HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ. նախապատրաստվում է 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպումը

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են, ընդ որում՝ կողմերի համաձայնությամբ դռները շարունակում են բաց մնալ Վրաստանի համար։ Այդ մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ 

«Ներկայումս ընթանում է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երկրորդ նիստի անցկացման նախապատրաստությունը։ Վայրի և ժամկետների վերաբերյալ կհայտարարվի»,- ասել է Գոնչարը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ճիշտ է համարում «3+3» հարթակի ակտիվ գործարկումը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար՝ հավելելով, որ այդպիսի համագործակցությունը ենթադրում է հարցերի հավաքական քննարկում, չի թեժացնում քաղաքական հակասությունները, ընդհակառակը՝ նպաստում է փոխադարձ վստահության բարձրացմանը։

Գոնչարը նշել է, որ այս համատեքստում գերակա ուղղությունները կլինեն առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրագործումը։

Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։ 

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Մյուս երկրները ևս մասնակցել են նախարարների տեղակալների մակարդակով, իսկ Իրանը ներկայացնում էր ԱԳՆ գլխավոր տնօրենը։ 

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ 

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր այս  նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ tehrantimes.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter