152 մլն դրամ ոչ նպատակային օգտագործում՝ Covid-19-ի բուժման համար. ՀՊ-ի հաշվեքննությունն ԱԺ-ում վիճաբանության վերածվեց
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկեց Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) հաշվեքննությունը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ առողջապահության նախարարության բյուջետային ծախսերի արդյունավետության վերաբերյալ: Քննարկումը վերածվեց վիճաբանության, միմյանց ուղղված մեղադրանքներ հնչեցին:
Հաշվեքննիչ պալատի նախագահ, ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ հաշվեքննությունն իրականացվել է խորհրդարանի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում ձևավորվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
Հանձնաժողովը դիմել էր ՀՊ-ին՝ հաշվեքննություն իրականացնելու համար: Ջանջուղազյանն իր խոսքում նշեց, որ պալատն առաջադրանք չի ունեցել վերաբերմունք արտահայտել գործընթացի արդյունքների նկատմամբ, հաշվեքննությունը չի տվել պատասխան հարցին՝ արդյունքները ինչ չափով են բավարար համարվում, այլ փորձել է պատասխանել հարցերին, թե արձանագրված արդյունքներն ինչպես են ձեռք բերվել, և այդ ընթացքում ինչպե՞ս են օգտագործվել հանրային ֆինանսները:
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու գործող նախարար Անահիտ Ավանեսյանը վրդովվեցին հաշվեքննության արդյունքներից՝ անհամաձայնություն հայտնելով զեկույցին, որը ներկայացրեց ՀՊ 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը։ Նրա խոսքով՝ համավարակի կանխարգելման և բուժման նպատակով 2020 թվականին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 26.5 միլիարդ դրամ:
«Հաշվեքննության առաջին ուղղությունը եղել է նպատակային արդյունավետության գնահատումը, որի նպատակով ուսումնասիրվել են համավարակի կանխարգելման և բուժման աշխատանքների պլանավորման գործընթացը, ներկայացված հաշվետվությունները և դրանցում արտացոլված տվյալների արժանահավատությունը, իրականացված ծախսերի նպատակային, արդյունավետ լինելը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հաշվեքննություն իրականացնող խումբը եզրահանգել է, որ համավարակի կանխարգելման և բուժման նպատակով համարժեք պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել»,-ասաց Փափազյանը:
Նրա խոսքով՝ հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ, որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել սահմանված հաշվետվության մեխանիզմներ:
ՀՊ-ն արձանագրել է, որ նախարարությունում գործող հաշվապահական հաշվառման ֆունկցիոնալ մեխանիզմի չկիրառման հետևանքով չեն պահպանվել տեղեկատվության համապափակ և ամբողջական հաշվառման սկզբունքները, որը հանգեցրել է մի շարք դեպքերում տեղեկատվության բազմակի հաշվառման, երբեմն էլ՝ ընդանրապես չհաշվառման:
«Հնարավոր չի եղել ձեռք բերված ապրանքների և ծառայությունների քանակական ու ֆինանսական արդյունքների վերաբերյալ համապարփակ ու ամբողջական գնահատական տալ: Վերապրոֆիլավորված ԲԿ-ներին հատկացվել է փաստացի կատարված աշխատավարձի ծախսերից շուրջ 152 մլն դրամով ավելի փոխհատուցում, դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում արձանագրվել են առանց կատարողականի կամ կատարողականից տարբերվող վճարումներ, մեկ պացիենտի մեկ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր»,-ասաց ՀՊ ներկայացուցիչը:
Փափազյանի ներկայացմամբ՝ համավարակի կանխարգելման և բուժման գործընթացի պլանավորման բացակայությամբ պայմանավորված՝ չեն սահմանվել չափելի արդյունքներ, ինչն այդ ուղղությամբ դատողություներ անելու հնարավորություններ չի տվել: Օգտագործված միջոցների մի մասի ուղիղ կապը հայտարարված նպատակի հետ չի բացահայտվել, վերապրոֆիլավորված ու դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում մեկ պացիենտի բուժման միջին արժեքները տարբերվել են:
Արսեն Թորոսյանն ընթերցեց զեկույցից մի հատված, որտեղ նշվում է, որ 2020-ի մարտին, երբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ, պարզվել է, որ լիազոր մարմինը, չունենալով համապատասխան ռազմավարական գործողությունների և համաճարակների կառավարման պլան, կանխարգելման, համաճարակի առանձնահատկությունները հաշվի առնող համարժեք որևէ աշխատանք չի իրականացրել: Ըստ Թորոսյանի՝ այնտեղ կա նաև կեղծիք, քանի որ նշվում է, որ համավարակն աշխարհում տարածվել է 2019-ի վերջերից, ինչն, ըստ նրա, շահարկումների տեղիք կարող է տալ: Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ ոչ մասնագիտական մարմնի կողմից մասնագիտական գնահատականներ են տրվել, որի համար բավարար գիտելիքներ չեն եղել:
«Ենթադրենք՝ 2019-ի տարեվերջը հանեցինք, 2020-ի տարեսկիզբ սարքեցինք, դրանից բովանդակությունը փոխվե՞ց, ռազմավարական պլան ունեցե՞լ ենք համաճարակներին հակազդելու, թե՞ ոչ»,-արձագանքեց Ատոմ Ջանջուղազյանը:
Արսեն Թորոսյանը հակադարձեց՝ ամբողջ տեքստում կարմիր թելով այն գիծն է, որ պալատը տեղեկատվության պակաս է ունեցել, նա հետաքրքրվեց՝ արդյոք տեղեկատվության պակասը լրացնելուն ուղղված գործողություններ չպե՞տք է անեին, թե՞ պակասի հիման վրա դատողություններ անեին:
Նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե կորոնավիրուսի մարտահրավերն իր ընդգրկվածությամբ այնքան մեծ էր, որ բարդ է գնահատականներ տալ արդյունքների վերաբերյալ:
«Այո՛, մենք չէինք պլանավորել քովիդ, չէինք պլանավորել արդյունքային ցուցանիշներ բուժվածների ու վարակվածների, ինչն անհնարին էր: Մենք պլանավորել ենք մեր գործողությունները, թե ինչպես ենք արձագանքելու մարտահրավերին»,-ասաց նա:
Ավանեսյանի կածիքով՝ ՀՊ-ի հաշվեքննության մեջ ոչ ճիշտ գումարում ու հանում են արել, ինչը հանգեցրել է արդյունքային սխալ ցուցանիշների:
Քննարկման վերջում Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ՀՊ-ն չի տեսել առերևույթ հանցագործության որևէ հատկանիշ, պարզապես իր հաշվեքննությունում փաստերի արձանագրումներ է իրականացրել:
Մեկնաբանել