
Արտահերթ նիստով ընդդիմությունն արձանագրում է, թե ով է երկրում իշխանությունը. ՔՊ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեռ չեն հստակեցնում՝ ընդդիմության հրավիրելիք արտահերթ նիստին կմասնակցե՞ն, թե ոչ:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցին ասացին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Ծովինար Վարդանյանը:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական աշխատանքը բոյկոտող ընդդիմությունը մտադիր է արտահերթ նիստ հրավիրել:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ քանի դեռ հայտնի չէ նիստի օրակարգը, չեն կարող դիրքորոշում հայտնել:
«Երբ նիստի օրակարգի նախագիծը շրջանառության մեջ լինի, այդ ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա:
Ծովինար Վարդանյանը, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, թե՝ «եթե տղա են, թող գան մասնակցեն նիստին», ասաց. «Ինչպես տեսնում եք, ես տղա չեմ, և եթե Իշխան Սաղաթելյանը տղա է, ո՞ւր է այս ժամանակահատվածում, նաև ո՞ւր էր այն օրը, երբ խորհրդարանական մեծամասնությունը ծափողջույններով ճանապարհեց իր ընկերներին, որտե՞ղ էր Իշխան Սաղաթելյանը»:
Ապրիլի 4-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, երբ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, բոյկոտն ընդհատելով, եկել էին խորհրդարան, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը գործընկերների հետ չէր, նա և Արթուր Վանեցյանն ակցիա էին իրականացնում ԱԺ դարպասների մոտ:
Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց՝ ընդդիմության պարտականությունն է գալ խորհրդարան, մասնակցել նիստերին։ Ապա հավելեց՝ արտահերթ նիստ հրավիրելու համար նախ պետք է գլխադասային հանձնաժողովի նիստ հրավիրվի, այնուհետև՝ խորհրդի նիստ, որտեղ օրակարգը կհաստատվի:
«Երեք հանձնաժողովում նախագահում է ընդդիմությունը, այդ թվում՝ տնտեսական հարցերի: ԱԺ փոխխոսնակը, որն ի պաշտոնե կոչված է ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը, ոչ միայն չի կատարում իր գործառույթները, այլև խոչընդոտում է: ԱԺ ամբիոնն ընդունված է համարել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը, մեծագույն շռայլություն է ունենալ այդ ամբիոնը և ամբողջովին հրաժարվել դրանից: Քաղաքացին կարող է հարց տալ ընդդիմությանը՝ մենք ձեզ լիազորել ենք, որ կարողանաք օգտագործե՞լ այդ քաղաքական ամբիոնը, թե՞ ձախողել ձեր ստանձնած առաքելությունը»,- ասաց Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ ընդդիմությունն ինքն է որոշում հետագա անելիքները՝ կվերադառնա խորհրդարան՝ շատ լավ, ոչ՝ թող ընտրողն ինքը որոշի՝ ում հետ գործ ունի: Նա նաև ընդգծեց՝ իր համար ընդդիմության քաղաքական օրակարգն անհասկանալի է:
«Մի բան է ինձ համար հստակ՝ ամեն անգամ, որ գոռում եք «Հայաստան առանց էսինչ էթնիկ խմբի ներկայացուցչի», Ադրբեջանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի միջազգային դատարանում նոր, արհեստածին ինչ-որ փաստաթուղթ են դնում իրենց հայցի մեջ՝ սրանով իսկ վնասեով թե՛ մեր հայցի ճակատագիրը, թե՛ հնարավոր առավել բարենպաստ լուծումները կարգավիճակի հացում: Էն, ինչ արվում է, հակապետական գործողություն է, ես ևս մեկ անգամ հորդորում եմ դադարեցնել նման կարգի կոչերը»,- ասաց նա:
Արթուր Հովհաննիսյանն էլ կոչ արեց Իշխան Սաղաթելյանին՝ հրաժարվել իր բառամթերքից: Նրա խոսքով՝ առնվազն ծիծաղելի է ՔՊ-ականներից կմ-երով հեռու լինելով՝ նման հայտարարություններ անելը։ Նա կոչ արեց գործընկերոջը գալ խորհրդարան, կանգնել մի քանի մետր հեռավորությամբ ՔՊ-ականների կողքին, այնուհետև կրկնել ավելի վաղ արված հայտարարությունները:
Հովհաննիսյանն անդրադարձավ ընդդիմադիրների ան հայտարարություններին, թե իշխանությանը մի քանի օր է մնացել պաշտոնավարելու: Ըստ նրա՝ արտահերթ նիստ հրավիրելով՝ ընդդիմությունն արձանագրում է, թե ով է երկրում իշխանությունը: Հովհաննիսյանի համոզմամբ՝ ընդդիմադիրների խոսքերի և իրականության միջև խզում կա:
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության գործողությունները քաղաքական գործընթաց չի համարում:
Մեկնաբանել