HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանաձորում ճգնաժամը հաղթահարված չէ. «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը» բոյկոտում են ավագանու նիստերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել, սակայն համայնքային կառավարման առումով նշանակումը որևէ դեր չի ունեցել: Վանաձորի ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած «Ասլանյան դաշինքը» (15 մանդատ) հայտարարել է ավագանու նիստերը բոյկոտելու մասին: «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը ևս հայտնել է բոյկոտին միանալու մասին (2 մանդատ): Մյուս ուժերը` ՔՊ-ն, ՀԱՍԿ-ը և «Ապրելու երկիրը» միասին ունեն 16 մանդատ, հետևաբար այս երեք ուժերով նրանք չեն կարող քվորում ապահովել (մանդատների ընդհանուր թիվը 33 է), իսկ «Լուսավոր Հայաստանի» դատական վեճը դեռ լուծված չէ:

«Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արտավազդ Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց` չեն նույնականանում որևէ ուժի հետ, երբ ավագանու նիստի նախաձեռնություն է եղել, մասնակցել են՝ անկախ նրանից, թե որ ուժն է այն հրավիրել:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է, մեզ համար նորմալ է ու ընդունելի, երբ ՏԻՄ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների արդյունքում: Սա, չգիտեմ, միգուցե ստիպված որոշում է եղել կառավարության կողմից (նկատի ունի համայնքապետի ժ/պ-ի նշանակումը-հեղ.): Մեզնից ինչ կախված է, մենք անելու ենք, որ քաղաքի համար ինչ-որ գործ արվի, բայց փաստացի վեց ամիս է ավագանու ինստիտուտն անգործության է մատնված: Մեր պատկերացմամբ, պետք է օր առաջ նոր ընտրություններ լինեն, որ ժողովրդավարական ինստիտուտի հենքի վրա իշխանություն ձևավորվի»,-ասաց նա:

Նշենք, որ մինչ այժմ ավագանու որևէ նիստ չի գումարվել: Ավագանու առաջին նիստը պետք է համայնքապետի ընտրման օրակարգով լիներ, սակայն քանի որ կա դատական վեճ, և դատարանը համայնքապետի ընտրության վրա արգելանք է դրել, նման օրակարգով նիստ չի գումարվել: Բացի այդ` «Ասլանյան դաշինքի» նախաձեռնած նիստերը տապալվել են քվորում չլինելու պատճառով. ՔՊ-ն և ՀԱՍԿ-ը չեն մասնակցել:

Փաշինյանը մայիսի 13-ին ՀԱՍԿ-ի ցուցակի առաջին համար Արկադի Փելեշյանին նշանակել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս հայտնի է իր քրեական անցյալով: Ընտրություններին նրա օգտին քվեարկել էր 4809 քաղաքացի:

Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր «Ասլանյան դաշինքը», սակայն չէր ձևավորել մեծամասնություն:

Ընտրությունների ավարտից օրեր անց դաշինքի առաջնորդ, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Նա մեղադրվում է համայնքապատկան հողերի նշանակության փոփոխության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Ասլանյանը, սակայն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ընտրությունների արդյունքների վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանը արգելանք է սահմանել, որի համաձայն՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել:

Նշենք, որ ընտրություններին մասնակցել էր 33 199 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 36.01%-ը: 62 215 ընտրող չէր մասնացել ընտրություններին: 12 810 ընտրող քվեարկել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքի և, մասնավորապես, Մամիկոն Ասլանյանի օգտին, 8295 ընտրող՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի օգտին և 4809 ընտրող` ՀԱՍԿ-ի առաջնորդ Արկադի Փելեշյանի օգտին: Ի դեպ, վերջինս 2016 թվականրի ընտրություններին մասնակցում էր «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով:

Ստեղծված իրավիճակին կալանավայրից անդրադարձել է նաև Մամիկոն Ասլանյանը` նախ դատապարտելով ՏԻՄ օրենքի` քաղաքական մեծամասնության ընդունած վերջին փոփոխությունները, ապա հայտարարելով, որ իր գլխավորած դաշինքը չի մասնակցելու որևէ ապօրինության և ինքը տեր է կանգնելու ստացած յուրաքանչյուր քվեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter