Էմանուել Մակրոնին չի հաջողվել ստանալ խորհրդարանում մանդատների բացարձակ մեծամասնությունը
Ֆրանսիայում նախօրեին կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Համաձայն նախնական տվյալների՝ Էմանուել Մակրոնի գլխավորած «Միասին» դաշինքի ներկայացուցիչները կարող են նոր գումարման խորհրդարանում ստանալ 210-230 մանդատ, այն դեպքում, երբ ընդդիմադիր «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միություն»-ը` 170-190 մանդատ։
Մանդատների այս թիվը որևէ քաղաքի ուժի, այդ թվում՝ նախագահ Մակրոնի դաշինքին, հնարավորություն չի տա խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալ՝ ի տարբերություն նախորդ գումարման Ազգային ժողովի, որտեղ նախագահ Մակրոնի գլխավորած քաղաքական ուժն ուներ ձայների բացարձակ մեծամասնությունը։ Եվ Ինչպես նշում են ֆրանսիացի քաղաքագետները, ֆրանսիական խորհրդարանում սկսվում է փոխհամաձայնությունների ժամանակաշրջանը։
[A DEROULER]
— Agence France-Presse (@afpfr) June 20, 2022
Emmanuel #Macron apparaît isolé, ce matin, au centre d'un paysage politique sens dessus dessous, avec une Assemblée sans majorité claire, dans laquelle son camp recule fortement au profit tant de la gauche que de l'extrême droite ⤵️ #AFP #Législatives2022 pic.twitter.com/lhp1IFq6o3
Ֆրանսիայի ազգային ժողովի ստորին պալատում բացարձակ մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ էր 577 մանդատից ստանալ 289-ը։ Ընտրությունների արդյունքները վկայում են, որ այդպիսի քվոտա չի կարող ունենալ քաղաքական ուժերից և որևէ մեկը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրությունների արդյունքները տոկոսային առումով բաշխվել են հետևյալ կերպ. «Միասին» դաշինք՝ 38,31 %, «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միություն՝ 31,44 %, «Ազգային միավորում»՝ 17,61 %, «Հանրապետականներ»՝ 7,1 %։
Նախագահ Էմանուել Մակրոնի և իշխող քաղաքական ուժի ձախողումը
Այս տվյալները RMC ռադիոկայանի եթերում հաստատել է նաև Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիա Գրեգուարը։ Նա նշել է, որ իշխող դաշինքի խմբակցությունը կշարունակի մնալ խոշորագույնը Ֆրանսիայի խորհրդարանում, սակայն ընտրությունների արդյունքները դարձել են սպասվածից ցածր։
«Մենք պահպանում ենք խորհրդարանում առաջին տեղը։ Սակայն, անկասկած, մենք սպասում և հույս ունեինք, որ արդյունքներն ավելի լավը կլինեն»,- ասել է Գրեգուարը։
Ընդ որում, նա կտրուկ հերքել է իշխող կուսակցության պարտության վերաբերյալ ընդդիմության պնդումները։
«Վերջին ամիսներին ֆրանսիացիները չորս անգամ քվեարկել են ընտրությունների ժամանակ և ամեն անգամ առաջին տեղը տվել նախագահական դաշինքին»,- ընդգծել է Գրեգուարը՝ հիշեցնելով ապրիլին նախագահական ընտրությունների երկու փուլերի և խորհրդարանական ընտրությանների առաջին փուլի մասին։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, որը նախագահ Մակրոնի հետ միասին, քվեարկության հաշվարկին հետևում էր Ելիսեյան պալատից, խորհրդարանում իրավիճակն անվանել է աննախադեպ, սակայն հաստատել, որ կառավարությունը կհարգի քվեարկության արդյունքները։ Ֆրանսիացիներին ուղղված հեռուստաուղերձում Բորնը վստահեցրել է, որ կառավարությունը մտադիր է փոխհամաձայնություններ որոնել խորհրդարանական ընդդիմության հետ։
«Երկուշաբթի օրվանից մենք աշխատանքներ կսկսենք ակտիվ մեծամասնության ստեղծման ուղղությամբ։ Այս ամառվանից մենք ցանկանում ենք կիրառել ուժեղ և կոնկրետ միջոցներ՝ գնողունակությանն աջակցելու ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք շարունակել պաշտպանել ձեզ և ապահովել ձեր անվտանգությունը»,- ասել է վարչապետ Բորնը, որն ընտրություններում հաղթել է Կալվադոս դեպարտամենտում։ Մարգարետ Բորնի խոսքով՝ նախագահ Մակրոնի հետ միասին նրանք նոր երկխոսություն կբացեն ֆրանսիացիների հետ բոլոր տարածքներում։ «Ես հավատում եմ մեր երկրին, մեզ և մեր պատասխանատվության ոգուն»,- եզրափակել է Ֆրանսիայի վարչապետը։
Այդուհանդերձ, որոշ քաղաքագետներ պնդում են, որ սա հենց նախագահ Էմանուել Մակրոնի ձախողումն է, չնայած ապրիլին նախագահական ընտրություններում տարած վստահ հաղթանակին։
«Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միության» առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը ընտրությունների երկրորդ փուլն իշխող կուսակցության համար անվանել է քաղաքական ձախողում։ «Իշխող կուսակցության համար սա բացարձակ անլսելի և անսպասելի իրավիճակ է։ Նախագահական կուսակցության ջախջախումը տոտալ է, և նա չի ստանում (բացարձակ) մեծամասնություն»,- ասել է Մելանշոնը՝ ելույթ ունենալով իր շտաբում։
Նրա կարծիքով՝ ընտրություններին ցածր մասնակցությունը (ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից պակասը) վկայում է այն մասին, որ բազմաթիվ ընտրողներ դեռևս չգիտեն, թե քաղաքական ուժերից որ մեկն ավելի լավ կպաշտպանի իր իրավունքները։ «Նախագահական ընտրություններից հետո բոլոր երեք դաշիքները գտնվում են մոտավոր իրար մոտ։ Այդուհանդերձ, մենք չենք հրաժարվում լինել հենց այն կուսակցությունը, որը կկառավարի երկիրը»,- ասում է Մելանշոնը։
Ժան-Լյուկ Մելանշոնն այս անգամ չէր առաջադրվել ընտրություններին, սակայն նշել է, որ կհավակնի վարչապետի աթոռին։ Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները ընդդիմության համար բացում են «անհավանական հնարավորություններ»։
Ընդդիմություն, որը կարող է մասնատվել
Զուգահեռաբար՝ Եվրախորհրդարանի պատգամավոր, տրանսպորտի նախկին նախարար Տիերի Մարիանին նշում է, որ ձախ կոալիցիայի անդամները դժվար թե պահպանեն իրենց միասնությունը։ «Նրանք, ամենայն հավանականությամբ, կբաժանվեն երեք կամ չորս խմբակցության»,- ասել է քաղաքական գործիչը։
Ներկայումս այդ կոալիցիային անդամակցում են ձախ «Չենթարկվող Ֆրանսիա» շարժումը, որը գլխավորում է Մելանշոնը, Սոցիալիստական կուսակցությունը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը և «Եվրոպա-բնապահպանություն-Կանաչներ» դաշինքը։ BFM հեռուստաընկերության եթերում Մարիանին հայտարարել է, որ վերջապես խորհրդարանը կիրագործի իր դերը։ «Բայց հիմա իշխող դաշինքին փոխհամաձայնություններ անհրաժեշտ կլինեն, և այս շարժումը ճիշտ ուղղության վրա է»,- ասել է Մարիանին։
Լը Պենի կուսակցության բոլոր ժամանակների լավագույն արդյունքը
Ֆրանսիացի քաղաքական վերլուծաբանները «իսկական ցունամի» են անվանում Մարին Լը Պենի կուսակցության հավաքած ձայները։ Նրանց խոսքով՝ աջ պոպուլիստական այս կուսակցությունը շուրջ 10 անգամ մեծացրել է իր ներկայացվածությունը խորհրդարանում՝ ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի։ Հիմա այն կձևավորի սեփական խմբակցությունը, որին կարող է անդամակցել 85-90 պատգամավոր։
Առաջին արդյունքների հրապարակումից հետո, ելույթ ունենալով իր ընտրողների առջև, Լը Պենը հայտարարել է, որ «Ազգային միավորում»-ը «կկարողանա խորհրդարանում ձևավորել իր ողջ պատմության ամենախոշոր խմբակցությունը»։ Լը Պենի խոսքով՝ նրանք կլինեն վճռական ընդդիմություն, «սակայն պատասխանատու և կառուցողական»։ Ինքը՝ Լը Պենը, Պա դե Կալե դեպարտամենտում վերընտրվել է որպես խորհրդարանի պատգամավոր, որտեղ ստացել է ձայների 60 %-ից ավելին։
Ովքեր կհեռանան և ինչ սպասել առաջիկայում
Արդեն այսօր՝ ընտրությունների հաջորդ օրը Ֆրանսիայի վարչապետը կարող է ներկայացնել կառավարության հրաժարականի դիմում, որպեսզի նրա լիազորությունները հաստատվեն կամ դադարեցվեն։ Երկրի ղեկավարը, համաձայն Ելիսեյան պալատի աղբյուրների, կարող է ընդմիջում վերցնել, որպեսզի մտածի կառավարության կազմում փոփոխությունների մասին։ Այնտեղ կարող են ներառվել հավելյալ 10 նոր նախարար-պատվիրակներ և պետական քարտուղարը։
Ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ երեք նախարար չի կարողացել հաղթել ընտրություններում, ինչը նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն հրաժարական տալ։ Ընտրություններում պարտվել է նաև Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանը, որը, հետևաբար, ևս հրաժեշտ կտա իր պաշտոնին։
Trois ministres - Amélie de Montchalin (Transition écologique), Brigitte Bourguignon (Santé) et Justine Benin (Mer)- ont également mordu la poussière #AFP #Législatives2022 pic.twitter.com/2zl82giu0m
— Agence France-Presse (@afpfr) June 20, 2022
Նոր գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա հունիսի 28-ին։ Պատգամավորները կընտրեն խորհրդարանի նոր խոսնակին և նրա տեղակալներին, ինչպես նաև կորոշվի հանձնաժողովների կազմերը, այդ թվում՝ ֆինանսական, որի ղեկավարումը հանձնված է ընդդիմությանը։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ հուլիսի 5-ին խորհրդարանում կառավարության քաղաքականության վերաբերյալ պետք է ելույթ ունենար Մարգարետ Բորնը, սակայն դեռևս վարչապետը չի հաստատել իր այդ պլանները։
Հուլիսի 11-ին էլ նախատեսվում է սկսել խորհրդարանի արտահերթ նիստը, որպեսզի քննարկվի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ուժեղացման նպատակով սանիտարական օրենքի մասին նախագիծը։ Եվս մեկ կարևոր փաստաթուղթ էլ կդառնա գնողունակության պաշտպանության մասին օրենսդրական նախագիծը։ Այն կառավարությունում պետք է քննարկվի հուլիսի 6-ին, իսկ հուլիսի 18-ին փոխանցվի Ազգային ժողովին։ Խորհրդարանականները նաև պետք է քննարկեն արտակարգ բնապահպանական իրավիճակի մասին օրենսդրական նախագիծը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել