
Ազատության հրապարակ. օր երրորդ
Արդեն երրորդ օրն է, ինչ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Առավոտյան ժամերին Ազատության հրապարակը սակավամարդ էր, սակայն պարբերաբար հրապարակ էին գալիս տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ:
Ազատության հրապարակից մի քանի րոպե բացակայած Արթուր Վանեցյանը վերադարձավ կնոջ հետ:
Տարածքում ծառայություն են իրականացնում ինչպես ոստիկանները, այնպես էլ ԱԱԾ նախկին տնօրենի անվտանգությունը հսկող իր անձնական անվտանգության աշխատակիցները, որոնք նախկինում ՊՊԾ-ականներ էին:
Երեկվանից Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարել արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը։ Երիտասարդները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ իրենց ինքնազգացողությունը լավ է: Նվեր Կիրակոսյանի խոսքով՝ իրենց այս որոշման համար հիմք է հանդիսացել Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարությունը:
Երիտասարդների ներկայացմամբ՝ իրենց հայտարարած անժամկետ հացադուլն իր խնդիրը կհայտարարի կատարած, եթե հավաքվի այն կրիտիկական զանգվածը, որն իրենք պատկերացնում են:
«Մեր քայլը համարժեք արձագանք է ծայրահեղ իրականությանը, մենք ծայրահեղ չենք, սթափ մարդիկ ենք, ուղղակի իրավիճակին որպես արձագանք սա է այս պահին»,- ասաց Նվեր Կիրակոսյանը:
Ազատության հրապարակ էին եկել «5165» շարժման անդամները, շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը նախ մոտեցավ երիտասարդներին, ողջագուրվեց վերջիններիս հետ, ապա հայտարարությամբ հանդես եկավ:
«Այսօրվանից 5165 շարժումը դադարեցնում է իր գործունեությունը ու համախմբվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, նրան հեռացնելու, Արցախը փրկելու գաղափարի շուրջ: Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որ կարողանանաք հավատ ու վստահություն ներշնչել ժողովրդին»,- ասաց Տոնոյանը:
Վերջինս կոչ արեց պայքարը չանձնավորել՝ նշելով, որ Ազատության հապարակում յուրաքանչյուրն ունի իր տեղը:
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը երեկվա ասուլիսին հայտարարեց՝ որոշել են պայքարն իրականացնել ապակենտրոն՝ ցանցային ճանապարհով:
«Այո, մենք ունենք հստակ գործողությունների պլան և որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք բողոքի այլ ակցիաների մեկնարկին ու ընթացքին»,-ասել էր նա:
Մեկնաբանել