HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությունը շարունակում է իրազեկման երթեր իրականացնել․ բողոքի ակցիաների 2-րդ օրը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են իրազեկման երթեր և բողոքի ակցիաներ անցկացնել՝ իշխանության հեռացման պահանջով։ Ընդդիմության բողոքի ակցիաների 2-րդ օրը՝ հակիրճ։

Ապրիլի 26-ի առավոտյան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դաշնակցական երիտասարդներն ու մի խումբ քաղաքացիներ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից սկսել են իրենց դիմադրության երթը դեպի Երևան։

Հիշեցնենք, որ երեկ իրազեկման երթը մեկնարկել էր Իջևանից։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ակցիա է իրականացրել Կոմիտաս պողոտայում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հաղորդել է, որ ոստիկանները բերման են ենթարկել երիտասարդներին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնել է, որ արագ արձագանքման խմբերը ապրիլի 25-ին և 26-ին իրականացրել են այցեր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: 

«Ոստիկանության բաժիններ իրականացրած այցերի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել թվով 24 բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, նրանց իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև Ոստիկանության իրավասու ներկայացուցիչների հետ:

Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձինք պնդել են, որ մինչ իրենց բերման ենթարկելը Ոստիկանության ծառայողների կողմից չի հնչեցվել որևէ պահանջ, իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ: Բացի դրանից, արձանագրվել է, որ ապրիլի 25-ին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու գործողություններն իրականացրել են նաև քաղաքացիական հագուստով Ոստիկանության ծառայողներ:

Այցերի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն»,- տեղեկացրել են ՄԻՊ գրասենյակից։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն էլ այսօր միացել էր զոհվածների հարազատների կազմակերպած ակցիային և եկել Դատախազություն։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն, անդրադառնալով այն դիտարկմանը, թե իրեն այլ ուժեր են դրդել պայքարի դուրս գալ, ասել է․ «Ես շատ լավ հասկանում եմ և գիտակցում եմ, որ եթե Հայաստանի քաղաքական շրջանակների վրա լինի հատկապես օտարերկրյա ազդեցություն, դա կարող է կործանարար լինել մեր երկրի համար: Մենք պետք է առաջնորդվենք բացառապես հայկական շահերի առաջ մղմամբ»։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը էլ չի կարող ազդել, ԱԱԾ նախկին ղեկավարը պատասխանել է. «Ռուսաստանն ո՞վ է, որ մեզ վրա ազդի. Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց ի՞նչ գործ ունի մեր ներքին քաղաքական հարցերի հետ»:

Վանեցյանի նաև նշել է, որ առաջիկայում ավելի շատ բողոքի ակցիաներ կլինեն։

«Մեր հայենակիցները ավելի շատ դուրս կգան փողոց, և մենք փողոցում կունենանք այն կրիտիկական զանգվածը, որի դիմաց այլևս իշխանությունը չի կարող դիմակայել։ Փաշինյանը չի կարող ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, երբ լինի այն քանակը, որը մենք սպասում ենք, հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչպես է փոխվել մարդկանց վերաբերմունքը»,- ասել է նա։

Իսկ «Դիմադրություն» շարժման իրազեկման երթը ժամը 18։30-ից մեկնարկել է Սասունցի Դավթի արձանի տարածքից: 

Տերյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում շարժման անդամներն, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, նստել են փողոցում՝ դադարեցնելով երթևեկությունը։

Ընդդիմության այսօրվա երթերն ավարտվել են Ազատության հրապարակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter