HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունը որոշեց Թալինում անցկացնել արտահերթ ընտրություններ. արդեն ծախսվել էր 34 մլն դրամ

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց վաղաժամկետ դադարեցնել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Կառավարությունն առաջարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը:

Հիմնավորումներում նշված էր, որ 2022թ. փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:

Օրեր առաջ «Հետք»-ը գրել էր, որ Թալինում ստեղծված իրավիճակը հանգեցնելու է արտահերթ ընտրությունների:

Թալին խոշորացված համայնքի կազմում 29 բնակավայր կա։ Խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունները կայացել էին 2021թ. դեկտեմբերի 5-ին: Ընտրություններին մասնակցել էր 4 քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական, «Հայք» լիբերալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը:

Ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ մեծամասնություն չէր դարձել, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ էր ստեղծվել: Ամենաշատ քվեները ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5037 ձայն կամ 46.63%:

Ավագանու 21 մանդատից 10-ը բաժին էր հասել ՔՊ-ին, բայց քանի որ չուներ մեծամասնություն /պետք է ունենար առնվազն 11 մանդատ/, այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ մյուս քաղաքական ուժերի հետ, և ավագանու նիստերը տապալվեցին:

Դեկտեմբերի 5-ի ընտրությունների ժամանակ, ըստ ԿԸՀ-ի տրամադրած տեղեկատվության, ծախսվել էր մոտ 34 մլն 649 հազ. դրամ: Թալինում ձևավորվել էր 32 տեղամասային ընտրական հանձնաժողով:

2021թ. դեկտեմբերի 17-ին հրավիրված ավագանու նիստի ժամանակ «Զարթոնք» խմբակցությունը որոշել էր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության Թալին համայնքի ավագանու անդամների ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած Մնացական Մնացականյանին առաջադրել Թալին համայնքի ղեկավարի թեկնածու: Սակայն, Մնացական Մնացականյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ հայտարարելով, որ պաշտպանելու է «Հայք» խմբակցության թեկնածուին:

«Հայք» խմբակցությունն էլ որոշել էր կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած Կարեն Գրիգորյանին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ նրա հրաժարվելու դեպքում՝ Դավիթ Մանուկյանին առաջադրել թեկնածու: Կարեն Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել: Առաջադրվել էր Դավիթ Մանուկյանի թեկնածությունը: Իսկ ՔՊ կուսակցության ցուցակով ընտրված Սերգեյ Մկրտչյանն էլ առաջադրել էր կուսակցության առաջին համարը զբաղեցնող Տավրոս Սափեյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքներով Տավրոս Սափեյանը ստացել էր 11 ձայն, իսկ «Հայք» խմբակցության առաջադրած համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն: Իշխանական թեկնածուի օգտին քվեարկել էր «Հայք» խմբակցության առաջին համարը զբաղեցնող Կարեն Գրիգորյանը: Հենց նրա ձայնն էր որոշիչ եղել իշխանական թեկնածուի ընտրվելու հարցում: Դրանից հետո Կ. Գրիգորյանը հրաժարվել էր ավագանու անդամի մանդատից:

Դեկտեմբերի 20-ին հրավիրվել է ավագանու նիստ՝ համայնքապետի երդման և լիազորությունները ստանձնելու օրակարգով: Սակայն նիստին մասնակցել են ավագանու միայն ՔՊ խմբակցության 10 անդամները: Նույնը կրկնվել է նաև 2022թ. հունվարի 11-ի նիստին:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:

Հերթական նստաշրջանը սկսվել է 2022թ. փետրվարի 8-ին, իսկ երեք ամիսը լրացել է մայիսի 8-ին: Այս ընթացքում Թալին համայնքի ավագանու ոչ մի նիստ չի կայացել, որոշում չի ընդունվել:

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություն անցկացվեց նաև Արարատի մարզի Վեդի համայնքում: 2021թ. դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պետական բյուջեից ծախսվել էր ավելի քան 33 մլն դրամ: 

2021թ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ Գարիկ Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Վեդիում ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06 %, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 38,21 %, իսկ «Հանրապետությունը»՝ 16,39 %: Քանի որ մեծամասնություն որևէ քաղաքական ուժ չէր կազմում, իսկ կոալիցիա ձևավորել չստացվեց, քանի որ բոլոր տարբերակներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սանիկը՝ Գարիկ Սարգսյանը, պետք է դառնար համայնքապետ, իշխանությունները որոշեցին գնալ նոր ընտրությունների ճանապարհով:

2021թ. դեկտեմբերի 16-ին թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու անդամի թեկնածուների գրանցումը: Վերջիններս ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել՝ նպատակ ունենալով Վեդիում անցկացնել նոր ընտրություններ:

2022թ. մարտի 27-ին անցկացվեցին ավագանու արտահերթ ընտրություններ և համայնքի ղեկավար ընտրվեց Գարիկ Սարգսյանը:

Գլխավոր լուսանկարում՝ Տավրոս Սափեյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter