
Իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական կայուն է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:
Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
Մի քանի օր է, ինչ իրավիճակը լարված է Ասկերանի շրջանում։ 2022թ․ մարտի 25-ի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, հատելով շփման գիծը, գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Բացի այդ, Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ է կիրառել Պաշտպանության բանակի զինծառայողների դեմ։
Մարտի 25-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներից վիրավորվել է 14 զինծառայող, իսկ քիչ ավելի ուշ Պաշտպանության բանակը հաղորդեց 3 զոհի մասին՝ հրապարակելով նրանց անունները։
Մարտի 26-ի առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։
Մարտի 26-ի երեկոյան էլ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանցիները փորձել են գրոհել ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար։
Մեկնաբանել