
Ապրիլի 1-ից հունիսի 30-ը 1400 պահեստազորային կներգրավվի վարժական հավաքներում
Պաշտպանության նախարարությունը մտադիր է 2022թ․ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել, որին նախատեսվում է ներգրավել 1400 քաղաքացու։ Կառավարության այս որոշման նախագիծը պաշտպանական գերատեսչությունը ներկայացրել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
Հավաքներին ներգրավվելիք 1400 քաղաքացիներից 1205-ը կլինեն կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Ինչպես նշված է որոշման նախագծում, վարժական հավաքների ապահովման համար երեք ամիս ժամկետով 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 136 միավոր տրանսպորտային միջոց:
Որոշման նախագծում ասվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են 2022 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ պահեստազորայինների հավաքներ անցկացնելու մասին ևս մեկ որոշման նախագիծ ներկայացվել էր երկու օր առաջ՝ փետրվարի 9-ին։ Այդ հավաքները նախատեսվում է հայտարարել ապրիլի 15-ից հունիսի 15-ը և ներգրավել 724 քաղաքացու։
Արցախյան 2020թ․ պատերազմից հետո սրանք կլինեն պահեստազորայինների արդեն 6-րդ վարժական հավաքները։ Երեք հավաք եղել է 2021 թվականին։ Առաջինը հավաքները հայտարարվել էին 2021թ․ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը՝ 2169 քաղաքացու ներգրավմամբ, երկրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 869 պահեստազորայինի մասնակցությամբ, երրորդը՝ նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 18-ը 202 քաղաքացու ներգրավմամբ։ Չորրորդ հավաքները՝ 65 պահեստազորայինով, մեկնարկել են 2022թ․ հունվարի 15-ին և շարունակվելու են մինչև ապրիլի 15-ը։
Այսօր հրապարակված որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Մեկնաբանել