HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արցախի ամբողջ տարածքում գազամատակարարումը վերականգնվել է

Մարտի 28-ին Արցախի ամբողջ տարածքում գազամատակարարումը վերականգնվել է։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Հետքին» հայտնեցին, որ նախորդ օրը երեկոյան վերականգնվել է, և մինչ այս պահը գազամատակարարման հետ կապված որևէ բողոք քաղաքացիների կողմից չի ստացել գրասենյակը։

Հիշեցնենք՝ 2022թ․ մարտի 8-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական դիրքի մոտ վնասվել էր ՀՀ-ից Արցախ մտնող գազատար խողովակը, և ադրբեջանական կողմը խոչընդոտում էր վերանորոգման աշխատանքների իրականացմանը։

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել էին, և բնական գազը մատակարարվում էր «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Արցախում գազամատակարարումը վերականգնվել էր մարտի 19-ին։

Մարտի 21-ին Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում  հերթական անգամ դադարեցվել էր գազամատակարարումը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ բավարար հիմքեր կան պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել էր գազամատակարարումը։

Նշենք նաև, որ մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր էին տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ «Արցախգազ» ՓԲԸ-ն հայտնեց, որ ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter