
Արմավիրի մարզպետարանում նոր են «հիշել», որ տարիներ շարունակ գյուղնշանակության հողից քար ու ավազ են արդյունահանում
Արմավիրի մարզի 4 խոշորացված համայնքի տարածքում իրականացվում է ընդերքի շահագործում: Այդ նպատակով 18 կազմակերպության կողմից օգտագործվում է 218,16 հա հողատարածք: Հիմնական գործունեությունն ավազի արդյունահանումն է:
Ներկայացվածը պաշտոնական տվյալներ են, սակայն իրական պատկերն այլ է: Առանց հողերի նպատակային նշանակությունը փոխելու մարզում օգտագործում են ընդերքն ու մնում անպատիժ:
Մարզում առկա է նաև 7 հանքավայր, որոնք ունեն ընդերքի օգտագործման թույլտվություններ, սակայն այս գործունեությունը չեն ծավալում: Արմավիրում՝
- 11 կազմակերպություն իրականացնում է ավազի արդյունահանում
- 4 կազմակերպություն իրականացնում է բազալտի արդյունահանում
- 2 կազմակերպություն իրականացնում է հրաբխային տուֆի արդյունահանում
- 1 կազմակերպություն իրականացնում է տուֆի արդյունահանում:
Արմավիրի մարզպետարանում նոր-նոր են «պարզում», որ երկու բնակավայրում տարիներ շարունակ գործունեություն ծավալող ընկերությունները հանքավայրերը շահագործում են առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու:
Մասնավորապես, Գետաշեն բնակավայրում «Արմավիր շին» ՍՊԸ-ն հանքարդյունաբերության մեջ օգտագործում է 12,2 հա հողատարածք, իսկ Երվանդաշատ բնակավայրում 7,35 հա հող օգտագործում է «Կարմիր Տուֆ» ՍՊԸ-ն:
Երեկ մարզխորհրդի նիստի ժամանակ, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը հայտարարեց, որ նշված երկու ընկերությունը հանքարդյունբերության նպատակով օգտագործում է գյուղատնտեսական նշանակության հող, մինչդեռ պետք է փոխվեր հողի նպատակային նշանակությունը:
«Այս բնագավառում օրինականության լիարժեք ապահովման նպատակով առաջարկվում է մեկամսյա ժամկետում, վերը նշված բնակավայրերում իրականացնել հողի նպատակային նշանակության փոփոխություն»,-հայտարարեց Ա. Այվազյանը:
Մարզպետարանի պաշտոնյան հորդորեց նաև հետամուտ լինել, որ ընդերքի շահագործումն իրականացվի բացառապես լեռնահատկացման ակտով նախատեսված վայրերից:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, որ նշանակման առաջին օրվանից ուշադրության կենտրոնում է պահել ընդերքի օգտագործումը:
«Բազմաթիվ դեպքերում մենք հանդիպում ենք իրավիճակների, որտեղ խախտվել է այս դաշտի օրենսդրությունը: Մասնավորապես, տարածքներն օգտագործում են նպատակային նշանակությանը ոչ համապատասխան, և ընդերքն արդյունահանվում է առանց լիցենցիայի, առանց համապատասխան թույլտվության»,- ասում է Արմավիրի մարզպետը:
Էդվարդ Հովհաննիսյանը կարծում է, որ ավելի շատ համայնքի և տեղական իշխանությունների աջակցության անհրաժեշտությունը կա: Հայտնեց, որ պարբերաբար խնդրել է իրավապահ մարմիններին ուշադիր և հետևողական լինել, բոլոր դեպքերն անխտիր արձանագրել և անզիջում վարքագիծ դրսևորել ոլորտի ապօրինությունների նկատմամբ:
Մարզպետը նշեց, թե չի հավատում, որ կգտնվի մի վարչական ղեկավար, որ իր գյուղում, բնակավայրում չի տիրապետում իրավիճակին և չգիտի՝ իր տարածքի որ հատվածից և ով է ընդերքն օգտագործում:
«Լռում են, հետաքրքիր է, ինչո՞ւ են լռում»,- հավելեց մարզպետը:
Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ նման դեպքերում պատասխանատվությունը համայնքի ղեկավարինն է և վստահ է, որ ոչ մի համայնքի ղեկավար իրեն «նման բան թույլ չի տա», սակայն նույնը չի կարող ասել վարչական ղեկավարների մասին: Մարզպետը հորդորեց, որ համայնքապետերը օրենքին հակասող իրավիճակներում գրություններով դիմեն իրավապահ մարմիններին:
«Ավազը թանկացել է, աջ ու ձախ ավազ են գողանում, ձեզ պարզ ասեմ: Այս հարցին եղեք խիստ հետևողական»,- ասում է Էդվարդ Հովհաննիսյանը:
Նշենք, որ Երվանդաշատում շահագործվող քարի հանքավայրերի մասին տեղյակ է եղել այդ տարիներին համայնքը ղեկավարող Հովնան Ավետիսյանը: Նրա պաշտոնավարման ժամանակ է հողի աճուրդով վարձակալության տրամադրվել այն հողերը, որտեղից, առանց նպատակային նշանակությունը փոխելու, քար են արդյունահանել: Համայնքապետը, բացի շահագործող ընկերություններին գրություն ուղարկելուց, ոչինչ չի ձեռնարկել:
Հետևանքը եղել է այն, որ Հովնան Ավետիսյանը, որպես «լավ աշխատանքի» խրախուսանք, նշանակվել է խոշորացված Բաղրամյան համայնքի ղեկավարի տեղակալ: Նա 2021թ. դեկտեմբերի 5-ի ավագանու ընտրությունների ժամանակ առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: Նախկին իշխանությունների ժամանակ էլ նույն եռանդով աջակցում էր Հանրապետական կուսակցությանը:
Դեռևս 2020թ. օգոստոսին «Հետք»-ը գրել էր, որ Երվանդաշատ համայնքում գործում է քարի արդյունահանման երեք հանքավայր, որոնց օգտագործած տարածքները գյուղնշանակության հողեր են: Քարն արդյունահանում են՝ առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու: Այդ երեք ընկերությունից մեկն էլ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի կողմից հիշատակված «Կարմիր տուֆ» ՍՊՆ-ն էր:
Մեր հրապարակումից հետո մյուս երկու ընկերությունը փոխել է հողերի նպատակային նշանակությունը:
«Կարմիր տուֆ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ.-ին: Ընկերության միակ բաժնետերը և տնօրենը Վաչագան Գևորգյանն է: Նա նաև ԱԺ պատգամավոր Քաջիկ Գևորգյանին պատկանող «Քաջ-Տրանս» ՍՊԸ-ի տնօրենն է:
Երվանդաշատում, որպես կարմիր տուֆի հանքի տեր, բոլորը գիտեն ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանին (Նովո)՝ Քաջիկ Գևորգյանի հորը: Սակայն, Վաչագան Գևորգյանը ժխտում է: Ավելին, «Հետք»-ի հետ զրույցում Վաչագանն ասել էր, որ ազգակցական կապ չունեն, ուղղակի Նահապետ Գևորգյանն իր քավորն է:
«Կարմիր տուֆ» ընկերության և Երվանդաշատի համայնքապետարանի միջև 2019թ. ապրիլի 11-ին կնքվել է գյուղատնտեսական նշանակության հողի վարձակալության պայմանագիր: Հողի մակերեսը կազմում է 5 հա, իսկ պայմանագիրը կնքվել է 25 տարով՝ մինչև 2044թ.: 5 հա հողի յուրաքանչյուր տարվա վարձավճարի չափը կազմում է 275 հազար դրամ:
Հողի վարձակալության մրցույթը կայացել է 2019թ. մարտին: Հողամասի մեկնարկային գինը, ավագանու 2018թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ, սահմանվել էր 250 հազար դրամ: Մրցութային քայլի չափը եղել է 12,500 դրամ:
Մասնակիցները եղել են երկուսը՝ «Կարմիր տուֆ» ՍՊԸ-ի տնօրեն Վաչագան Գևորգյանը և Արման Մկրտչյանը: Ինչպես շատ այլ դեպքերում, իրական մրցույթ տեղի չի ունեցել, քանի որ բացակայել է մրցակցությունը: Պարզապես Արման Մկրտչյանն իր մասնակցությամբ «լեգիտիմացրել» է մրցույթը, հակառակ դեպքում մեկ մասնակցով մրցույթ տեղի չէր ունենա: Դրա վառ վկայությունն է, որ մրցույթի ժամանակ կողմերը բավարարվել են մեկական քայլով՝ ավել առաջարկելով 12.500 դրամ, ինչի արդյունքում հողամասի մեկնարկային գինը բարձրացել է ընդամենը 25 հազար դրամով: Ի վերջո, 275 հազար դրամով մրցույթում հաղթող է ճանաչվել Վաչագան Գևորգյանը՝ ի դեմս «Կարմիր տուֆ» ՍՊԸ-ի:
Ընկերությունը հողատարածք վարձակալել է նաև 2019թ. նոյեմբերին: Նույն կողմերի միջև կնքված պայմանագրով՝ ընկերությանը 25 տարով և վարձակալական հիմունքներով հատկացվել է 2,6 հա գյուղնշանակության հողատարածք՝ տարեկան 121 հազար դրամ վարձավճարով:
«Կարմիր տուֆ» ՍՊԸ-ին, «Երվանդակերտի տուֆերի հանքավայրի թիվ 7-րդ տեղամասում», մինչև 2043թ. հանքարդյունահանման թույլտվությունը տրվել է 14.09.2017թ.:
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասը գտնվում է Արմավիրի մարզում՝ Երվանդաշատ գյուղից մոտ 5.7 կմ հեռավորության վրա: Վարչական առումով տեղամասի տարածքը գտնվում է Երվանդաշատ համայնքում:
Վաչագան Գևորգյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ հանքը շահագործում են 2018թ.-ից: Նշեց, որ իր խնդիրը չէ, որ հողը գյուղատնտեսական նշանակության է: Նրա խոսքերով՝ համայնքապետն ու մարզպետն են պարտավոր փոխել հողի նպատակային նշանակությունը:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, թե պարբերաբար իրավապահ մարմինների կողմից արձանագրվում են դեպքեր, հարուցվում են քրեական գործեր: Սակայն, հարուցվում են գործեր այն ժամանակ, երբ ընդերքն օգտագործվել է արդեն, առկա է վնաս, որը վերականգնել հնարավոր չէ:
Նշենք, որ թեև Արմավիրի մարզպետը հորդորում է ընդերքի ապօրինի շահագործման դեպքերում դիմել իրավապահ մարմիններին, սակայն առնվազն երկու դեպքով իրավապահ մարմինները «կոծկել» են քրեական գործերը:
Մասնավորապես, մարզի Ջրառատ համայնքում ավազի ապօրինի արդյունահանմանը վերաբերող մեր հոդվածի հիման վրա 2020թ. հուլիսի 27-ին Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 188-րդ հոդվածի 1-ին մասով (Առանց պետական գրանցման, հաշվառման կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
2020թ. դեկտեմբերի 30-ին Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում հանցագործության դեպքի բացակայության հիմքով որոշել են կարճել գործը: Գրել էինք, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող Մանվել Ավետիսյանը նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մտերիմն է, իսկ Ջրառատի համայնքապետը (մինչև խոշորացումը)՝ Լևոն Երանոսյանի քրոջ որդին: Սրանով էլ ամբողջանում էր պատկերը, թե իրավապահ մարմիններն ինչու չեն «նկատել» փաստերը:
Նույնը վերաբերում էր նաև Երվանդաշատ համայնքում առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու քարի արդյունահանմանը: Մեր հրապարակումից հետո ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Սակայն դատախազությունից փոխանցել են, որ 2020թ. սեպտեմբերի 22-ին որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժել:
Այս պարագայում տեղին է մարզպետի հարցադրումն ու վրդովմունքը հայտնել ոչ միայն վարչական ղեկավարներին, այլև իրավապահ մարմիններին. «Լռում են, հետաքրքիր է՝ ինչո՞ւ են լռում»:
Մեկնաբանել