HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նույն հանքավայրին երկրորդ լիցենզիա չի կարող տրամադրվել, եթե ընդերքօգտագործման իրավունքը վիճարկվում է դատարանում

Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությունները դեռևս չեն կիրառվում դատարանում

Նույն հանքավայրում ուսումնասիրություն կատարելու կամ արդյունահանում իրականացնելու համար այլ հավակնորդներ չեն կարող լիցենզիա ստանալ, եթե այդ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի վերաբերյալ դեռևս դատական վեճ կա, և չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ 

Այսպես պարզաբանեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլիա Շուշանյանը, որը մասնակցել է «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունների փաթեթի կազմման աշխատանքներին։ 

Լիլիա Շուշանյանն անդրադարձավ մեր դիտարկմանը, թե դատարանում նման փաստարկներ են բերվում, և, օրինակ, Սոֆի-բինայի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը վիճարկող «Վարդանի զարթոնք»-ը միջնորդել է կասեցնել նախարարի հրամանի կատարումը մինչև բուն գործով վեճն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Այդ միջնորդությամբ ընկերությունը հիմնավորել է, թե նախարարի հրամանը չկասեցնելու հետեւանքով պետությունը, ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մինչև դատական գործի ավարտը կարող է այլ իրավաբանական անձի տրամադրել տվյալ հանքավայրի շահագործման իրավունքը: Հետագայում, ըստ հայցվորի, երբ դատական վեճն ավարտվի հօգուտ իրենց, «Վարդանի զարթոնքը» չի կարողանա շահագործել տվյալ հանքավայրը, քանի որ արդեն այլ անձ շահագործած կլինի ամբողջությամբ կամ մասամբ, ինչը կբերի հայցվորի իրավունքները հետագայում պաշտպանելու անհնարինության:

Լիլիա Շուշանյանը նշում է, որ դա մոլորեցնող փաստարկ է, և նման բան օրենքով տեղի ունենալ չի կարող։

«Ընդերքի մասին» օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ կետի 10-րդ մասով սահմանվում է, որ լիազոր մարմինը մերժում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը, եթե ընդերքի այն տեղամասը կամ դրա մի մասը, որի համար դիմումատուն դիմել է, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցված օբյեկտ է, և տվյալ իրավունքի դադարեցման մասին վարչական ակտը բողոքարկվել է դատական կարգով, և առկա չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։ Նույնը վերաբերում է նաև երկարաբանական ուսումնասիրություններ իրականացնելուն։

Վերջին շրջանում նույն հանքավայրերի վերաբերյալ տարբեր հավակնորդներ են հայտնվում, չնայած այդ հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը դեռևս վիճարկվում է դատարանում։ Դրանցից է, օրինակ, Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը։ Դատարանում դեռևս քննվում է «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի հայցը` ընդդեմ Տարածքային կառավարման նախարարի հրամանի: Այնտեղ, սակայն, «Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ-ն հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու հայտ է ներկայացրել ՇՄՆ։

«Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն էլ ուզում է շահագործել Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրը, որի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը «Վայք գոլդ» ՍՊԸ-ն նույնպես վիճարկում է դատարանում։

Մի քանի տնտեսվարողներ դիմել են նաև Երևանում Սպանդարյանի բազալտի նույն հանքավայրը շահագործելու համար։ Մասնավորապես, «Տրավ սթոուն գրուպ» ՍՊԸ-ն նույն տարածքում է ուզում ընդերքօգտագործում իրականացնել, որի համար դիմել էր նաև «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն։ Ընդ որում` տարածքում ընդերքօգտագործում իրականացնելու իրավունքը տրվել էր «Մեգերյան» ՍՊԸ-ին, ով դատարանում վիճարկում էր ընդերքօգտագործման դադարեցման Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հրամանը: Ընկերությունն արդեն որոշակի հաջողություն է գրանցել, Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու՝ նախարարի հրամանը։

Լիլիա Շուշանյանը պարզաբանեց, որ տնտեսվարողը կարող է դիմել և Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հայտը, նույնիսկ ստանալ դրական եզրակացություն, բայց լիազոր մարմինը, այն է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, միևնույն է, լիցենզիա չի տրամադրի տվյալ տնտեսվարողին, մինչև չլինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

«Նույն տնտեսվարողների նախաձեռնությամբ ընդունվեց այս մասը, որովհետև քննարկումներ տեղի ունեցան և տնտեսվարողներն ասացին՝ մեզ մի զրկեք դիմելու հնարավորությունից, թողեք մենք այդ գործընթացն անցնենք, դա իրենց ռիսկն է։ Կարող է դրական ՇՄԱԳ տրվել, բայց լիցենզիա չի կարող ստանալ, և այդ պրոցեսը կարող է առավելագույնը մեկ տարի տևել, որպեսզի լինի նաև ՇՄԱԳ օրենքին համահունչ»,- մանրամասնեց Լիլիա Շուշանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter