HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Շոտլանդիայից

Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրում B դիվիզիոնի 1-ին խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը 1:4 հաշվով պարտություն կրեց Շոտլանդիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Հանդիպման առաջին խաղակեսն անցաց շոտլանդացիների տարածքային առավելությամբ, սակայն խաղով մեր ընտրանու խաղացողները կարելի է ասել չէին զիջում մրցակցին: Մեր հավաքական ապավինել էր արագ հակագրոհներին, որոնցից մեկը խաղի հենց մեկնարկում տվեց իր արդյունքը: 6-րդ րոպեին աջ եզրից Տիգրան Բարսեղյանի ձեռնարկած անցումն ու փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Վահան Բիչախչյանը: Ցավոք, մեր ընտրանու ուրախությունը երկար չտևեց, քանի որ հյուրերը 14-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Սթյուարտ Արմսթրոնգը: 18-րդ րոպեին Խորեն Բայրամյանը ևս մեկ գնդակ ուղարկեց Շոտլանդիայի դարպասը, սակայն մրցավարը չարձանագրեց գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով: Հետագայում խաղն անցնում էր փոխնեփոխ գրոհներով, սակայն թիմերից և ոչ մեկին չէր հաջողվում արդյունքի հասնել: 44-րդ րոպեին խաղի ընթացքը բեկվեց, ոչ խաղային դրվագում մրցակցի դեմքին գլխով հարվածելու համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց մեր ընտրանու պաշտպան Արման Հովհաննիսյանին: Օգտվելով քանակական առավելությունից՝ մրցավարի ավելացրած առաջին րոպեին շոտլանդացիներն առաջ անցան հաշվի մեջ, կրկին աչքի ընկավ Սթյուարտ Արմսթրոնգը:

Երկրորդ խաղակեսում Շոտլանդիայի ընտրանին ամբողջությամբ վերահսկում էր խաղը, իսկ 10 հոգով մնացած Հայաստանի հավաքականը առանձնապես ոչինչ չէր կարողանում ձեռնարկել: 50-րդ րոպեին շոտլանդացիները երրորդ գնդակն ուղարկեցին մեր հավաքականի դարպասը, գոլի հեղինակ դարձավ Ջոն Մաքգինը: 54-րդ րոպեին հաշիվն արդեն խոշոր դարձավ 4:1, աչքի ընկավ Չե Ադամսը: Խաղն հենց այս հաշվով էլ ավարտվեց: Հարկ է նշել, որ խաղի վերջնամասում կրքերը կրկին լարվեցին և մրցավարը այս անգամ էլ դաշտից հեռացրեց Կամո Հովհաննիսյանին:

Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության 1-ին տուրում՝ հունիսի 4-ին, Հայաստանի ազգային ընտրանին Երևանում 1։0 հաշվով հաղթել էր Իռլանդիային, հունիսի 8-ին Գլազգոյում 0։2 հաշվով զիջել է Շոտլանդիային, իսկ հունիսի 11-ին կայացած 3-րդ տուրում մեր ազգային ընտրանին 3 անպատասխան գնդակ է ընդունել Ուկրաինայի հավաքականից։ Այսպիսով, անցկացրած չորս խաղերից հետո վաստակած 3 միավորով Հայաստանի հավաքականը եզրափակում է B դիվիզիոնի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այս տարվա սեպտեմբերի 24-ին՝ Երևանում հյուրընկալելով Ուկրաինայի ընտրանուն։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter