
Լիարժեք տվյալներ չկա՞ն անչափաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվողին հետախուզելու համար
Մարտի 19-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա 4 հասցեի 20-ամյա բնակիչ Արամո Ավետյանի և Վրաստանի քաղաքացի ոմն Վասիլիի (աղջկա ասելով՝ Վարուժան) կողմից Լոռու մարզի Աքորի գյուղի անչափահաս՝ 17-ամյա բնակչուհի Մ.Ս-ի նկատմամբ կատարված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քր. գործի նախաքննության ընթացքի մասին «Հետքը» հարցում արեց ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Ալավերդու քննչական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդոլֆ Ստեփանյանին:
«Ոչ ապացույցների և ոչ էլ արարքի որակավորման առումով քր. գործում փոփոխություններ չեն կատարվել»,- ասաց Ռ. Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ նախաքննող մարմինը Արամո Ավետյանի և մյուս անձի դեմ քրեական գործ է հարուցել ՀՀ քր.օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Ռուդոլֆ Ստեփանյանը նաև հայտնեց, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Կառլեն Սոֆյանի վարձակալված, Ալավերդու Սայաթ-Նովա 4 շենքի 6-րդ հարկի բնակարանը, որտեղ Արամո Ավետյանի և ոմն Վարուժանի կողմից սեռական բնույթի բռնությունների է ենթարկվել անչափահաս Մ.Ս.-ն, հանձնվել է բնակարանի սեփականատիրոջը:
«Մենք քննությամբ չունենք ապացույցներ, որ այդ բնակարանը հանցագործության որջ է եղել: Բնակարանը կարճ ժամանակամիջոց է վարձակալված եղել, իսկ որջ հասկացությունը տևական պրոցես է»,- ասաց Ռուդոլֆ Ստեփանյանը:
Արամո Ավետյանի դեմ քր.գործը կարճելու հեռանկարի մասին Ռուդոլֆ Ստեփանյանը ասաց. «Գործը կարճելու ապացույցներ չկան»:
Մ.Ս-ի նկատմամբ սեռական բնույթի բռնություններ կատարած 2-րդ անձի՝ Վարուժանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ընթացքի մասին Ռուդոլֆ Ստեփանյանը հայտնեց. «Մենք անձի վերաբերյալ լիարժեք տվյալներ չունենք, որն էլ հետախուզում չհայտարարելու պատճառ է դարձել»:
Հիշեցնենք, որ «Հետքի» նախորդ՝ ապրիլի 12-ի հրապարակման մեջ Ռուդոլֆ Ստեփանյանը հայտնել էր. «Նախաքննող մարմինը պարզել է նաև աղջկան սեքսուալ բնույթի բռնության ենթարկած 2-րդ անձի ինքնությունը: Նա ՀՀ քաղաքացի չէ, և Թումանյանի քննչական բաժանմունքում արդեն նյութեր են նախապատրաստվում նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար»:
Հիշեցնենք նաև, որ «Հետքի» մարտի 19-ի հրապարակումից հետո Արամո Ավետյանի նկատմամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինվեց քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, որից հետո Արամո Ավետյանը հայտնվեց ազատության մեջ:
«Գործը կգնա դատարան: Ժամանակի առումով չեմ կարող ասել, թե երբ կգնա: Մի շարք գործողություններ կան՝ գործն ավարտին հասցնելու համար»,- ասաց Ռուդոլֆ Ստեփանյանը:
Մեկնաբանել