HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փաշինյանը նորից նահանջում է

Երեկ Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականում ոչ թե տրամաբանորեն շարունակում են 2021 թ. նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպման արձանագրումները, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ հակասում են դրանց: Այսինքն՝ երեկվա արդյունքները «խմբագրել են» Սոչիի համաձայնությունը:

Այսպես՝ ՀՀ վարչապետի կայքը երեկվա հանդիպման ավարտին հայտնեց, որ նախորդ տարվա Սոչիի հայտարարության համաձայն՝ Բրյուսելում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ նախատեսվում է մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով: Վերջինս, ըստ հաղորդագրության, օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով:

2021-ի նոյեմբերի 26-ին Փաշինյանը, Պուտինը եւ Ալիեւը հայտարարել էին, մասնավորապես, հետեւյալը. «Պայմանավորվեցինք հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել եւ գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի եւ այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Ակնհայտ է, որ ըստ Սոչիի հայտարարության՝ կողմերը նախ պետք է երկուստեք ջանքերով բարձրացնեին միջպետական սահմանի կայունությունը, որից հետո գործընթացը պետք է գնար դեպի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծում: Բայց Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակեց սադրանքները ՀՀ-Ադրբեջան սահմանին եւ Արցախի ճակատում, որոնց հետեւանքով հայկական կողմն ունեցավ զոհեր եւ վիրավորներ: Թշնամու սադրանքների ֆոնին ՀՀ կառավարությունը եւ, մասնավորապես, ԱԳՆ-ն շարունակ հայտարարում էին սահմանից զորքերի հայելային հետքաշման եւ սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մասին, ինչն անարձագանք մնաց կամ փաստացի մերժվեց Ադրբեջանի կողմից:

Երբ Հայաստանը հայտարարում էր Սոչիի հայտարարությունից բխող քայլերի անհրաժեշտության մասին, Ադրբեջանը դա որակում էր նախապայման:

Սրան ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով Սոչիի պայմանավորվածություններին, այս տարվա փետրվարին հայտարարեց. «Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորում: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը եւ դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: ՀՀ-ն, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձեւակերպել: Ադրբեջանական կողմը որեւէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ: Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ»:

Ահա այսքանից հետո Բրյուսելում ականատես եղանք Սոչիի համաձայնության կոնկրետ փոփոխության. դելիմիտացիայի հանձնաժողովը կստեղծվի ոչ թե սահմանին իրավիճակը կայունացնելուց հետո կամ այդ ֆոնին, այլ հենց ինքը՝ այդ երկկողմ հանձնաժողովն է իբր զուգահեռաբար զբաղվելու սահմանի երկայնքով անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցերով:

Փաշինյանի կողմից սա նահանջ է նախկինում ձեռք բերած պայմանավորվածություններից:   

Բնականաբար, ինչպես Սոչիի պայմանավորվածությունը սահմանային կայունության մասով մնաց թղթի վրա, ապա փոփոխվեց Բրյուսելում, այնպես էլ այստեղ ձեռք բերված վերջին համաձայնությունը այդ նույն հարցով, դատելով Բաքվի գործելաոճից, մնալու է օդում: Այսինքն՝ դելիմիտացիայի հանձնաժողովը, ըստ էության, պետք է քարտեզների վրա աշխատի կողմերից մեկի սադրանքների ու ագրեսիայի պայմաններում, ինչը գործնականում գրեթե անհնար է: Էլ չենք խոսում դեմարկացիայի մասին, երբ աշխատանքները պետք է կատարվեն տեղանքում:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, որը խնդրի կողմերից ու միջնորդներից միայն Ադրբեջանն է համարում լուծված, ապա այստեղ նկատելի է միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի նվազեցում թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի կողմից: Որքան էլ համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար խոսեն Մինսկի խմբի գործոնի մասին, ակնհայտ է հետեւյալը. Բաքվի կողմից այս խմբի գործունեությունը տորպեդահարելուց հետո Մոսկվան գործի է դրել Պուտինի միջնորդությամբ եռակողմ հանդիպումների ֆորմատը, որոնք կայացել են 2021-ի հունվարին Մոսկվայում ու նոյեմբերին Սոչիում, իսկ Արեւմուտքը կիրառում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի միջնորդությամբ ձեւաչափը, որի դրսեւորումներ էին երեկվա եւ 2021-ի դեկտեմբերին կայացած բրյուսելյան հանդիպումները:

Մինսկի խմբի մասով ամենահատկանշականը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուի ամփոփիչ հայտարարությունն էր Հարավային Կովկաս այցելելուց հետո: Դիվանագետն, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին, ընդհանրապես չի հիշատակել ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխարենը խոսել է այլ նախաձեռնությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի՝ իր հայրենակից Անջեյ Կասպրշիկի դերի կարեւորության մասին: Սա առավել քան խոսուն փաստ է:

«Լեհաստանը ԵԱՀԿ նախագահող երկրի կարգավիճակում վճռականորեն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են երկխոսությանն աջակցելուն, որն անհրաժեշտ է տեղում պահպանվող լարվածության նվազմանը։ Մենք ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին բարեխղճորեն կոչ ենք անում բանակցություններ վարել, որպեսզի հանգեն չլուծված բոլոր հարցերի համապարփակ կարգավորմանը,- մասնավորապես հայտարարել է Ռաուն, իսկ դեսպան Կասպրշիկի մասին ասել,- նրա աշխատանքը կարող է լրացուցիչ օգուտ բերել՝ նպաստելով անվտանգությանը, ամրապնդելով վստահությունը, հեշտացնելով հումանիտար հասանելիությունը եւ ներդրում ունենալով կենսական կարեւորություն ունեցող մյուս հարցերի լուծման գործում»:

Տակավին վերջերս ՀՀ իշխանությունները ջանքեր էին գործադրում՝ Մինսկի խմբին ջրի երեսին պահելու համար: Այսպես՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 սկզբունքներին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն մարտի 14-ին հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը։ Սրան պատասխանեց Ադրբեջանի հովանավոր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն. «Մենք խոսում ենք խաղաղության եւ կայունության մասին։ Սակայն դրա համար Հայաստանում եւս պետք է այդ գիտակցումը լինի։ Իմ կարծիքով՝ խաղաղության պայմանագրի բանակցություններում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չպետք է լինի»։ Նպատակը պարզ է՝ հայ-ադրբեջանական շփումներից ամեն կերպ դուրս մղել Մինսկի խմբին:

Մարտի 15-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ադրբեջանական առաջարկի մասին հայտարարեց. «Առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային եւ հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները եւ ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»: Հայ-ադրբեջանական բանակցությունների մասին խոսելիս Միրզոյանը կրկին հիշեցրեց Մինսկի խմբի միջնորդության մասին:

Սակայն Արցախում ադրբեջանական սադրանքների հետեւանքով լարվածության աճի եւ հատկապես մարտի 24-ին Փառուխ գյուղի շուրջ ծավալված իրադարձությունների ֆոնին ՀՀ անվտանգության խորհուրդը մարտի 28-ին Ադրբեջանին առաջարկեց անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

Եվ ահա Բրյուսելի այս վերջին հանդիպման մասին վարչապետի կայքը հայտնել է. «Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջեւ խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները»: Մինսկի խմբի մասին ոչ մի խոսք չկա, ինչը եւս մեկ նահանջ է Փաշինյանի կառավարության կողմից: Չնայած սրան՝ կառավարության այսօրվա նիստին վարչապետը հայտարարեց, թե նախկինի պես հայկական կողմն էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը եւ պիտի շարունակի աշխատել այդ ուղղությամբ։ Տպավորություն է, որ սա այլեւս բարի ցանկություն է, իսկ իրականությունն այլ է: 

Խաղաղության շուրջ բանակցությունների վերաբերյալ այսօր Փաշինյանը կրկնեց, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների՝ ընդգծել են, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, եւ ՀՀ-ի համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաեւ Լեռանային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը: 

Այս պայմաններում անհասկանալի է, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները հարցերի ինչ շրջանակ են ներառելու: Եթե կողմերից մեկը համարում է, որ չկա ԼՂ հակամարտություն, եւ նույնիսկ խուսափում է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության կիրառումից, իսկ մյուսը պնդում է, որ իր համար սկզբունքային եւ հիմնարար է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը, ու այս երկուսը, ինչպես ներկա հանգամանքներն են ցույց տալիս, պիտի բանակցեն առանց միջնորդների, ապա ի՞նչ է լինելու նման բանակցությունների ապագան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter