
1444 պահեստազորայինի մասնակցությամբ եռամսյա վարժական հավաքներ կանցկացվեն
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 1444 քաղաքացու։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Հավաքներին ներգավելիք 1444 պահեստազորայիններից 1249-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 65-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 130-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական ինժեներական) և հրթիռահրետանային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։
Ինչպես նշված է որոշման նախագծում, երեք ամիս ժամկետով՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 140 միավոր տրանսպորտային միջոց:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ անհրաժեշտության դեպքում վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինները կներգրավվեն նաև մարտական հերթապահությունում։
Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։
Հիշեցնենք, որ 2022թ․ ընթացքում սա կլինի պաշտպանության նախարարության հայտարարած արդեն երրորդ վարժական հավաքը։ Այս տարվա ընթացքում առաջինը կազմակերպվել է ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ 724 քաղաքացու մասնակցությամբ, իսկ երկրորդը՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը՝ 1400 պահեստազորայինի ներգրավմամբ։
Հավելենք, նախագիծն օրինական ուժ կստանա կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Մեկնաբանել