HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սերգեյ Լավրով. «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կկայանա առաջիկայում

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան- Ռուսաստան, Թուրքիա, Իրան) երկրորդ հանդիպումը նախապատրաստվում է և կկայանա առաջիկա ժամանակահատվածում։ Այդ մասին չորեքշաբթի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Պայմանավորվել ենք, թե ինչպես հետագայում աշխատենք Հարավային Կովկասում։ Գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» ձևաչափը։ Մենք առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք ընդգծում ենք, որ նրանց միշտ ուրախ կլինենք տեսնել։ Հերթական հանդիպումը նախապատրաստվում է ամենամոտ ժամանակահատվածում։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հայտարարել դրա անցկացման մասին»,- ասել է Լավրովը։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Մյուս երկրները ևս մասնակցել են նախարարների տեղակալների մակարդակով, իսկ Իրանը ներկայացնում էր ԱԳՆ գլխավոր տնօրենը։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ 

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր այս նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter