HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Թունյանն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել, կլինկերինը՝ վերացնել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5000 դրամով (մեկ տոննայի համար սահմանել 9000 դրամ), իսկ ներկրվող կլինկերի տուրքը վերացնել: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում:

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին խորհրդարանում ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն` ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 000 դրամ պետական տուրք: Պատճառն այն էր, որ 2018-ին իրանական ցեմենտի գնի կտրուկ նվազման հետևանքով ներկրման ծավալները 2017-ի համեմատությամբ 3.5 անգամ աճել էին:

Ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ էին առաջացրել: Եւ ինչպես հայտարարում էին օրենքը ներկայացնող կառավարության ներկայացուցիչները, ինչպես նաև իշխանական պատգամավորները, այդ փոփոխությունները տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով էին իրականացվում:

Ի դեպ, այս նախագծի քննարկմանը ելույթով էր հանդես եկել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա, խոսելով իրանական ցեմենտի մասին, ասել էր.

«Ասում են` պարսկական ցեմենտը ավելի որակյալ ա: Տո, ձեր ցավը տանեմ, բա որ պարսական ցեմենտն ավելի որակյալ ա, ո՞նց ա որ բոլորը կարգադրություն են արել՝ բալկաները հանկարծ պարսկականով չանեք: Պարսկական ցեմենտի առավելությունն էն ա, որ գիպսը մեջը շատ ա, սվաղչիների համար ավելի շուտ ա ցեխը չորանում, թե չէ` ցանկացած ներկրող իր տան համար մեզնից ա ցեմենտը տանում»:

Գագիկ Ծառուկյանն այսպես է արձագանքել իմքայլական Հայկ Սարգսյանին, որն ասել էր, թե ավելի լավ է Իրանից էժան ցեմենտ ներկրվի, ինչի արդյունքում ընդհանուր շինարարությունը կէժանանա, նույնիսկ եթե 400 աշխատակից ունեցող տեղական գործարանը փակվի:

2021 թվականի մայիսին ցեմենտի և կլինկերի ներկրումը օրենսդրորեն համարվեց լիցենզավորվող գործունեություն, ցեմենտի ներկրման համար տուրքի չափը մնաց անփոփոխ, կլինկերի համար սահմանվեց 2 000 դրամ՝ 1 տոննայի համար:

Պատգամավոր Թունյանն իր հեղինակած նախագծում որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որոնք նրան հիմք են տվել հայտարարելու, որ 2019 թվականին ընդունված կարգավորումները իրենց նպատակին ծառայել են:

Ըստ նախագծի՝ ցեմենտի սպառումը (արտադրություն + ներմուծում) էապես աճել է՝ 2019 թվականի 797 հազարի դիմաց՝ 2020 թվականին հասել է 865 հազար տոննայի, 2021 թվականին՝ մոտեցել 900 հազար տոննային: 2019 թվականին ցեմենտի արտադրությունը կազմել է 590 հազար տոննա, 2020-ին՝ 715 հազար տոննա, 2021-ին՝ 853 հազար տոննա: Այսինքն՝ 2 տարում արտադրությունն աճել է 44%-ով:

«Արտադրության մեջ աճն ապահովվել է, պայմանական ասած, ավանդական արտադրողների՝ Արարատցեմենտի և Հրազդանցեմենտի հաշվին: Այս 2 ընկերությունները միասին 2021 թվականին արտադրել են 724 հազար տոննա ցեմենտ՝ 2019 թվականի 464 հազար տոննայի և 2020 թվականի 616 հազար տոննայի դիմաց: Երկու տարում աճը կազմել է 56%»,- նշվում է նախագծում:

Ինչ վերաբերում է կլինկերի արտադրության ծավալներին, ապա 2019-ին ներկրված կլինկերից արտադրվել է 126 հազար տոննա ցեմենտ, 2021-ին՝ 128 հազար տոննա: Ընդ որում՝ 2020 թվականին այս տարբերակով ցեմենտի արտադրությունը նվազել է մինչև 100 հազար տոննա՝ պայմանավորված կլինկերի ներկրման արգելքով:

2019 թվականին ներմուծվել է 207 հազար տոննա ցեմենտ, 2020 թվականին ներմուծումը նվազել է մինչև 150 հազար տոննա, իսկ 2021-ին՝ ընդամենը 44 հազար տոննա:

Պատգամավորը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ երեք տարի առաջ ներմուծվող ցեմենտի տուրքի չափը հաշվարկվել էր այնպես, որ մի կողմից պետությունը պաշտպաներ տեղական արտադրողներին, մյուս կողմից պայմաններ ստեղծեր ցեմենտի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Ըստ նրա՝ տուրքի նպատակը հավասարակշիռ վիճակ ստեղծելուն նպաստելն էր, որ տեղական ցեմենտը կարողանա մրցակցել ներմուծվողի հետ, սակայն չկլանելով շուկան և ներմուծումն ամբողջությամբ չարգելելով:

Սական այժմ գործող կարգավորումներն, ըստ Բաբկեն Թունյանի, չեն համապատասխանում առկա իրողություններին,  քանի որ 2021-ի երկրորդ կիսամյակից սկսած՝ իրանական ցեմենտի և կլինկերի գինն Իրանում աճել է: Ավելացել են ցեմենտի տեղափոխման ծախսերը 2-2.5 հազար դրամով (սահմանից մինչև Երևան և հարակից շրջաններ): Իրանում սահմանվել է կլինկերի արտահանման տուրք՝ 1կգ-ի համար 3 դոլարի չափով:

Այսպիսով, ըստ նախագծի հեղինակի, տեղի է ունեցել պետական տուրքի սահմանման հիմնական նպատակներից մեկից շեղում, որը տանում է շուկայի կենտրոնացման և ցեմենտի գնի աճի: Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է ցեմենտի մանրածախ և մեծածախ գնի աճ՝ 10-15 տոկոսով, իսկ տուրքի չափերը չվերանայելու դեպքում խորանում է ցեմենտի շուկայի հետագա գերկենտրոնացման ռիսկը:

«Սա ոչ միայն թանկացնում է մասնավոր կառուցապատումը, այլեւ խնդիրներ է առաջացնում շինարարության ոլորտում արդեն իսկ կայացած պետական մրցույթների հետ կապված (երբ ցեմենտի և այլ շինանյութերի թանկացման հետևանքով իրական ծախսերը շեղվում են նախահաշվային արժեքներից): Բացի այդ, ցեմենտի տուրքի՝ արդյունավետից բարձր մակարդակը ավելացնում է պետական բյուջեի ծախսերը շինարարության գծով, ինչը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով, որ այս տարվա բյուջեով նախատեսվում է իրականացնել աննախադեպ ծավալով՝ 350 մլրդ դրամի կապիտալ ծախսեր»,- նշվում է նախագծում:

Նախագիծը շրջանառության մեջ է դրվել մայիսի 11-ին, սակայն լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելու համար նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter