HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

724 պահեստազորայինի մասնակցությամբ երկամսյա վարժական հավաքներ կանցկացվեն

Պաշտպանության նախարարությունը մտադիր է 2022թ․ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել, որին նախատեսվում է ներգրավել 724 քաղաքացու։ Կառավարության այս որոշման նախագիծը պաշտպանական գերատեսչությունը ներկայացրել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Հավաքներին ներգրավվելիք 724 քաղաքացիներից 566-ը կլինեն կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:  

724 պահեստազորայիններից 469-ը կլինեն կլինեն հրթիռահրետանային մասնագիտություն ունեցողները։ Կներգրավվեն նաև մոտոհրաձգային, հետախուզական, ինժեներական, տեխնիկական և թիկունքային մասնագիտացմամբ պահեստազորայիններ։

Որոշման նախագծում ասվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են 2022 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Հիշեցնենք, որ Արցախյան 2020թ․ պատերազմից հետո սրանք կլինեն պահեստազորայինների 5-րդ վարժական հավաքները։ Երեք հավաք եղել է 2021 թվականին։ Առաջինը հավաքները հայտարարվել էին 2021թ․ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը՝ 2169 քաղաքացու ներգրավմամբ, երկրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 869 պահեստազորայինի մասնակցությամբ, երրորդը՝ նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 18-ը 202 քաղաքացու ներգրավմամբ։ Չորրորդ հավաքները՝ 65 պահեստազորայինով, մեկնարկել են 2022թ․ հունվարի 15-ին և շարունակվելու են մինչև ապրիլի 15-ը։

Այսօր հրապարակված որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter