HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի փորձագիտական մարմին ստեղծելու գաղափար կա

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն (ՏԿԵՆ) առաջարկում է իր կազմում ստեղծել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի փորձագիտական մարմին: Այս մասին տեղեկանում ենք «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի հիմնավորումից, որը ներկայացրել է ՏԿԵՆ-ը:

Ավիացիոն պատահարը իրադարձություն է, որի ժամանակ որեւէ անձ ստանում է մահացու կամ լուրջ մարմնական վնասվածք, կամ երբ ավերվում է օդանավի կառուցվածքը, ինչը սովորաբար պահանջում է խոշոր նորոգում կամ վնասված տարրի փոխարինում: Պատահար են համարվում նաեւ այն դեպքերը, երբ օդանավն անհետ կորչում է կամ հայտնվում է այնպիսի տեղում, որտեղ դրան մոտենալն անհնար է: Մարդկային զոհի հանգեցրած պատահարը դասակարգվում է որպես աղետ, իսկ առանց զոհի պատահարը՝ վթար:

Միջադեպը օդանավի օգտագործման հետ կապված ցանկացած իրադարձություն է՝ բացի պատահարից, որն ազդում կամ կարող է ազդել օդանավի շահագործման անվտանգության վրա: 

Միջադեպի տեսակ է լուրջ միջադեպը. սա իրադարձություն է, որի հանգամանքները ցույց են տալիս օդանավի օգտագործման հետ կապված ավիացիոն պատահարի մեծ հավանականությունը: Պատահարի եւ լուրջ միջադեպի միջեւ տարբերությունը միայն հետեւանքների մեջ է:

Ներկայում, համաձայն «Ավիացիայի մասին» օրենքի, ավիացիոն միջադեպերի մասնագիտական քննությունը, թռիչքային անվտանգության հարցերում առկա միտումների վերլուծությունն ու ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա միջադեպերի եւ պատահարների կանխարգելման նպատակով տեղեկատվության տրամադրումն իրականացնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ), որը ՏԿԵՆ-ին ենթակա մարմին է:

Օրենքը նշում է նաեւ ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության լիազոր մարմնի մասին, որն իրականացնում է քաղավիացիայում ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննությունը, թռիչքային անվտանգության հարցերում առկա միտումների վերլուծությունը եւ ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով տեղեկատվության տրամադրումը:

Կառավարության 2003 թ. որոշմամբ սահմանվել է, որ ավիացիոն պատահարների եւ միջադեպերի քննության բնագավառում գործունեության կարգավորման լիազոր պետական մարմինը հենց ՔԱԿ-ն է:

«Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ պատահարների եւ լուրջ միջադեպերի մասնագիտական քննության բոլոր փուլերը կազմակերպում, վարում եւ վերահսկում է, ինչպես նաեւ քննության բոլոր մասնակիցների գործողությունները համակարգում է լիազոր մարմնի ձեւավորած հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովի գործունեությունն անկախ է լիազոր մարմնից եւ այլ մարմիններից, որոնց գործունեությունը կամ շահերը կարող են բախվել հանձնաժողովի գործառույթներին:

Ըստ կառավարության 2003 թ. որոշման՝ ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավերի հետ տեղի ունեցած պատահարի դեպքում քննությունն անհապաղ կազմակերպում եւ վարում է ՀՀ վարչապետի կողմից նշանակված հանձնաժողովը, իսկ լուրջ միջադեպի քննությունը անհապաղ կազմակերպում եւ վարում է ՔԱԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովը: Սակայն կառավարությունն առանձին դեպքերում կարող է նշանակել քննություն անցկացնող հատուկ հանձնաժողով: Ինչ վերաբերում է պատահար կամ լուրջ միջադեպ չհանդիսացող միջադեպի քննությանը, ապա, ըստ գործադիրի որոշման, անհրաժեշտության դեպքում այդ քննությունը կազմակերպում եւ վարում է ՔԱԿ-ը, այսինքն՝ հանձնաժողով չի ձեւավորվում:

Իսկ եթե ՀՀ-ում գրանցված կամ շահագործվող քաղաքացիական օդանավի հետ պատահար կամ լուրջ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ-ի սահմաններից դուրս՝ արտերկրում, ապա ՔԱԿ-ը տվյալ երկրում վարվող քննությանը մասնակցելու համար նշանակում է լիազոր ներկայացուցիչ, որին օգնելու համար կարող են նշանակվել խորհրդականներ:

Հայկական քաղավիացիային առնչվող վերջին պատահարը տեղի է ունեցել արտերկրում՝ 2019 թ․ հոկտեմբերի 9-ին, երբ հայկական «Մարս Ավիա» ավիաընկերության հաշվեկշռում գրանցված եւ արտերկրում շահագործվող «Ան-74» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-74008) տեխնիկական խնդիրների պատճառով Մոգադիշոյի օդանավակայանում վայրէջք էր կատարել առանց բացված շասսիի՝ «փորի վրա» (տես ստորեւ)։

ՔԱԿ-ը հայտարարել էր, որ օդանավը պատահարի հետեւանքով վնասվել է, սակայն ներսում գտնվող 4-հոգանոց անձնակազմը չի տուժել։ «Հետքը» ճշտել էր, որ անձնակազմը բաղկացած էր ռուսներից, իսկ տրանսպորտային ինքնաթիռը եղել է դատարկ՝ առանց բեռի։ Կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը մեզ հայտնել էր, որ պատրաստվում են քննությանը մասնակցելու համար Սոմալի գործուղել ՔԱԿ-ի լիազոր ներկայացուցչին։

Պատահարից հետո, այդուհանդերձ, EK-74008-ը շարք վերադարձավ, իսկ ավելի ուշ դուրս բերվեց օդանավերի հայկական ռեգիստրից ու գրանցվեց Ուկրաինայում «Կոնստանտա» ավիաընկերության անունով։

Վերադառնալով պատահարների եւ լուրջ միջադեպերի քննությանը՝ նշենք, որ ՏԿԵՆ-ը «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի հիմնավորման մեջ գրել է, թե ելնելով օրենքի ու քաղավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի դրույթներից, ինչպես նաեւ պետության առջեւ ծառացած խնդիրներից՝ անհրաժեշտություն կա նախարարությունում ձեւավորել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի փորձագիտական մարմին:

Սա նշանակում է, որ նախարարությունը պատահարների եւ լուրջ միջադեպերի քննությունը ցանկանում է առանձնացնել ՔԱԿ-ից եւ տեղափոխել իր անմիջական վերահսկողության տակ։ Այս առումով ՏԿԵՆ-ը նշել է, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ ինքն է մշակում եւ իրականացնում տրանսպորտի (այդ թվում՝ օդային) բնագավառում պետական քաղաքականությունը․ նախարարության հիմնական խնդիրներից են տրանսպորտի բնագավառի գործունեության արդյունավետ կառավարումը, համակարգումը, միջպետական համագործակցությունը, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում ՀՀ շահերի պաշտպանությունը:

Նկատենք, որ մի շարք գործառույթներ, ըստ «Ավիացիայի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների, ՔԱԿ-ի փոխարեն վերապահվելու են անմիջապես նախարարությանը եւ նախարարին, սակայն դրանց կանդրադառնանք մեկ այլ հոդվածում։

Իսկ նոր ստեղծվելիք փորձագիտական մարմնի ու ՔԱԿ-ի տարանջատման մասին ՏԿԵՆ-ը նշել է․ «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի փորձագիտական մարմնի ստեղծումը բխում է պետության կողմից միջազգային կազմակերպություններում ստանձնած պարտավորություններից։ Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի փորձագիտական մարմինը պետք է լինի անկախ պետական ​​ավիացիոն մարմիններից եւ այլ կազմակերպություններից, որոնք կարող են միջամտել նշված մարմնի աշխատանքներին կամ ազդել դրա օբյեկտիվության վրա»:

Տես նաեւ՝

Գլխավոր նկարը՝ videocopilot.net-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter