիմքով էլ քրեական գործը կարճվեց։

Կենդանիների առևտրով զբաղվող Արթուր Խաչատրյանն այս բիզնեսը կազմակերպում էր «Զoo ֆաունա արտ» ՍՊԸ-ով։ 2017թ.-ին դատարանի որոշմամբ «Զoo ֆաունա արտ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, սակայն դրա հիմնադիրն ու իր գործընկերները կենդանիների առևտուրը շարունակել են որպես անհատներ: Իսկ 2019թ. հունիսի 3-ին Խաչատրյանը նոր՝ «Ֆաունա զօօ» ՍՊԸ է հիմնադրել, որի միակ մասնակիցը որդին է՝ Արամ Արթուրի Խաչատրյանը: Մեր ձեռք բերած տվյալներից պարզ է դառնում, որ 2021թ․-ին Հայաստան կենդանիների և թռչունների ողջ խմբաքանակը ներմուծել է «Ֆաունա զօօ» ՍՊԸ-ն։ 

Ինչու է «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչվել 

2017թ. հունիսին «Յունիբանկ» ԲԲԸ-ն դիմել է դատարան «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու հայցապահանջով: Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահող դատավոր Երեմ Եսոյանի գլխավորությամբ, քննել է հայցը: Համաձայն դրա՝ «Յունիբանկը» դեռևս 2009թ. 120 000 դոլար վարկ է տրամադրել «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ին՝ տարեկան 17 % տոկոսադրույքով, մինչև 2014թ. ավարտն ամբողջությամբ մարելու պայմանով: Մի քանի տարբեր համաձայնագրեր են այնուհետև կնքվել՝ ժամկետի, գումարի չափի, գրավի առարկաների և տոկոսների փոփոխության վերաբերյալ: «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ի հիմնադիր Արթուր Խաչատրյանն ու եղբայրը՝ Արմեն Խաչատրյանը, պարտավորվել են նաև համապարտության կարգով պատասխանատվություն կրել ընկերության պարտքերի համար, գրավադրվել են նաև Արմեն Խաչատրյանին պատկանող մեկ այլ՝ «Խալեյան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը (90%), ինչպես նաև «Խալեյան» ՓԲԸ-ին պատկանող՝ Գուրգեն Մահարի 148 հասցեում գտնվող անշարժ գույքը («Խալեյան» ՓԲԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալություններով):

Ի վերջո, հաշտության համաձայնագրով արձանագրվել է, որ «Յունիբանկ»-ի նկատմամբ «ԶՕՕ ֆաունա արտ» ՍՊԸ-ի ընդհանուր վարկային պարտավորությունը 2015թ. նոյեմբերի դրությամբ կազմել է 706 477 ԱՄՆ դոլար և արբիտրաժային վճարների գումարը՝ 2 006 790 դրամ:

Հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորությունը չկատարելու հետևանքով, սակայն, «ԶՕՕ ֆաունա արտ» ընկերության վարկի մայր գումարի ժամկետանց մասը 2017թ. մայիսի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 39 հազար դոլար: Եվ քանի որ ընկերության վճարային ժամկետանց պարտավորություններն ավելի մեծ են եղել, քան նախատեսված է «Սնանկության մասին օրենքի» 3-րդ հոդվածով, դատարանը 2017թ. հուլիսի 7-ի վճռով «ԶՕՕ ֆաունա արտ» ՍՊԸ-ին սնանկ է ճանաչել:

Սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ ընկերությունն առողջացման ծրագիր է ներկայացրել և շարունակել է աշխատել: Առողջացման ծրագիրը, սակայն, դադարեցվել է։ Սամսոն Ղուկասյանի խոսքով, այժմ լուծարման գործընթաց է սկսվել։ Դեռևս վերջնական դատական ակտ չկա։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ 2019թ. մայիսի 23-ի որոշումից պարզ է դառնում, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Armenia) «Դիլիջան» ազգային պարկում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցում» ծրագրի շրջանակներում 2019թ. փետրվարի 7-ին պայմանագիր է կնքել «Զօօ ֆաունա արտ» ՍՊԸ-ի հետ, որով նախատեսվել է 9 հատ ազնվացեղ եղջերու ձեռք բերել ընկերությունից և տեղափոխել «Դիլիջան» ազգային պարկի տարածք՝ 54 000 դոլարի համարժեք դրամ վճարի դիմաց: Դա նշանակում է, որ ընկերությունը 2019թ.-ին շարունակել է աշխատել:

Ի դեպ, «Խալեյան» ՓԲԸ-ն նույնպես սնանկ է ճանաչվել 2018թ. փետրվարին, և այս ընկերության համար ևս առողջացման ծրագիր է ներկայացվել դատարան: «Դատալեքս»-ում վերջնական դատական ակտ այս գործով ևս չկա։ 

Հայաստանը շարունակում է տարանցիկ երկիր հանդիսանալ կենդանիների առևտրի համար 

2018-2021թթ. կենդանիների ներմուծման և արտահանման տվյալներն ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ Հայաստանը շարունակում է տարանցիկ երկիր մնալ աֆրիկյան և մի շարք այլ արևադարձային երկրներից հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող կենդանիների առևտրի համար:

Կենդանիների առևտուրը կարգավորվում է Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով, որին Հայաստանը նույնպես միացել է դեռևս 2009թ.-ին։ Կոնվենցիան նաև հավելվածներ ունի, որտեղ ներկայացված են տեսակները, դրանց վտանգված լինելու չափը։ Այդ Կոնվենցիայի շրջանակներում արտահանող երկիրը ներմուծողին տրամադրում է թույլտվություն (CITES permits), որտեղ նշվում են կենդանու մասին գրեթե ողջ տվյալները՝ ծագման երկիրը, ինչ տեսակ է, բուծված է, թե վայրի բնությունից վերցված։ CITES-ն համակարգող մարմինը Հայաստանում ՇՄՆ Կենսառեսուրսների կառավարման վարչությունն է, որը, 2020թ.-ից սկսած, այլևս տեղեկություններ չի տրամադրում կենդանիների ներմուծողների կամ արտահանողների վերաբերյալ՝ դրանք անձնական և գաղտնի տվյալներ որակելով։ Հղում են կատարում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, իսկ ՊԵԿ-ը մեջբերում է ԵԱՏՄ օրենքներն ու կանոնակարգերը։

Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տվյալներից երևում է, որ 2018թ․-ին  նախարարությունը վերարտահանման թույլտվություն է տվել 34 կապիկի համար, որոնք բոլորը վերցված են եղել բնությունից: Դրանցից 28-ը՝ Սուդանի ծագման կենդանիներ, արտահանել է Արթուր Խաչատրյանի ռուսաստանցի գործընկերը՝ Էդուարդ Խաչատուրյանը։ Վերջինս Մոսկվայի մերձակայքում մասնավոր կենդանաբանական այգի ունի և զբաղվում է կենդանիների վաճառքով: Հենց այս կապիկների արտահանման ժամանակ նկատված խախտումների պատճառով Ռուսաստանը 2018թ.-ի հունիսին ժամանակավորապես արգելեց Հայաստանից կապիկների ներմուծումը:

2019թ.-ին «Զօօ ֆաունա արտ» ընկերությունը 5 ամուրյան վագր է ներմուծել Ուկրաինայից։ Նույն ժամանակահատվածում Ղազախստան է արտահանվել 30 կապիկ, սակայն արտահանումն իրականացրել է «Ստակրիս» ԱՁ-ն։ «Ստակրիս» ԱՁ-ն, ըստ ամենայնի, կապիկները Խաչատրյանից է ձեռք բերել և տեղափոխել Ղազախստան։ Այս ԱՁ-ն էլ Ղազախստանում է կենդանիների առևտրով զբաղվում։ Դրա հիմնադիր Ռոման Ալֆյորովի մեկ այլ ընկերություն՝ «CREDOS LTD C», տարբեր պատմությունների և դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Մոսկվայի Մեծ կրկեսին փղեր մատակարարելու համար։

2020թ․-ի Հայաստան ներմուծված խմբաքանակը ժամանել է Բենինից։ 38 տարբեր տեսակի կապիկներ, 20 գենետտա կատուներ, մարաբուներ, արոս կորիներ, գամբիական ղազեր։

2021թ․-ն առհասարակ աննախադեպ է եղել էկզոտիկ կենդանիների ներմուծման տեսանկյունից․ անցյալ տարի Աֆրիկայի ամենահարավից՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Հայաստան են ներմուծվել մեծաքանակ ընձուղտներ, զեբրեր, առյուծներ, տափաստանային լուսաններ, սերվալներ, կոկորդիլոսներ, կարմրավուն ֆրանկոլիններ և մի շարք այլ էկզոտիկ կենդանատեսակներ ու թռչուններ։

«Ներմուծումների քանակն՝ ըստ կազմակերպությունների, գաղտնիք է և ենթակա չէ տրամադրման»,- 2020 և 2021թ.-ի տվյալների արտահանողների և ներմուծողների վերաբերյալ մեր գրավոր հարցմանը պատասխանել է ՊԵԿ-ի Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ  Մնացական Շարաֆյանը՝ հղում կատարելով ԵԱՏՄ օրենսգրքի և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի հոդվածներին։

Հարավաֆրիկյան Հանրապետության Կոնվենցիան համակարգող մարմինը պաշտոնապես հրաժարվեց մեզ տեղեկություններ տրամադրել՝ նշելով, որ կենդանիների արտահանման վերաբերյալ զեկույցները դեռ չեն ամփոփվել։

«Խնդրում ենք նկատի ունենալ, որ 2021 թվականի արտահանման տվյալները դեռ հասանելի չեն, քանի որ դրանք դեռևս չեն հաղորդվել և ձեռք բերվել` համաձայն CITES պրոտոկոլների»,- 2021թ. հուլիսի մեր հարցմանը պատասխանել էր ՀԱՀ-ի Անտառային, ձկնաբուծության և բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Պիտեր Մբելենգվան (Peter Mbelengwa):

Անցյալ շաբաթ արված նույնաբովանդակ հարցմանը՝ արդյոք ամփոփվել են տվյալները, և կարող են դրանք մեզ տրամադրել, նույն վարչությունից պատասխանել են, որ արտահանման տվյալները հասանելի կլինեն այս տարվա հոկտեմբերին։ Սակայն նույն տվյալները ստացանք Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող EMS Foundation-ի միջոցով։ Այս ֆոնդը զբաղվում է վայրի կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, և մեր խնդրանքով տեղեկատվության հարցմամբ դիմել էր նույն գերատեսչություն և ստացել տվյալները: 

Ինչպես օգտվել «գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում» կանոնից

EMS Foundation -ի տրամադրած տվյալներից երևում է, որ 2021 թ․-ի բոլոր ներմուծումները Արթուր Խաչատրյանն իրականացրել է նորաստեղծ «Ֆաունա զօօ» ընկերությամբ, որի հիմնադիրը, հիշեցնենք, նույնպես ինքն է։

Ամենահետաքրքիրն այն է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից ստացված տվյալները շատ տարբեր են հայաստանյանից և իրարամերժ, ինչից կարելի է ենթադրել, որ որոշ կենդանատեսակներ հատել են հայկական սահմանն առանց որևէ տեղ արձանագրվելու կամ հաշվառվելու, ասել է թե՝ ապօրինի, այլապես պետք է արտացոլված լինեին ՊԵԿ-ի` մեզ տրամադրած տվյալներում։ 

Հայաստան ներմուծված մնացած կենդանիներն արտացոլված չեն ՀԱՀ-ի արտահանման տվյալներում։ Կարող ենք ենթադրել, որ դրանք CITES հավելվածներում չկան, դրա համար արտացոլված չեն ՀԱՀ-ի արտահանման տվյալներում։

Աֆրիկայի մեր աղբյուրը (անունն իր խնդրանքով չենք հրապարակում) պատմեց, որ Խաչատրյանն այս խմբաքանակը ներմուծել է բեռնատար օդանավով՝ իրականացնելով 29 ավիացիոն թռիչքով։ Կենդանիների տեղափոխումը միայն արժեցել է 500 հազար դոլար։

Թռիչքների մեծ մասը հենց ընձուղտներ տեղափոխելու նպատակով է իրականացվել, քանի որ կենդանիները բավականին մեծ են։

Ներմուծված ընձուղտի տեսակը՝ Հյուսիսային ընձուղտը (Giraffa camelopardalis, երբեմն անվանում են տափաստանային ընձուղտ) համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ կաթնասունը։ Միջազգային Կարմիր գրքում որակված է որպես խոցելի տեսակ։

Ընձուղտներն ապրում են Աֆրիկայի տափաստաններում։ Ներկայում նրանց կարելի է հանդիպել միայն Սահարայի հարավում և հարավ-արևմուտքում՝ առաջին հերթին Արևելյան և Հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Ինչպես երևում է ՀԱՀ-ից ստացված տվյալներից՝ Հայաստան ներմուծված ընձուղտները վերցված են բնությունից։

Ներմուծված վերջին խմբաքանակը, սակայն, համաձայն ՊԵԿ-ի պատասխանի, չի արտահանվել երկրից, հետևաբար, գտնվում է Հայաստանում։ Պատճառը թերևս այն է, որ ՌԴ Ռոսսելխոզնադզորը 2020թ․ հունիսից ժամանակավոր արգելք է դրել ՀԱՀ-ի ծագման կենդանիներ ներմուծելու վրա՝ դաբաղի տարածումը կանխելու նպատակով, արգելքը դեռևս չի հանվել։

2018թ․ հունվարից ՌԴ-ն նաև արգելել է ՀԱՀ-ից ներմուծված կամ ՀԱՀ ծագման մի շարք այլ կենդանատեսակների և թռչունների մուտքն իր երկիր՝ աֆրիկյան ժանտախտի և թռչնագրիպի տարածումը կանխելու նպատակով։

Ինչպես հայտնել է Կենդանաբանական այգու տնօրենը, ընձուղտներին պահելը բավականին դժվար, ինչպես նաև ծախսատար գործ է։

Արթուր Խաչատրյանն երևանի Էրեբունի վարչական շրջանում մեծ տարածք ունի, և այնտեղ կենդանիներ է պահում։ Սակայն, թե ինչպես են ընձուղտներն ապրում Խաչատրյանի տարածքում, ինչով են կերակրվում այսքան ժամանակ, հայտնի չէ։ 

Արթուր Խաչատրյանի տարածքը՝ Էրեբունիում։ Լուսանկարը՝ «Հետք»-ի արխիվից

Երևանի Գուրգեն Մահարի 148 հասցեն, որտեղ գրանցված են Խաչատրյանների ընկերությունները, երկու առանձին տարածք ունի։ Առաջինը համաձայն Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթի՝ 26 շինությունից բաղկացած տարածք է, որի մակերեսը ավելի քան 10 հազար քմ է, իսկ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքը կազմում է ավելի քան 17 հեկտար։ Սեփականատերը «Խալեյան» ՓԲԸ-ն է։

Նույն հասցեի մյուս տարածքը 5 արտադրական շինություն ունի, 0,33 հեկտար է և պատկանում է «Սկի Ֆալքոն Բրիդինգ Ֆարմ» ՍՊԸ-ին։ Անվանումից կարելի է ենթադրել, որ այն բազեների (անգլ․ ֆալքոն՝ բազե) բուծմամբ է զբաղվում։ Այս ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում 2009 թվականին, և միակ բաժնետերը Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքացի Ջաբեր սուլթան Ջաբեր Ալմութաիվի Ալմանսուրին է։

ՍԱՏՄ հանրային կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեսուչները կարող են մուտք գործել որևէ տարածք և այցելել կենդանիներին, վերջինս պատասխանեց, որ եթե կենդանիները կարանտինային ժամկետում են, այդ դեպքում տեսուչներն իրավունք ունեն այցեր կատարել, սակայն եթե այդ ժամկետն անցել է, ապա սեփականատերը կարող է և թույլ չտալ իրենց տեսուչների մուտքը: Կարանտինային ժամկետը վաղուց լրացել է։

Խաչատրյանը, փաստորեն, ունի թե՛ ռեսուրսներ, թե՛ գործընկերներ նույն գործունեությունը շարունակելու համար։ Սակայն նա պաշտոնապես սնանկացման է տարել իր նախորդ ընկերությունը: Իսկ պատճառների մասին մենք կարող ենք ենթադրություններ անել, սակայն դրանք թերևս կհետաքրքրեն իրավապահ մարմիններին:

Արթուր Խաչատրյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ 

Մեկնաբանություններ (1)

Garen Melikian
Thank you for this in-depth reporting. So much for those who believe the “earth has moved” since the so-called Velvet Revolution. Unfortunately, so many things have remained the same with little prospect of any real change on the horizon.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter