HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը 3 անպատասխան գնդակ ընդունեց Ուկրաինայից

Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրում B դիվիզիոնի առաջին խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը հյուրընկավելիս 0։3 հաշվով պարտություն կրեց Ուկրաինայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Լեհաստանի Լոձ քաղաքկի «Մեյսկի» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ ուկրաինացիների տարածքային առավելությամբ, սակայն ընդգծված խաղային առավելություն նրանք չունեին։ Մեր հավաքականի խաղացողները ապավինել էին արագ հակագրոհներին, սակայն դրանցից ոչ մեկը արդյունավետ հարվածով չեզրափակվեց։ Առաջին 45 րոպեների համար հարկ է ընդգծել Հայաստանի հավաքականի վստահ և կարգապահ խաղը պաշտպանությունում։ Մեր ընտրանու խաղացողները հաջողությամբ դիմակայում էին Ուկրաինայի գրեթե բոլոր գրոհներին։ Դաշտի նոմինալ տերերը երկու հարված կատարեցին Յուրչենկոյի պաշտպանած դարպասին, սակայն վերջինս հաջողությամբ հետ մղեց դրանք։ Ի վերջո, առաջին կեսի ընթացքում գոլեր չեղան և թիմերը գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 49-րդ րոպեին, մեր հավաքականը լավ շանս ստացավ։ Կամո Հովհաննիսյանը ձախ եզրից օգտագործելով իր արագությունը շրջանցեց մրցակցին, ներխուժեց տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց ազատ գոտում գտնվող թիմակցին, սակայն գնդակը վերջինիս չհասավ, քանի որ գնդակի ճանապարհը ոտքով փակեց ուկրաինացիների դարպասապահ Անդրեյ Պյատովը։ Դրանից հետո Ուկրաինայի հավաքականը զգալիորեն ավելացրեց ճնշումը մեր ընտրանու դարպասին և 61-րդ րոպեին բացեց հաշիվը, աչքի ընկավ Ռուսլան Մալինովսկին։ 68-րդ րոպեին Հայաստանի հավաքականը կարող էր պատասխան գնդակը խփել, Սարգիս Ադամյանը եզրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, ուկրաինացիների պաշտպանը գնդակն ուղղեց սեփական դարպասը, սակայն վերջին պահին Պյատովը հեռացրեց գնդակը։

Բաց թողած գոլից հետո Հայաստանի հավաքականի պաշտպանությունը սկսեց մեկը մյուսի հետևից կոպիտ սխալներ թույլ տալ, ինչն էլ ունեցավ իր հետևանքները։ 77-րդ րոպեին Սոլոմոն Ուդոն փորձելով հեռացնել գնդակը հարվածային դիրքի դուրս բերեց Ալեքսանդր Կարավաևին, որն էլ հաշիվը դարձրեց 2։0։ 84-րդ րոպեին հաշիվն արդեն խոշոր դարձավ, այս անգամ էլ պաշտպանությունում սխալվեց Մոնրոյ Արարատը և Վիտալի Միկոլենկոն երրորդ գնդակն ուղարկեց մեր հավաքականի դարպասը։ Սա հանդիպման վերջին գոլն էր։

Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության առաջին տուրում՝ հունիսի 4-ին, Հայաստանի ազգային ընտրանին Երևանում 1։0 հաշվով հաղթել էր Իռլանդիային, իսկ հունիսի 8-ին Գլազգոյում 0։2 հաշվով զիջեց Շոտլանդիային։ Անցկացրած երեք խաղերից հետո վաստակած երեք միավորով Հայաստանի հավաքականն առայժմ զբաղեցնում է B դիվիզիոնի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 14-ին՝ Երևանի Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելով Շոտլանդիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը 20։00-ին է։

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter