
Բաքուն պաշտոնապես չի պատասխանել Հայաստանի առաջարկներին. ԱԳ փոխնախարար
Բաքուն Հայաստանի վեցկետանոց առաջարկներին պաշտոնապես չի պատասխանել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Պաշտոնական որևէ պատասխան չենք լսել, դուք գիտեք՝ մամուլում տարբեր շահարկումներ կային, բայց որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ»,-ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով խաղաղության օրակարգի բանակցությունների առնչությամբ առաջարկներ է հղել Ադրբեջանին` այդ կերպ պատասխանելով Բաքվի հինգ կետանոց առաջարկին:
Փոխնախարարի խոսքով` բանակցությունների նպատակն այն է, որ համադրվեն երկու կողմերի մոտեցումները:
«Որքանով դա կհաջողի՝ կերևա բանակցությունների ընթացքից»,-ասաց նա:
Հարցին՝ կա՞, արդյոք, հստակություն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Պաշտոնական հայտարարություններին ծանոթ եք բանակցությունների անհրաժեշտության վերաբերյալ, բայց այս պահին կոնկրետ որևէ օր, որևէ որոշում չկա դեռ: Կողմերի նախնական պայմանավորվածությունը կա, սակայն դեռևս բանակցային փուլում է, այդ թվում` բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»:
ԱԳ փոխնախարարին լրագրողները հարցրին նաեւ, թե արդյոք քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային հետքաշման մասին Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար սահմանային հատվածից։
«Այդ հարցը նույնպես քննարկման փուլում է, գիտեք, որ քննարկումները սկսվել են, և այդ առաջարկը սեղանին դրված է: Մեր միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը, բանակցությունների ընթացքում կտեսնենք»:
Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել բանակցությունների վերաբերյալ լրագրողների հարցերին, սակայն հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում պետք է լիներ դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակներում, որն ադրբեջանական կողմը չեղարկել է:
Մեկնաբանել