HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Վանեցյան. «Որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն` ցանցային ճանապարհով»

Մանդատ դնել-չդնելը տեխնիկական հարց է, բայց, այնումենայնիվ, իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում` փողոցի ճնշման տակ:

Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսին նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ Վանեցյանը երեկվանից անժամկետ բողոքի ակցիա է սկսել եւ հայտարարել, որ չի գնալու Ազատության հրապարակից: Պատգամավորի խոսքով` մանդատներն իրենց պետք են իշխանափոխության գործն ավարտին հասցնելու համար:

«Անժամկետ բողոքի ակցիան մեկ նպատակ ունի` հանուն մեր մեծ հայրենիքի անվտանգության, Արցախի անվտանգության, հանուն հայ ժողովրդի լինել-չլինելու և որ վերջ դնենք այս ամոթալի ժամանակաշրջանին, որը բերեցին այս իշխանությունները: Ինչը դրդեց ինձ այսպես անսպասելի իրականացնել այս միջոցառումը. գործող վարչապետի հայտնի ելույթը երկրում այլ իրավիճակ է ստեղծել: Այդ ելույթում թույլ են տրված այնպիսի մտքեր, որն անընդունելի է հայ ազգի մեծամասնության  համար»,-ասաց նա:

Արթուր Վանեցյանի գնահատմամբ` ամենավտանգավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը ոչ միայն Հայաստանում են լսել։ Այն լսել է նաև միջազգային հանրությունը, այդ թվում` թշնամի երկիրը: Փաշինյանի ելույթն ԱԱԾ նախկին տնօրենը բնորոշեց որպես Հայաստանի ու Արցախի մահախոսական:

«Պետք է գործել անհապաղ ու փորձել դուրս գալ այս վիճակից, սա ոչ միայն Արցախի, այլ հայ ազգի լինել-չլինելու հարցն է: Եթե հիմա չկարողանանք կանգնեցնել պարտությունների այս չընդհատվող անիվը, մենք իրապես կորցնելու ենք մեր երկիրը»,-ասաց Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով` իր համար անսպասելի էր, որ այդքան մարդ կգա Ազատության հրապարակ ու կզրուցի իր հետ այս վիճակի վերաբերյալ: Ըստ նրա` բոլորը պատրաստ են պայքարի ու խոստում են պահանջում իրենից առ այն, որ գնալու է մինչև վերջ՝ մինչև գործող իշխանությունների հեռացում:

«Հոսքը շատ մեծ է, գալիս են մարդիկ, որոնք նախկինում երբեք չեն մասնակցել որևէ ակցիայի, չեն հանդիանում որևէ կուսակցության անդամ, գալիս են հաջողակ մարդիկ, մարդիկ, որոնք սոցիալական ծանր վիճակում են, և բոլորի պահանջը մեկն է` վերջ տալ այս քաոսին»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք ընդդիմությունն իրեն է պատվիրակել շարժման առաջնորդությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ նման հանձնառություն չի ստացել, այստեղ է որպես ՀՀ քաղաքացի:

«Ես եկել եմ իմ բողոքի ձայնը բարձրացնելու, ես փորձել եմ մարդկանց ուշադրությունը հրավիրել այս վիճակի վրա: Այս մեկ օրվա ընթացքում բոլոր ընդդիմադիր կուսակցություններից, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության գործընկերները եղել են իմ կողքին, մենք միասին մտածել ենք՝ ինչ անենք: Ես հավաստիացնում եմ, որ մեր բոլորի նպատակը մեկն է, բայց որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն՝ ցանցային ճանապարհով: Այո, մենք ունենք հստակ գործողությունների պլան և որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք բողոքի այլ ակցիաների մեկնարկին ու ընթացքին»,-ասաց նա:

Վանեցյանը հայտարարեց` այս պայքարն իշխանության համար չէ, այլ ունի մեկ նպատակ` ուժեղ Արցախ ու Հայաստան:

«Խորհրդարանական ընդդիմությունը չի՞ պատրաստվում վայր դնել մանդատները և առաջնորդվել միայն փողոցային պայքարով» հարցին Վանեցյանն արձագանքեց. «Համարեք, որ դրել ենք մանդատները, այստեղ ենք, փողոցում ենք, խորհրդարանում չենք, ժողովրդի հետ ենք: Ես այլևս չգիտեմ խորհրդարանում ինչ պետք է քննարկեմ, ինչի՞ մասին խոսեմ մի խորհրդարանում, որտեղ հայտարարություններ են հնչում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ հայը կարող է ապրել արդբեջանցիների հսկողության տակ: Մանդատ դնել-չդնելը տեխնիկական հարց է, բայց, այնուամենայնիվ, իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում` փողոցի ճնշման տակ, և այդ մանդատները մեզ պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար»:

Դիմելով Ազատության հրապարակում հավաքված մարդկանց՝ Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն հայրենիքի և չեն գնալու հրապարակից, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին` իշխանության հեռացմանը:

Հիշեցնենք, որ կառավարության գործունեության զեկույցի խորհրդարանական քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում: Այս ելույթից հետո ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ 90-ականներին գոյություն ունեցող այն թեզը, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ըստ իրեն, ճիշտ չէ:

Արցախի խորհրդարանը հայտարարության տեսքով արձագանքեց Հայաստանի իշխանություններին` կոչ անելով «հրաժարվել ներկայիս աղետալի դիրքորոշումից»: Խորհրդարանական ընդդիմությունը ողջունեց Արցախի խորհրդարանի հայտարարությունը` ասելով, թե իրենց ժամանակ է պետք՝ հստակ գործողություններ մշակելու համար:

Նշենք նաև, որ Վանեցյանին միացած երկու քաղաքացիներ անժամկետ հացադուլ են հայտարարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter