
Փոփոխություններ ՏԻՄ օրենքում՝ Վանաձորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար
Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որը հնարավորություն է տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոշորացված համայնքում և մասնավորապես այս դեպքում Վանաձորում ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ավագանու անդամի: Նախագիծը խորհրդարանին ներկայացրեց համահեղինակ Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ խնդիրը հրատապ է, և կառավարության գործընկերները խնդրել են հրատապ՝ 24-ժամյա ռեժիմում այն ընդունել:
Հովակիմյանը հիշեցրեց, որ ֆորսմաժորային իրավիճակներում օրենքը հնարավորություն է տալիս վարչապետին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել: Օրենքում նշվում է միայն ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջի մասին: Պատգամավորներն առաջարկում են օրենքը փոխել այնպես, որ հնարավորություն լինի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամի:
Ըստ Հովակիմյանի՝ այս փոփոխություններով հնարավորություն են տալիս վարչապետին իր քաղաքական կամքը իրացնելիս լինել անկաշկանդ և նշանակել այն անձին, ում կցանկանա:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 66 կողմ ձայնով: Ընդդիմությունը կրկին չէր եկել խորհրդարան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Վանաձոր խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի հիմնական թեկնածուն Վանաձորի ընտրություններում «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանն է: Դեռևս դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն: Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանը արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում չէր բացառել, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել Արկադի Փելեշյանը:
Մեկնաբանել