HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարությունն ուզում է, որ կանոնավոր եւ չարտերային թռիչքների իրավունք տա ոչ թե կոմիտեն, այլ նախարարությունը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ավիացիայի մասին» օրենքում, որոնցով, մասնավորապես, մեծացվելու են այս ոլորտում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) եւ նախարարի լիազորությունները:

Առանցքային փոփոխություններից են թռիչքային թույլտվություններին վերաբերող կետերը:

Ընթերցողին հիշեցնենք, որ «Ավիացիայի մասին» օրենքով մեր երկրում ավիացիոն ոլորտը տարանջատված է 2 տեսակի՝ քաղաքացիական ավիացիայի եւ պետական ավիացիայի: Գործող օրենքում, ի տարբերություն նախկինի, պետական ավիացիայի սահմանում տրված չէ, սակայն որպես այդպիսին պետք է հասկանալ պետական մարմիններին (օրինակ՝ ՊՆ, ոստիկանություն, ԱԻՆ, կառավարական այլ մարմիններ) ենթակա ավիացիան: Բացի ռազմական ավիացիայից, որը ՊՆ-ի տիրույթն է, մնացած պետական ավիացիան, ինչպես եւ քաղավիացիան կանոնակարգում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ), որը ենթակա է ՏԿԵՆ-ին:

Քաղավիացիան, ինչպես ասվում է օրենքում, ներառում է առեւտրային ավիացիան եւ ընդհանուր նշանակության ավիացիան:

Առեւտրային ավիացիան առեւտրային օդային փոխադրումների համար օգտագործվող ավիացիան է, որը նախատեսված է վճարմամբ կամ վարձակալմամբ ուղեւորների, բեռի եւ փոստի կանոնավոր եւ ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների համար։

«Ավիացիայի մասին» օրենք, հոդված 5

Գործող օրենքով կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) առեւտրային թռիչքների համար իրավունք տվողը ՔԱԿ-ն է:

Կանոնավոր առեւտրային փոխադրումները հրապարակված չվացուցակի համաձայն կամ չվերթերի համակարգված շարք կազմող հաճախականությամբ կամ կանոնավորությամբ եւ վճարի դիմաց իրականացվող չվերթերն են, որոնք բաց են հասարակության կողմից ուղղակի ամրագրման համար, ներառյալ՝ կանոնավոր չվերթերի հետ կապված ուղեւորահոսքի կամ փոխադրաբեռի գերազանցված ծավալների փոխադրման համար հավելյալ չվերթերը:

«Ավիացիայի մասին» օրենք, հոդված 5

Տեղական՝ հայկական կազմակերպությունները կանոնավոր առեւտրային (կոմերցիոն) թռիչքներ կատարելուց առաջ պետք է ստանան հավաստագիր: Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը պաշտոնական փաստաթուղթ է, որն իրավունք է վերապահում վճարմամբ կամ վարձակալմամբ իրականացնելու ուղեւորների, փոստի եւ (կամ) բեռի փոխադրում: ՔԱԿ-ը հավաստագիր ստացած իրավաբանական անձին (օդանավ շահագործողին) վերջինիս հայտի հիման վրա նշանակում է հայտում նշված ուղղություններով կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրող:

Իսկ ահա օտարերկրյա կազմակերպությունները դեպի Հայաստան թռիչքներ կատարելու համար ՔԱԿ-ից ստանում են կանոնավոր առեւտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն, որը նրանց իրավունք է վերապահում իրականացնելու կանոնավոր առեւտրային թռիչքներ դեպի ՀՀ տարածք, տարածքից դուրս եւ տարածքի ներսում: Այլ խոսքերով՝ արտասահմանյան ընկերություններն իրենց երկրների ավիացիոն իշխանություններից նախ ստանում են նշանակումներ՝ կոնկրետ ուղղություններով Հայաստան թռչելու համար (օրինակ՝ Մոսկվա-Երեւան-Մոսկվա), ինչից հետո դիմում են ՀՀ ՔԱԿ-ին, որն իր հերթին տալիս է համապատասխան թույլտվություն:

Եվ հիմա կառավարությունը, որն արդեն ընդունել է օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, ԱԺ-ին առաջարկում է վերը նշված գործառույթները ՔԱԿ-ից փոխանցել ՏԿԵ նախարարությանը:  

Գործադիրը դա հիմնավորել է այսպես. «Կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրամադրումը, ինչպես նաեւ կանոնավոր առեւտրային օդային հաղորդակցությունների իրականացման նշանակումները եւ թույլտվությունը պետք է իրականացնի ՏԿԵՆ-ը՝ որպես ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարություն: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կանոնավոր առեւտրային օդային հաղորդակցությունների իրականացման նշանակումները եւ թույլտվությունը տրամադրվում են օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրերի հիման վրա եւ անմիջապես կապված են կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ»:

Կանոնավոր առեւտրային թռիչքներից բացի՝ գոյություն ունեն նաեւ ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքներ:

Ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումները ներառում են առեւտրային պատվերով փոխադրումը, որը ներառում է օդային տաքսի ծառայությունը եւ գործարարական ավիացիան:

«Ավիացիայի մասին» օրենք, հոդված 5

Ոչ կանոնավոր թռիչքների համար թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ընկերությունները պարտավոր են ձեռք բերել թույտվություն, իսկ տվողը, համաձայն գործող օրենքի, կրկին ՔԱԿ-ն է: Ոչ կանոնավոր առեւտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները պաշտոնական փաստաթղթեր են, որոնք իրավունք են վերապահում ՀՀ եւ օտարերկրյա օդանավ շահագործողներին իրականացնելու ոչ կանոնավոր առեւտրային թռիչքներ դեպի ՀՀ տարածք, տարածքից դուրս եւ տարածքի ներսում:

Այս դեպքում եւս կառավարությունն առաջարկում է ՔԱԿ-ի գործառույթը հանձնել վերադաս նախարարությանը:

Հատկանշական է, որ կառավարությունը ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքային թույլտվություններ տալու լիազորությունը թողել է ՔԱԿ-ին:

Ընդհանուր նշանակության ավիացիան ներառում է ոչ առեւտրային գործարարական ավիացիան, ուսումնական թռիչքների համար օգտագործվող ավիացիան, անձնական թռիչքները, հատուկ ավիացիոն աշխատանքներ իրականացնող ավիացիան, ներառյալ՝ գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային եւ այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող ավիացիան։ Ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները կարող են իրականացվել վճարի դիմաց։

«Ավիացիայի մասին» օրենք, հոդված 5

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter