HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օդանավը վթարային վայրէջք է կատարել Սոմալիում. անձնակազմում հայեր եւ զոհեր չկան

Երեկ՝ Երեւանի ժամանակով 15:20-ի սահմաններում, հայկական «Մարս Ավիա» ավիաընկերության «Ան-74» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում: Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ օդանավը չբացված շասսիով («փորի վրա») նստում է վազքուղու վրա:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն այսօր հայտարարել է, որ պատահարի հետեւանքով օդանավը վնասվել է եւ ենթակա է վերականգնման: ՔԱԿ-ը հավելել է, որ օդանավում վթարային վայրէջքի ժամանակ եղել է միայն անձնակազմը, ու, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ անձնակազմը բաղկացած էր 4 հոգուց՝ օդաչու-քննիչ, օդաչու-հրահանգիչ, շտուրման, բորտ-մեխանիկ: Բոլորն էլ ռուսներ են: Ըստ Գյուրջյանի՝ օդանավը թռչում էր դեպի Մոգադիշո, բայց թե ինչու շասսին չի բացվել, առայժմ դժվար է ասել, քանի որ քննություն պիտի ընթանա: Տրանսպորտային օդանավը, մեր զրուցակցի տեղեկացմամբ, վայրէջքի պահին եղել է դատարկ, դրանում բեռ չի եղել: Այս առումով նշենք, որ «Մարս Ավիան» Աֆրիկայում մասնագիտացած է բեռնափոխադրումների ոլորտում, չնայած ընկերության շարժակազմում կան նաեւ ուղեւորատար օդանավեր:

Հետաքրքիր է, որ չնայած նման կոշտ վայրէջքին, օդանավի մետաղե իրանի ու վազքուղու ասֆալտի շփմանը՝ հրդեհ չի բռնկվել: Սոմալիի garoweonline.com կայքը, հղում անելով տեղի ավիացիոն իշխանության ներկայացուցչին, նշել է, որ շասսիի խափանումից հետո անձնակազմը կարողացել է ապահով վայրէջք կատարել, միաժամանակ այդ պահին վազքուղու հարեւանությամբ սպասելիս են եղել հրշեջները: Չնայած պատահարը որոշակի ազդել է Մոգադիշոյի օդանավակայանի թռիչքների գրաֆիկի վրա, աշխատանքներն այստեղ կաթվածահար չեն եղել:     

Քանի որ ինքնաթիռը վնասվել է եւ ենթակա է վերականգնման, տեղի ունեցածը համարվում է ավիացիոն պատահար, որի վերաբերյալ պետք է անցկացվի քննություն: Համաձայն գործող կարգի՝ «ՀՀ-ում գրանցված կամ շահագործվող քաղաքացիական օդանավերի՝ ՀՀ սահմաններից դուրս տեղի ունեցած պատահարների քննության ժամանակ, եւ, երբ այդպիսի պատահարների քննությունը վարվում է իրադարձության վայրի պետության քննության մարմինների կողմից, քաղավիացիայի կոմիտեն նշանակում է լիազոր ներկայացուցիչ՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի N 13 հավելվածի: Լիազոր ներկայացուցչին օգնելու համար կարող են նշանակվել խորհրդականներ»: Կարեն Գյուրջյանը մեզ հայտնեց, որ առայժմ ՔԱԿ-ի կապը միայն «Մարս Ավիայի» հետ է եղել, կոմիտեում սպասում են Սոմալիի ավիացիոն իշխանությունների զեկույցին, որից հետո պատրաստվում են մեր ներկայացուցչին ուղարկել այնտեղ:

«Մարս Ավիայի» «Ան-74Տ-100» տիպի այս ինքնաթիռը ՀՀ-ում գրանցվել է 2017-ի նոյեմբերի 11-ին որպես EK-74008: Գրանցումը վավեր է մինչեւ այս տարվա նոյեմբեր, մյուս կողմից, ըստ Կ. Գյուրջյանի, օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը գործում է մինչեւ այս հոկտեմբերի վերջ, այսինքն՝ ժամկետի մեջ է:

Հայաստանի օդանավերի մասին պատմող հոդվածում նշել ենք, որ EK-74008-ն արտադրվել է 1992-ի ապրիլին, այսինքն՝ 27 տարեկան բորտ է: Կարեն Գյուրջյանը հայտնեց, որ դրա բազավորման վայրը Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանն է: Նշենք, որ սա աֆրիկյան փոխադրումներում ներգրավված «Մարս Ավիայի» օդանավերի հիմնական բազան է: Հայաստանի օդանավերի մասին հոդվածում գրել էինք նաեւ, որ սա «Մարս Ավիայի» միակ «Ան-74»-ը չէ, ընկերությունն այդպիսի եւս 2 բորտ ունի (EK-74052, EK-74923):

Հետաքրքիր է, որ Մոգադիշոյում վթարված օդանավը 1992-ին Խարկովի գործարանում թողարկվել է իբրեւ «Ան-74», սակայն 1995-ին վերափոխվել է «Ան-74Տ-100»-ի՝ դառնալով նման առաջին ինքնաթիռը:  «Ան-74Տ-100» տիպի օդանավերը նախատեսված են բարդ պայմաններում թռիչքների համար, «Ան-74» շարքի մյուս տեսակներից տարբերվում են աերոնավիգացիոն սարքավորումների լրակազմով: EK-74008-ը նախկինում շահագործվել է Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Հայաստանում գրանցվելուց առաջ շահագործողը եղել է ռուսական «Գազպրոմավիան»:

«Հետքը» նախկինում բազմիցս գրել է Աֆրիկայում տարբեր մութ պատմությունների մեջ հայտնված օդանավերի մասին: Գրել ենք նաեւ 2012-ի նոյեմբերի 30-ին Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլում կործանված «Իլ-76»-ի (EK-76300) եւ 2015-ի նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում աղետի ենթարկված «Ան-12»-ի (EY-406) մասին: Այս երկու աղետների հետեւանքով զոհվեց ավելի քան 70 մարդ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter