HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Հովհաննիսյան. «Երբ պատեհ պահը գա, վարչապետն ընդդիմադիրների ներկայությամբ կասի իր ասելիքը»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չգիտի, թե ինչ գաղտնիք էր ուզում բացահայտել վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին: Փաշինյանը հայտարարեց, որ կարևոր բացահայտում է անելու, սակայն ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը, ինչից հետո Փաշինյանը բացահայտումը չարեց:

«Տեսաք, որ վարչապետն ասելիք ուներ ընդդիմադիրներին, ընդդիմադիրներն, այդ փաստով պայմանավորված, միանգամից փախան դալիճից, որովհետև, ըստ էության, ճշմարտությունից մշտապես փախել է ընդդիմությունը, և սա էլ բացառություն չէր»,-խորհրդարանական ճեպազրույցներին ասաց պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց վարչապետի խոսքերը, թե իր բացահայտումը կանի՝ նայելով ընդդիմադիրների աչքերին:

«Երբ պատեհ պահը գա, վարչապետը կասի իր ասելիքն ընդդիմադիրների ներկայությամբ»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով՝ ընդդիմության նպատակը ոչ թե Արցախը փրկելն է, այլ՝ իշխանության զավթման անհաջող փորձը:

«Իրենք կոչեր են հնչեցնում, կենացներ Արցախի փրկության մասին, բայց մենք տեսնում ենք իրականությունը, որը կա Երևանում: Արցախի դրոշ տեղադրելով՝ իրենք չեն կարող Արցախը փրկել, և նրանց նպատակը բոլորովին այլ է»,- ասում է իշխանական պատգամավորը:

Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ իշխանությունը բազմիցս է երկխոսության ձեռք մեկնել ընդդիմությանը, առաջարկել ծանոթանալ փաստաթղթերին, տեղեկատվությանը, որոնք հնարավոր չէ հրապարակային հնչեցնել, սակայն ընդդիմության արձագանքը միշտ այնպիսին է, ինչպես երեկ:

«Ընդդիմությունը, ինչպես և նախորդ դեպքերում, փախել է ճշմարտությունից, որովհետև եթե ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց և ծակ բաժակներով կենացներ ասել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Լրագրողի դիտակմանը, որ երեկ խորհրդարանում լուսաձայնային նռնակներ էին տեղադրվել, ԱԺ բակում բազմաթիվ ԱԱԾ-ականներ կային, այդ թվում՝ դիպուկահարներ, արդյոք այդպե՞ս է Փաշինյանը խոնարհվում ժողովրդի առջև, Հովհաննիսյանն արձագանքեց.

«Դուք երևի մոռացել եք՝ ինչ է կատարվել երկրում վերջին մեկ տարում, մոռացել եք երևի՝ ինչու փակվեցին ԱԺ դարպասները, ինչ եղավ ԱԺ շենքում, Կառավարությունում նոյեմբերի 9-ին, երևի ԱԺ նախագահի դեմ մահափորձը մոռացել եք… Էդ ամենի ակտիվ մասնակիցներն ու կազմակերպիչները դեռևս կան ու ակտիվություն են ցուցաբերում: ՀՀ-ում ժողովրդավարությունից մի միլիմետր շեղում չի լինելու և ցանկացած ոտնձգություն շատ կոշտ օրենքի պատին է հանդիպելու»:

ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմությունը երեկ եկել էր խորհրդարան՝ մասնակցելու Կառավարության հետ հարցուպատասխանին, սակայն հարցուպատասխանը տապալվեց։ Ընդդիմությունը, չլսելով վարչապետ Փաշինյանի պատասխանը, հեռացավ նիստերի դահլիճից: ԱԺ նիստին զուգահեռ, ԱԺ շենքի հարևանությամբ հազարավոր ցուցարարներ էին հավաքվել և վանկարկում էին` «առանց Նիկոլ Հայաստան»: Օրվա ավարտին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ իշխանություններին հաշված օրեր են մնացել պաշտոնավարելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter