
Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները
Մարտի 25-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները, հրադադարի խախտման առ այսօր շարունակվող դեպքերը, ինչպես նաև Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողությունները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Ասկերանի շրջանում հատել են շփման գիծն ու գրավել Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Մարտի 25-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Վիրավորվել է 14 զինծառայող, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Մեկնաբանել