
Աղաջանյան. «Արցախի մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է`արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա ու չի կարող լինել:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ասաց պատգամավորը` անդրադառնալով երեկ երեկոյան Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում ընդունված հայտարարությանը: Հիշեցնենք, որ վերջիններս կոչ են անում Հայաստանի իշխանություններին «հրաժարվել ներկայիս աղետալի դիրքորոշումից» և հայտարարում, թե Արցախն Ադրբեջանի կազմում մեկ ապագա ունի` ցեղասպանություն:
«Ինչ վերաբերում է հայտարարությանը, ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում: Կրկնում եմ` որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել»,- ասաց նա:
Աղաջանյանի հավաստմամբ` խաղաղության օրակարգն ամբողջությամբ միտված է արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը:
Արցախի խորհրդարանի պատգամավորների հայտարարության հեղինակման համար հիմք էին հանդիսացել վերջին երկու օրերին Հայաստանի խորհրդարանում վարչապետի և իշխանական պատգամավորների ելույթները: Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը կոչ է անում իջեցնել ԼՂ-ի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը: ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ իր ելույթում ասել էր, թե տարիներ առաջ շրջանառության մեջ դրված թեզը, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա չունի, ըստ իրեն, ճիշտ չէ: Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսի Հակոբյանի գնահատմամբ` նման միտք արտահայտողները պետական հանցագործներ են:
Աղաջանյանը, սակայն, հայտարարեց, որ վարչապետի ելույթում Արցախն Ասդրբեջանի կազմում լինելու մասին ոչինչ չի ասվել: Դիտարկմանը, որ վերջինիս ներկայությամբ իր քաղաքական թիմից են նման մտքեր արտահայտել, Աղաջանյանն ասաց.
«Երբ նշվում է նշաձողի իջեցման մասին, խոսքն առաջին հերթին այն նշաձողի մասին է, որի արդյունքում կապահովվի Հայաստանի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որ առնվազն հայանպաստ լուծումը կդառնա ավելի հավանական: Մենք երեսուն տարվա բանակցային փորձ ունենք, որի ընթացքում ունեցել ենք որոշակի նշաձող` այդ թվում պայմանավորված դրանով ՀՀ-ն այդ երեսուն տարիների ընթացքում, ըստ էության, եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ, որի հետևանքները բոլորս տեսնում ենք հընթացս, նաև տեսանք պատերազմի ընթացքում և դրանից հետո»:
Ըստ Էդուարդ Աղաջանյանի` ժամանակն է հետևություններ անել սեփական սխալներից և շարժվել իրատեսական նկատառումներով: Նրա խոսքով` այդ իրատեսական շարժառիթներով է պայմանավորված այն, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում միջազգային հանրության հետ նույն գծի վրա լինելը: Աղաջանյանը դա չափազանց կարևոր պայման է համարում, որպեսզի կոնֆլիկտը լուծվի առավել հայանպաստ ձևով:
«Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ պետք է ընդունելի լինի բոլորի համար, առաջին հերթին արցախցիների: Խոսքն այնպիսի պայմանների մասին է, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, և որի առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցիները չեն ուզենա լքել Արցախը: Հակառակ պարագայում՝ այն լուծումը, որը կառաջարկվի, բնականաբար, չի լինի ՀՀ-ի շահերին համապատասխան, որևէ լուծում, որի հետևանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել»,- եզրափակեց Ա. Աղաջանյանը:
Մեկնաբանել