HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Առուշ Առուշանյանի, Լուսինե Ավետյանի և մյուսների գործով դատավճիռ կայացնելու

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, «Քարահունջ»-ի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի և գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ դատավճիռ կայացնելու: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ համոզմունք հայտնելով, որ «արդարությունը պետք է հաղթի»: Դատավճռի հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ 2017 թվականից Գորիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Առուշանյանի վերաբերյալ գործերը դատարան են ուղարկվել 2021 թվականի ամռանը՝ հունիս և օգոստոս ամիսներին: Դրանք վերաբերում են ինքնիրավչություն կատարելուն, պաշտոնեական դիրքի չարաշահմանը, ընտրողներին կաշառք տալուն և անձի առողջությանը վնաս պատճառելուն:

Առուշ Առուշանյանն, ըստ մեղադրանքի, Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում՝ համայնքին պատկանող հողատարածքներում «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով և ընկերության մի շարք աշխատակիցների, տեխնիկաների և տրանսպորտային միջոցների ներգրավմամբ զբաղվել է ընդերքի ապօրինի օգտագործմամբ և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:

Առուշայանին և Լուսինե Ավետյանին վերագրվում է նաև ընտրողներին կաշառք տալու արարք: Այս դրվագն առավել շատ քննարկման առարկա դարձած հանգամանքներից է, քանի որ, ըստ մեղադրանքի, Գորիսի համայնքապետարանից որպես սոցիալական օգնություն քաղաքացիներին տրված գումարներն են դիտարկվում՝ որպես ընտրակաշառք, մինչդեռ Առուշանյանը պնդում է, որ նշված քաղաքացիներին սոցիալական օգնություն առաջին անգամը չէ, որ տրամադրվել է: Հատկանշական է նաև այն, որ օգնությունը քաղաքացիներին տրամադրվել է մինչև ընտրություն անցկացնելու մասին պաշտոնական հայտարարությունը:

Առուշանյանին վերագրվող ինքնիրավչության արարքը վերաբերում է նրա ընտանիքին պատկանող խանութներից մեկում ենթադրյալ չարաշահումների հայտնաբերման դեպքին, որից հետո, ըստ մեղադրանքի կողմի, Առուշանյանը փորձել է պատճառված վնասը վերականգնել խանութի աշխատակցից բնակարան և մեքենա վերցնելու միջոցով: Համայնքապետին վերագրվող մյուս արարքը վերաբերում է Գորիսի բնակիչներից մեկի հետ վիճաբանության ժամանակ վերջինիս առողջությանը վնաս պատճառելուն:

Առուշանյանն իրենց առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter